ՀՕՊ ստորգետնյա զորամասերում քաղցկեղածին պայմաններ են

ՀՕՊ ստորգետնյա զորամասերում քաղցկեղածին պայմաններ են

«Ես այնքան եմ ուսումնասիրել իմ հիվանդությունը, որ կարող եմ դիսերտացիա պաշտպանել»,- ասում է նախկին զինծառայող, շարքային Վարդանուշ Կիրակոսյանը, որը 2014 թվականից պայքարում է իր հիվանդության՝ ծորանային քաղցկեղի դեմ։ «Քաղցկեղը «քաղց» բառից է, թթվածնի պակասից, քաղցից կարող է առաջանալ։ Խոնավությունը, ճառագայթումը, թթվածնի պահանջը, ծխախոտի ծուխը՝ այս չորս պատճառները հիվանդացնում են»,- ասում է նա։



Վնասակարության համար ՊՆ-ն 3 հազար է վճարում



Հենց այսպիսի պայմաններ են եղել հակաօդային պաշտպանության ստորգետնյա զորամասում, որտեղ Վարդանուշ Կիրակոսյանն աշխատել է 20 տարուց ավելի։ 1993 թվականին զորակոչվել է հայկական ԶՈւ, հետագայում հեռախոսավարուհի է աշխատել ՀՕՊ զորքերում, իսկ 2001 թվականից պայմանագրային զինծառայող է։ Նա պատմում է․ նախկինում, երբ ՀՕՊ ստորգետնյա զորամասերում ռուսներ էին ծառայում, վնասակար պայմաններում աշխատելու համար զինծառայողներին մածուն, հանքային ջուր էին տալիս, այլ արտոնություններ էին սահմանված։ Հետագայում բոլոր արտոնությունները վերացան։ «Մեզ ընդամենը 3 հազար դրամ էին վճարում այս պայմաններում աշխատելու համար։ Հիմա հրամանատարն արգելել է ներքեւում ծխել, մի քանի ամիս է՝ այնտեղ օդորակիչ են տեղադրել, բայց իմ ժամանակ չկար, ամբողջ օրը գետնի տակ էինք, բարձր ճառագայթման պայմաններում, տղամարդիկ անընդհատ ծխում էին։ Ինձ հետ աշխատող մարդկանցից մեկը նախաինսուլտային նախանշաններ ունի՝ թթվածնի պակասից, մյուսը գլխի անոթների հիվանդությամբ է տառապում, որը նորից թթվածնի պակասից է, մեր մյուս աշխատողը տեսողությունն է կորցրել։ Թույլ լուսավորությունից ուժեղին անցնելիս աչքերը փչանում են։ Ես էլ, ահա, այսպիսի հիվանդություն ստացա, երկու օրգան արդեն հեռացրել եմ։ Ո՛չ մայրս, ո՛չ հայրական կողմս քաղցկեղի գեն չունեն, ես ծառայության պատճառով եմ հիվանդացել, իսկ բուժվելու համար՝ ինչքան փող որ աշխատել եմ, մի քանի անգամ շատ ծախսել եմ»,- պատմում է կինը։



ԶՈւ բժշկական հանձնաժողովները հրահա՞նգ են ստացել



Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովն ուսումնասիրել է նրա առողջական վիճակը, 2015 թվականի հունվարի 22-ի որոշմամբ ճանաչել է նրան զինվորական ծառայության համար ոչ պիտանի։ Որոշման մեջ ընդգծված է, որ աջ կրծքագեղձի քաղցկեղը Վարդանուշ Կիրակոսյանը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում։ Սակայն ոչ մի փաստաթուղթ առ այն, որ Վարդանուշն այս հիվանդությունը ծառայության հետեւանքով է ստացել։ Նշված չէ նաեւ, որ պատճառն այն միջավայրն է եղել, որում նա ծառայել է երկար տարիներ։ Հստակ տեղեկություններ ունենք, որ ԶՈւ բժշկական հանձնաժողովներին ներքին կարգով արգելել են քաղցկեղի դեպքում փաստաթղթերով վավերացնել պատճառահետեւանքային կապը ծառայության հետ։ Չարորակ ուռուցքներից տառապող մոտ 10 զինծառայողներ պարբերաբար դիմում են նախարարություն՝ փորձելով հիմնավորել, որ ծառայության հետ կապված այս կամ այն պատճառով է առաջացել իրենց հիվանդությունը, սակայն ոչ մի բժշկական հանձնաժողով դա երբեք չի հաստատել։ Տրամաբանությունն այն է, որ քաղցկեղի բուժման ծախսերը մեծ են։ Վարդանուշ Կիրակոսյանն իր հիվանդության պատմությունը եւ տարբեր մարմինների ուղղված դիմումներն ու դրանց պատասխանները ձեռքին, արդեն մի քանի տարի դռնեդուռ ընկած՝ օգնություն է խնդրում։ Օրենքներին հակասող նման «ներքին կարգերը» պաշտպանության ոլորտում ընդունված են։ Նույն ձեւով, օրինակ, ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան տող չի լինում։ Կամ՝ բուժհաստատություններին արգելում են զորակոչիկներին ծանոթացնել նրանց առողջության վերաբերյալ հետազոտությունների արդյունքներին։



Սեյրան Օհանյանը վերջին ամսում 5 մլն․է փոխանցել հաշմանդամ կնոջը



Չարորակ ուռուցքի դեմն առնել միայն պետպատվերով սահմանված գումարներով՝ Հայաստանում հնարավոր չէ։ Վիրահատություններն ու քիմիաթերապիան պետության եւ բարի մարդկանց՝ Էջմիածնի քաղաքապետի, մարզպետարանի, նախկին պատգամավորներից Ղուկաս Ուլիխանյանի, նաեւ ՊՆ-ի միանվագ օգնությամբ, մի կերպ կատարվել են, բայց քիմիաթերապիայից հետո առնվազն 8 սրվակ թանկարժեք «Հերցեպտին» դեղամիջոցն ստանալու գումար չի գտնվել։ Վարդանուշի քաշը 41 կիլոգրամ է դարձել, ախորժակը՝ զրո, սկսել է հազիվ շարժվել։ 1 տարի 8 ամիս նա անընդհատ դիմել է նախկին Պնախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով օգնել, եւ բազմիցս մերժվել է պատճառաբանությամբ, թե «քիմիաթերապիան պետական առողջապահական ծրագիր է, ՊՆ-ն գործընթացից դուրս է»։ Գլխավոր շտաբի 2015 թ․ պատասխանում ասվում է․ «Չարորակ նորագոյացությունները ներառված են այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում դիսպանսերային եւ բժշկական հաստատություններին դեղերը տրվում են անվճար, ինչի համար անհրաժեշտ է սահմանված կարգով դիմել նեղ մասնագիտացված բուժհաստատություն։ Ձեր բուժման համար անհրաժեշտ «Հերցեպտին» դեղամիջոցը համարվում է խիստ թանկ եւ ԶՈւ ռազմաբժշկական հանձնաժողովի ծախսային ցանկում ներառված չէ»։ «Բայց որ այդքան տարի ծառայել ու կորցրել եմ առողջությունս բանակի համար, ոչի՞նչ»,- զարմանում է հաշմանդամ կինը։ Վերջապես՝ իր պաշտոնավարության վերջին ամսում Սեյրան Օհանյանն ընդունել է նրան եւ 5 մլն․ դրամ փոխանցել 8 սրվակի համար։ Մնացել է 4 սրվակ՝ բուժումն ավարտելու համար։ Բայց նոր նախարար՝ ազգ-բանակի ազդարար Վիգեն Սարգսյանի գալով՝ 2015 թվականի մերժումներն արխիվներից հանել են ու նորից ուղարկել Վարդանուշին։ Նրա բուժումներն սկսել են ուշանալ, քիմիաթերապիայից հյուծված օրգանիզմում, ոսկրային համակարգում հիվանդագին փոփոխություններ են սկսել ի հայտ գալ, Վարդանուշը կրկին սկսել է հյուծվել։ «Ես չեմ ուզում նորից վերադառնալ այն դժոխքը, որի միջով մի անգամ անցել եմ, երկրորդ կուրծքս չեմ ուզում կորցնել»,- աղերսում է նա։ ՊՆ-ն անդրդվելի է։ «Որեւէ հիմք չկա, որ ծառայության պատճառով է ստացել այդ հիվանդությունը»,- պատասխանում է մեզ ՊՆ մամուլի խոսնակը։



ՀԳՔաղցկեղով տառապող զինծառայողները լավ կլինի ՊՆ-ից ձեռք քաշեն, մոռանան, որ 1000 դրամների մասին օրենքն ընդունելիս Վիգեն Սարգսյանը սարեր էր խոստանում։ Ո՞ւմ համար է այդ ֆոնդը, եթե նախարարությունը զլանում է օգնել կենդանի մարդկանց, քաղցկեղով հիվանդ տարեկան գոնե 1 զինծառայողի կյանք երկարացնել։ Ի դեպ, առողջության համար վնասակար աշխատանքների եւ մասնագիտությունների ցանկում ո՛չ պաշտպանության ոլորտն է նշված, ո՛չ էլ ՀՕՊ ստորգետնյա ստորաբաժանումների կապավորները։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ