Եթե փոխքաղաքապետի կին է, իրավունք չունի՞ աշխատել

Եթե փոխքաղաքապետի կին է, իրավունք չունի՞ աշխատել

Պաշտոնը դարձել է ապրանք, իսկ նշանակումները տեղի են ունենում ապրանքափոխանակության սկզբունքով՝ ես քո բարեկամին, դու՝ իմ։ Այս ավանդույթի դրսեւորումները նկատեցինք Գյումրու թիվ 9 դպրոցի փոքրիկ կոլեկտիվի օրինակով։ Դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Վարդանյանի 65 տարին լրացել է, եւ այս պաշտոնին շուտով նոր նշանակում է սպասվում։ Այս մասին մեզ հայտնում է Գյումրու «կրթական» անցուդարձին տեղյակ մեր աղբյուրը։ Կոլեկտիվում լուրեր են տարածվել, որ տնօրեն Անահիտ Մովսիսյանը պատրաստվում է այս պաշտոնին նշանակել փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի կնոջը՝ Գայանե Մխիթարյանին, որը դպրոցում կես դրույքով կազմակերպիչ է աշխատում։ Իր տիկնոջ կարիերայի առաջխաղացման դիմաց փոխքաղաքապետ Մխիթարյանը խոստացել է թիվ 9 դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանի եղբոր աղջկան՝ Ջուլիետա Մովսիսյանին, պիոներ-պալատի տնօրեն դարձնել։



Ջուլիետա Մովսիսյանը թիվ 9 դպրոցի անգլերենի ուսուցչուհին է, ավարտել է Բրյուսովի անվան համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինը։ Ի դեպ, տնօրեն Անահիտ Մովսիսյանն էլ պատահական մարդ չէ։ Նա Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետի տեղակալ Գեւորգ Ղումաշյանի մորաքույրն է։ Չինովնիկների փոխհամաձայնությունը ճեղքել հնարավոր չէ՝ վստահեցնում է մեր աղբյուրը։ «Եթե իրենց թայֆայից չես, եթե չես ուզում տանիք խառնել, եթե առաջնորդվում ես օրենքով, երբեք չես կարողանա աշխատանքի ընդունվել այստեղ»։ Դպրոցում հնարավոր նշանակումների վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերի առաջն առնում են։ Փոխտնօրեն Հասմիկ Վարդանյանը մեզ հայտնեց, որ չի ազատվելու աշխատանքից։ «Նման բան գոյություն չունի, ոչ մի նման խոսակցություն դպրոցում չկա»,- ասաց նա։ Մինչդեռ կոլեկտիվը մի քանի օր առաջ պատվով նշել է նրա 65-ամյակը, եւ, ըստ Աշխատանքային օրենսգրքի, նա այլեւս չի կարող վարչական պաշտոն զբաղեցնել։ «Այնտեղ փոխտնօրենի մասին ոչինչ ասված չէ, միայն տնօրենի պաշտոնին է վերաբերում»,- ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանը՝ վստահեցնելով, որ չի ազատելու Հասմիկ Վարդանյանին․ «Նա դեռ աշխատում է»։ Մոտալուտ «պաշտոնափոխանակության» մասին լուրերը տնօրենը եւս հերքում է։



- Ձեր եղբոր աղջիկը չի՞ պատրաստվում պիոներ-պալատի տնօրեն դառնալ։



- Ես էնքան փոքր եմ իմ եղբոր դիմաց, եթե պետք եղավ, ինքն իր հարցը կլուծի։ Նման ոչ մի համաձայնություններ չեն եղել։ Այդ անձնավորությունը՝ փոխքաղաքապետի կինը, աշխատում է կազմակերպիչ։



- Կես դրույքո՞վ։



- Այո։ Փոխտնօրենը դեռ չի ազատվում, տեղը դատարկ չէ։ Ես ոչ քաղաքապետին եմ տեսել այդ հարցով․․․ Փոխտնօրենի նշանակումը քաղաքապետի գործն է՝ ավագանու հետ միասին, ես փոխքաղաքապետի հետ որեւէ նման համաձայնություն չունեմ։ Բայց մի բան հարցնեմ․ ինչ է, եթե փոխքաղաքապետի կին է, իրավունք չունի՞ աշխատել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ