Արմեն Ամիրյանը խոստովանեց, որ բոլշևիկյան բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսի փակումը սխալ էր

Արմեն Ամիրյանը խոստովանեց, որ բոլշևիկյան բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսի փակումը սխալ էր

Երեկ ամենապահանջված նախարարը գործադիրի նիստից հետո Արմեն Ամիրյանն էր։ Լրագրողները փորձում էին իմանալ, թե ինչու նախարարը փակեց ստալինյան բռնաճնշումների թեմայով «Խավարում» ցուցադրությունը, որը օգոստոսին կազմակերպել էր Թումանյանի անվան թանգարանը։ Նախարարը պատասխանեց, որ խախտվել է աշխատանքյին ներքին կանոնակարգը։ «Որևէ ցուցադրություն կազմակերպելիս, լինի դա ժամանակավոր, թե հիմնական, ՊՈԱԿ-ը պարտավոր է համաձայնեցնել նախարարության հետ։ Նախարարության հետ կնքած տարեկան սուբսիդիայի պայմանագրում, կամ առանձին համաձայնությամբ որևէ տեղ նշված չկա նման ցուցադրության մասին», - ասաց Արմեն Ամիրյանը։ Մինչդեռ Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պնդում է, որ համաձայնություն եղել է, պարզապես ցուցադրության անունն է փոխվել։ «Հրապարակին» նա ասել է․ «Ցուցահանդեսի մասին ոչ միայն մեկ ամիս առաջ, այլեւ մեկ տարի առաջ տեղեկացրել ենք, որովհետեւ նախարարությանը մենք ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիր, որտեղ նշվում են մեր անելիքները, եւ որի համար փող ենք ուզում նախարարությունից։ Մենք ներկայացրել էինք նաեւ «Թումանյանի որդիների ճակատագիրը» պայմանական վերնագրով ցուցահանդեսը, որովհետեւ, գիտեք, ստեղծագործական պրոցեսի վերջում է գալիս վերնագրի ընտրությունը, ուշ է վերնագիրը զտվում, բայց մենք գիտեինք ինչի մասին է դա լինելու՝ Թումանյանի զավակների ողբերգական ճակատագիրը, դրա համար այդպիսի պայմանական վերնագիր դրեցինք, որը հետո դարձավ «Խավարում»։ Ճիշտ է՝ նախարարությունը գումար չի տվել, բայց սուբսիդիայով մեզ վրա պարտավորություն են դրել պայմանագրով, որ դա մյուս տարվա մեջ պետք է անենք»։ Արմեն Ամիրյանը հակասությունները չի կարողանում բացատրել։ Ինչո՞ւ ցուցադրությունը փակվեց 22 օր հետո։ Նախարարն ասաց, որ տեղյակ չի եղել, որ նման ցուցադրություն է եղել, հենց տեղեկացել է, փակել է։ Նա վստահեցնում է, որ առաջարկել է թանգարանի ղեկավարությունը վերանայի իր պատկերացումները․ «Գա, համաձայնեցնի համապատասխան վարչության հետ»։ Նախարարը խոստացավ, որ այդ դեպքում ինքը կնախաձեռնի ցուցահանդեսի վերաբացումը։ «Հրապարակի» դիտարկմանը, թե եթե արդյոք ներքին հակասությունները չէր կարելի լուծել առանց ցուցահանդեսը փակելո՞ւ։ Նախարարը պատասխանեց․ «Համաձայն եմ ձեզ հետ, մենք առաջարկել ենք այդ հարցերը կարգավորել»։



Քաղաքական ենթատեքստ որոնելուն Արմեն Ամիրյանը դեմ է․ «Թեմայի առնչութամբ մենք որևէ առարկություն չունենք։ Այդ թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով։ Մասնավորապես, թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր։ Սեպտեմբերի 22-ին գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցահանդես, հրատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք»։ Ամիրյանը նաև զարմանալի լուր հայտնեց։ Պարզվում է, Սերժ Սարգսյանին ևս հետաքրքրում է բռնապետությունը որպես երևույթ, և նա հանձնարարական է տվել ստեղծել բռնապետների զոհերին նվիրված առանձին թանգարան։



Սյուզան Սիմոնյան