Սայլակների ու լսողական սարքերի որակի հարցը լուծեցին հաշմանդամի հաշվին

Սայլակների ու լսողական սարքերի որակի հարցը լուծեցին հաշմանդամի հաշվին

Սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար նախատեսված զանազան սարքավորումների ու հարմարանքների ցածր որակից նրանք բողոքում են տարիներ շարունակ, բայց ո՛չ պետության հաշվին տրամադրվող ականջակալների ու ձեռնափայտերի որակն է լավանում, ո՛չ էլ սայլակների գործածության ժամկետը երկարում։ Դրանք երեք տարին մեկ են փոխվում, բայց, սովորաբար, մեկ տարի հազիվ են ծառայում հաշմանդամին։ Ավելի լավը գնելու համար պետությունը փող չի տալիս, իսկ ինքը չունի եւ ստիպված բավարարվում է եղածով։ Մյուս կողմից՝ հաշմանդամները հույսեր էին կապում պետության խոստացած վաուչերային համակարգի հետ, երբ գումարի մի մասը հաշմանդամն ստանում է բյուջեից, իսկ մնացածը դնում է սեփական գրպանից։



Կառավարությունը չնչին գումար է տրամադրում հավաստագրերի համար
Կառավարության երեկվա նիստում վերջապես ներկայացվեց լսողական սարքերի եւ սայլակների տրամադրման նոր կարգը, որը վերջնական տեսքի բերելու համար սոցապնախարար Արտեմ Ասատրյանը «մի երկու օր» ժամանակ խնդրեց։ Ըստ նոր կարգի, 2018 թվականի հունվարի 1-ից այդ սարքավորումները տրամադրվելու են պետական հավաստագրերի հիման վրա։ Ընդամենը պետք է դիմել սոցապնախարարություն։ Հավաստագրերը տրամադրելու է նախարարության «Հանգրվան» ՊՈԱԿ-ը։ Պետական հավաստագրի արժեքը սայլակի ձեռքբերման համար 95 հազար դրամ է, 30 եւ ավելի բարձր տարիքի հաշմանդամություն կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք մեկ լսողական սարքի համար կստանան հավաստագիր՝ 30 հազար դրամ արժեքով եւ 3 տարին մեկ, իսկ լսողական խնդիրներ ունեցող ավելի բարձր տարիքի անձինք՝ 80 հազար դրամի հավաստագիր, 5 տարի ժամկետով։



Որոշել էին միայն ԱՊՀ արտադրության սարքեր գնել, բայց չստացվեց



Նախկինում՝ 2013 թվականին ընդունված կառավարության որոշմամբ, հաշմանդամներին տրվող լսողական սարքերը պետք է պարտադիր եվրոպական արտադրության լինեին։ Նոր որոշմամբ փորձել են «եվրոպական արտադրության» բառերը փոխել «Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության» բառերով, բայց ՀԿ-ները բողոքեցին։ Մասնավորապես, «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը դիմեց ՏՄՊՊՀ՝ պահանջելով, որ փորձաքննություն անցկացնեն մրցակցային օրենսդրության հիման վրա։ Այս մասին մեզ հայտնեց Երեւանի ավագանու անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Զառա Բաթոյանը։ ՏՄՊՊՀ-ն հուլիսին այս հարցով նիստ է անցկացրել, ու 12-ի դռնբաց նիստում հանձնաժողովը քննարկել է հարցը եւ եկել եզրակացության, որ փոփոխությունները դրական են, բայց նախագծում կան «մի շարք խնդրահարույց դրույթներ»։ «ԱՊՀ երկրների արտադրության կամ համարժեք լսողական սարքերի ձեռքբերման պայմանը հիմնավորված չէ, այն կարող է բացասաբար անդրադառնալ մրցակցության վրա, ստեղծել մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հնարավորություն: ԱՊՀ արտադրության լսողական սարքերին այլ սարքերի համարժեքության գնահատման հարցն անորոշ է եւ այդ սարքերի մատակարարների ընտրության դեպքում կարող է ստեղծել կամայական եւ խտրական մոտեցման հնարավորություն»: Որոշման վերջնական տեքստում ԱՊՀ երկրների արտադրության պահանջը վերացրին, բայց արժեքները նույնը թողեցին։



Ո՞վ է տեսել 95 հազար դրամանոց սայլակ



Հնարավո՞ր է արդյոք 95 հազար դրամով նորմալ սայլակ գնել։ «Ունիսոն» կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը, որն ինքն էլ է սայլակ օգտագործում եւ այս փոփոխությունների նախաձեռնողն է եղել, կառավարությանն առաջարկել է սայլակի համար տրվող հավաստագրի արժեքը գոնե 120 հազար դրամ սահմանել, բայց առաջարկը չի անցել։ «95 հազարով ոչ թե նորմալ, այլ «որոշակի» սայլակ կարելի է գնել, նայած՝ ինչի համար է նախատեսված։ Եթե շատ գեր կամ բոյով չէ մարդը, եթե միայն տանն է օգտագործելու, ապա կկարողանա։ Իսկ եթե ամեն տեղ գնում է, ավելի ամուրն է պետք։ Սայլակը կոշիկի պես ինդիվիդուալ բան է՝ կենսաբանական հատկություններով պայմանավորված։ Կարծում եմ՝ նորմալը գնելու համար գոնե մի 50 տոկոս պետք է ավելացվի։ Բայց ես գոհ եմ։ Իդեալական կլիներ, եթե պետությունն ամեն մարդու իր կարիքներին համապատասխանող սայլակ տրամադրեր, որը, ցավոք, հնարավոր չէ։ Սա ժամանակավոր լուծում է, գոնե քայլ առաջ է։ Լավ է ստանալ որոշակի գումարի հավաստագիր, քան օգտագործման համար անպիտան սայլակ։ Դրանց մեծ մասը մարդիկ չէին կարողանում գործածել»։ «Բարի» ընկերությունը, որը հաշմանդամության պարագաներ է ներմուծում, սայլակները վաճառում է նվազագույնը 150 հազար դրամով։ «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը գտնում է, որ բեռը կրկին մնացել է հաշմանդամի վրա։ Նա ասում է, որ իր կազմակերպությունը 100-150 սայլակ է բաժանել հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող երեխաներին, տարիներ շարունակ աշխատել է այս ոլորտում, բայց 95 հազար դրամանոց սայլակ չի տեսել։ «Գոնե 150-200 հազար դրամ պետք է տան սայլակի համար։ Ընտանիքների 90 տոկոսն անապահով է։ Հիմա ծնողները կվերցնեն այդ հավաստագրերը ու կրկին կսկսեն դիմել ՀԿ-ներին, որ ավելացնեն մնացած գումարը, ու կարողանան սայլակ գնել երեխաների համար»։ Նույնը վերաբերում է լսողական սարքերին։ Նարինե Մանուկյանը հիշեց, որ ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գրիգոր Հարությունյանի որդուն, որն ուղեղի կաթված է ստացել եւ 4-րդ կարգի լսողական խնդիրներ ունի, տարել էին «Արաբկիր» ԲԿ՝ հետազոտման, բժիշկներն առաջարկել էին տեղադրել լսողական սարք, որի արժեքը 900 եվրո է։ «Մինչ այդ երեխային Շուշիում լսողական սարք էին տեղադրել, որը դզզում էր, ցավ ու դիսկոմֆորտ էր պատճառում նրան»,- պատմում է Նարինե Մանուկյանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ