Ո՞վ է հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովի հյուրերին՝ Հրանո՞ւշը, վարչապե՞տը, թե՞ Մանանան

Ո՞վ է հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովի հյուրերին՝ Հրանո՞ւշը, վարչապե՞տը, թե՞ Մանանան

Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը սեպտեմբերի 18-20-ը Երեւանում հավաքելու է մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհից, նոր ձեւաչափի լայնամասշտաբ միջոցառում է։ Այս պահի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 1600 սփյուռքահայեր աշխարհի 70 երկրից։ Նրանք համահայկական կրթական, հոգեւոր կառույցների, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են, ներկայացուցիչներ, արվեստագետներ, գործարար մարդիկ, պարզապես հայտնի ու անհայտ հայեր։ Կարելի է ասել՝ ողջ պետական ապարատն զբաղված է այս համաժողովի կազմակերպչական աշխատանքներով։



Առաջին անգամ, համահայկական հավաքի կապակցությամբ, Երեւան են գալու հայեր Թաիլանդից, Մարոկկոյից, Մյանմայից, Եթովպիայից, Մեքսիկայից, այլ հեռավոր երկրներից։ Մոտ 100 լրագրողներ եւ խմբագիրներ են ժամանելու։ Այս մասշտաբի հավաքի կազմակերպումը հեշտ գործ չէ։ Դեռ սփյուռքահայերը չեն հասցրել ոտք դնել «Զվարթնոց», արդեն կազմակերպչի դափնիների համար պայքար է սկսվել, տգեղ «գզվռտոց», թե հյուրերից ով ում է հրավիրել։ Այս մասին մենք իմացանք պատահաբար, երբ օրերս, համաժողովին ընդառաջ, մի լուր էինք գրել, մի քանի հյուրերի անուն թվարկել՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆ, հոլիվուդյան դերասան Մարկո Խան, ամերիկահայ հայտնի խոհարար Ժերար Գեխառո, Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հեռնան Կույումջյան, «Comedy club»-ի Արթուր Ջանիբեկյան եւ այլք։ Սփյուռքի նախարարությունից ստացված ցուցակում այս անձանց անուններն էին թվարկված։ Մենք էլ թվարկեցինք եւ կրակն ընկանք։ Մի զայրացած կին՝ Մանանա անունով, որին հիշում էինք որպես Դոն Պիպոյի մասին ֆիլմի հեղինակ (այս ցնցող ստեղծագործությանն անդրադարձել էինք «Դոն Պիպոյի արկածներն «Արմենիա Թի-Վի-ում»» մեր հրապարակման մեջ՝ Ս․Ս․ /http://www.hraparak.am/?p=134338), զանգահարել էր խմբագրություն եւ բացատրում էր, որ այս անձինք եւ էլի մի քանի մեր հայրենակիցներ «իրենն» են, ինքն է նրանց հրավիրել, վարչապետի հետ միասին, ոչ թե «կակոյ-նիբուդ» սփյուռքի նախարարություն, որ մենք իրավունք չունենք գրել իր հյուրերի անունները, որ սփյուռքի նախարարությունը նրանց հետ ոչ մի կապ չունի։ Զարմանալի այս միջադեպը նշանակում էր, որ Մանանա անունով եւ Հակոբյան ազգանունով սույն տիկինն այնքան կարեւոր դերակատարում ունի մեր երկրում, որ նրան վարչապետը հանձնարարում է համապետական միջոցառում կազմակերպել, կամ ինքն է հանձնարարում վարչապետին իր միջոցառման համար հյուրեր հրավիրել։



Մենք զանգահարեցինք սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանին։ Զաքարյանն ասաց, որ տեղյակ է՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ծագումով հայերը» հաղորդաշարի հեղինակը հրավիրել է մի քանի տասնյակ հայերի, որոնք տարբեր ժամանակներում մասնակցել են իր հաղորդմանը։ Իսկ համաժողովի հյուրերն այս պահին մոտ 1350 հոգի են։ «1350 հայեր հաստատել են իրենց մասնակցությունը, բայց որքան մարդ կգա, չենք կարող ասել, հնարավոր է, որ էլի ավելանան ցուցակները, կամ ոմանք ընտանիքի անդամների, ընկերների հետ ժամանեն»,- ասաց աշխատակազմի ղեկավարը։ Թե ինչ կապ ունի «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Մանանա Հակոբյանը համաժողովի հետ, եւ ով է հրավիրել Մանանային համաժողովի բաղադրիչ մասը կազմակերպելու, նա չգիտեր։ «Նա իր հյուրերին հավաքելու է ամսի 19-ին՝ համալիրում, 18։30-ին համերգ է լինելու։ Մենք քննարկել ենք ու որոշել՝ այդ հավաքը համաժողովի մի բաղադրիչը դարձնել։ Այո, մի քանի տասնյակ մարդու նա է հրավիրել, ոչ նախարարությունը»։



Իսկ համաժողովը 4 գլխավոր ուղղությամբ է աշխատելու։ Հյուրերը 4 թեմատիկ ուղղություններով 16 նիստերի աշխատանքների են մասնակցելու։ Սփյուռքի նախարարությունը կազմակերպչական աշխատանքով է զբաղվել եւ անցկացնելու է հայապահպանության հիմնախնդիրների քննարկումները, արտգործնախարարությունը՝ արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ, Հայաստանի հիմնախնդիրների վերաբերյալ նիստերը համակարգելու է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, պաշտպանության նախարարն էլ սփյուռքահայ մեր հայրենակիցներին կներգրավի պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունների եւ ժամանակակից մարտահրավերների քննարկմանը։ Մանանա Հակոբյանի հյուրերը համերգից բացի նաեւ այս քննարկումներին կարող են մասնակցել։ Ի դեպ, ֆուտբոլասերներին ստիպված ենք հիասթափեցնել՝ Յուրի Ջորկաեֆը հայտնել է, որ չի գալու։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ