Առաջին քայլն արվեց

Առաջին քայլն արվեց

Մեր հասարակությունը մեծահոգության, ներողամտության, ներում հայցելու ակցիաների կարիք ունի։ Ոչ միայն քաղաքական-հասարակական գործիչը, այլեւ պարզ մարդիկ պետք է կարողանան ներել իրենց հակառակորդներին, գիտակցել իրենց սխալները, որ հասարակությունն առաջ ընթանա։ Ոխը, քենը, սեփական սխալները չընդունելը, դիմացինի աչքի շյուղը տեսնելը, սեփական աչքի գերանը չտեսնելը նեղմտության նշան են։ Փաստաբանների պալատում վերջին տարիներին ստեղծված մթնոլորտն անասելի չարությամբ, թշնամանքով էր հագեցած։ Հակասությունները ՓՊ նախագահի եւ նրան չընդունող մի խումբ փաստաբանների միջեւ այնքան էին խորացել, որ դա ոչ մի լավ բան չէր խոստանում իրենց՝ փաստաբանական հանրույթի, եւ հասարակության՝ պաշտպանության կարոտ մարդկանց համար։ Որքան էլ հարգանքի արժանի եւ գրագետ լինի կոնկրետ փաստաբանը, եթե նա չար է, անհանդուրժող, ներելու եւ դիմացինի արժանիքները տեսնելու անընդունակ, չի կարող լիարժեք կատարել իր պարտականությունները՝ ծառայել հանրօգուտ գործի։ Թշնամության խորացող շղթան, թվում էր, այլեւս հնարավոր չէ խզել։ Բայց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ մի փոքրիկ քայլ է արել այդ ուղղությամբ՝ հույս արթնացնելով, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Նա անսպասելիորեն ներկայացել է գործադուլ անող փաստաբանների քննարկմանը՝ այն փաստաբանների, որոնց հետ կոնֆլիկտն օրեցօր սրվում էր։ Ապա ելույթի հնարավորություն է խնդրել։ Լրագրողներին նա իր քայլը բացատրել է որպես համերաշխությանն ուղղված քայլ, իսկ փաստաբաններին ասել է․ «Ես փաստաբանների շահերի դեմ քայլ անել չեմ կարող, եւ չի կարող որեւիցե քաղաքական ուժ ինձ ճնշել»։ Դժվար թե այս մեկ քայլով վերականգնվի բարիդրացիական մթնոլորտը, բայց սա սկիզբն է, որը պետք է շարունակություն ունենա։