Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալին

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալին

Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտ­րային քա­ղա­քա­կա­նու­թյան և տն­տե­սա­գի­տու­թյան հար­ցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:



Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում սա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:



Էդվարդ Նալբանդյանն ու Էդ Գրեսսերը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրային հարցերի, GSP արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանին ընձեռվող հնարավորությունների և դրանցից օգտվելու պայմանների շուրջ:



Հանդիպման ընթացքում արծարծվել են Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցերը, քննարկվել երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավոր ուղղությունները: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանն արձանագրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առևտրաշրջանառության մեջ:



Զրուցակիցներն անդրադարձել են նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցերին՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: