Կառավարության ընդունելությունների տան ուշագրավ սնանկացումն ու վաճառքը

Կառավարության ընդունելությունների տան ուշագրավ սնանկացումն ու վաճառքը

Կառավարության 2017-20 թվականներին վաճառքի հանած 47 պետական գույքի մեջ իր տեսքով եւ բովանդակությամբ առանձնանում է Երեւանի Մաշտոցի 47 հասցեում գտնվող «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն:



Նշված հասցեում ընկերությունն ունի 5727.2 քմ մակերեսով շենք եւ շինություններ, զբաղեցրած հողատարածքը` 13791.52 քմ:



Բավականին ներկայանալի այս կառույցի կանոնադրական գործառույթներն են՝ ՀՀ կառավարության եւ այլ բարձրաստիճան հյուրերի բարձր մակարդակով հյուրանոցային սպասարկման կազմակերպում, ինչպես նաեւ կառավարության եւ այլ պետական կազմակերպությունների լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպում ու անցկացում:



«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն նախկին «Հրազդան-10» ՓԲԸ-ի իրավահաջորդն է, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2007թ. սեպտեմբերի 6-ին կառավարության աշխատակազմից վերապահվեցին էներգետիկայի նախարարությանը:



Ընկերության կանոնադրական կապիտալը 2006թ. կազմում էր 82,652 մլն․ դրամ:



Ընկերությունը նախկինում իր գործունեության արդյունքում ունեցած եկամուտների հաշվին չի ապահովել ընթացիկ ծախսերի մարումը, այլ, հանդիսանալով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություն, մնացած ընթացիկ ծախսերը մարել է համակարգի այլ կազմակերպությունների կողմից տրամադրված լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին: Հիմնարկի բնականոն գործունեությունը հնարավոր է եղել ապահովել միայն նախարարության համակարգի պետական ընկերությունների ֆինանսական աջակցության շնորհիվ` հիմնականում ընկերության շենք-շինությունների վերանորոգման եւ գույքի ձեռքբերման համար: 2015թ. կառավարությունը Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարներից ավելի քան 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Ընդունելությունների տան նորոգմանը:



2016թ. դեկտեմբերի 1-ին կառավարությունն ընդունելությունների տան բաժնետոմսերը հանձնեց պետգույքի կառավարման վարչության տնօրինմանը: Այդ ժամանակվանից սկսած՝ աշխատողները, որոնց թիվը 33 է, սկսեցին աշխատավարձ չստանալ:



Աշխատակիցները գրավոր դիմեցին պետգույքի վարչությանը՝ նշելով, որ եթե վարչությունը չօգնի աշխատավարձի ստացմանը, հարցը կլուծեն դատական կարգով:



Գրավոր դիմեցին նաեւ երկրի նախագահին եւ վարչապետին: Որպես հարցի ամբողջական լուծում՝ 2017թ. հունիսի 19-ից աշխատողներն ազատվեցին աշխատանքից:



Ընդունելությունների տունը տարիներ շարունակ աշխատել է վնասով. վնասի մեծությունը 2014 թվականին կազմել է 38.5 մլն․ դրամ, 2015-ին՝ 31 մլն․, ու այսպես շարունակ: Կուտակած վնասը 2016-ի առաջին կիսամյակում կազմում էր 336 մլն․ դրամ:



Ընկերության տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացնում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գունդը: Պահպանման վճարները կատարվում են պետական բյուջեի հաշվին: Ընկերությունը պարտքերը մարելու հնարավորություն չունի:



Պարտավորությունները (շենք-շինությունների պահպանման համար անհրաժեշտ կոմունալ ծախսերը) 2017 թ. 1-ին եռամսյակում կազմել են 22 886 053 ՀՀ դրամ (էլէներգիա՝ 1 615 600 ՀՀ դրամ, գազ՝ 5 830 223, ջուր՝ 434 400, հեռախոս՝ 456 820, ինտերնետ կապ («Յուքոմ»)՝ 411 600 ՀՀ դրամ, կաթսայատան տեխնիկական սպասարկում («Ար եւ Ար» կազմակերպություն)՝ 111 000, տնտեսական ծախսեր՝ 150 000, աշխատավարձ, այդ թվում վերջնահաշվարկ՝ 11 772 133, 2016 թվականից մնացած գազի պարտքի գումար՝ 2 104 277 ՀՀ դրամ: 2017թ. 2-րդ եռամսյակում կազմում է 17 658 008 ՀՀ դրամ, 3-րդ եռամսյակում նախատեսված էր 13 724 600 դրամ:
Ընկերությունում առկա խնդիրների կարգավորման նպատակով վարչությունն առաջարկեց ընդգրկել մասնավորեցման ծրագրի ցանկերում, ինչը եւ արվեց:



Մասնավորեցման մասին հայտարարելուց հետո՝ 2017թ. հունիսի 23-ին, կառավարությունը որոշում ընդունեց, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ հետագա մասնավորեցման գործընթացը գրավիչ դարձնելու համար, նրան ազատել պարտքերի մի մասից: Պահուստային ֆոնդից հատկացվեց 54,268.7 հազար դրամ: Իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվող միջոցառումների անցկացման համար, որպես նախընտրելի տարբերակ, կառավարությունն առաջարկեց դիտարկել «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի հնարավորությունները:



Կազմվեց աշխատանքային ծրագիր, սակայն առաջարկներ այդպես էլ չեղան: 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ում անցկացվել է 2 միջոցառում, որից մուտքերը կազմել են 600 հազար դրամ:



2017թ. հունիսի 6-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագիծը քննարկելիս պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց. «Դրված է սկզբունք, որ քիչ շահաբաժնով ընկերությունները, որոնք մեծ ծախսեր են ստանում բյուջեից, ավելի մեծ շահույթ ունենան, օրինակ, կառավարության ընդունելությունների տունը, այդ ծախսերից ազատվելու ու ավելի լավ կառավարիչներ ներգրավելու համար ենք անում, իսկ մեզ համար փաստ է, որ մասնավորն ավելի լավ է ղեկավարվում»:
Գոնե այս մասով կառավարությունն ազնիվ չէ, քանի որ այս կառույցի վնասով աշխատելու պատճառը հենց կառավարությունում է:



Հայաստանում տարեկան կազմակերպվում են բազմաթիվ, անգամ՝ հարյուրավոր միջոցառումներ, կոնֆերանսներ, դրսից բազմաթիվ պատվավոր հյուրերի ընդունելություն: Դրանց համար դուրս են գրվում միլիոնավոր դոլարներ: Բայց ընդունելությունները ոչ թե «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ում են իրականացվում, այլ տարբեր հյուրանոցներում՝ պարտքերի մեջ խորացած այս ընկերության փոխարեն գումարն այլոց գրպանները լցնելով: Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ այստեղ կազմակերպելով՝ կարող էր Ընդունելությունների տունը դարձնել շահույթով աշխատող կառույց:
Տպավորություն է, որ այս ընկերությանը զրոյացնելն ուներ հստակ միտում:



Ու հետաքրքիր է, թե որպես ինչ կվաճառվի, ինչ պահանջներ կդրվեն: Այս մեծ ու գեղեցիկ կառույցը՝ գտնվող Երեւանի ամենալավ հատվածներից մեկում, գուցե որեւէ մուլտիմիլիոնատիրոջ համար շքեղ առանձնատո՞ւն դառնա:



Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ