Իսրայելը խոսեց բժշկական համալսարանի մասին

Իսրայելը խոսեց բժշկական համալսարանի մասին

Օրեր առաջ Հայաստանում գտնված Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Հատկապես այս այցը մեր ուշադրությանն արժանացավ, քանի որ ամիսներ առաջ հիշյալ պետության առողջապահության նախարարությունն ահազանգել էր հայկական բժշկական բուհերի կրթական որակի վերաբերյալ: Թեմային մենք անդրադարձել ենք քանիցս: Պատվիրակությանը ԵՊԲՀ-ում սպիտակ խալաթներով առաջինը դիմավորել են բուհի իսրայելցի ուսանողները՝ ապագա բժիշկները: Կնեսետի փոխխոսնակն այցի ժամանակ չի շրջանցել Հայաստանում ստացած բժշկական կրթության որակի վերաբերյալ մամուլում մի քանի ամիս առաջ տարածված տեղեկատվությունը: Պլոսկովը նշել է, թե, որքանով տեղյակ է՝ այդ հայտարարությունը չի վերաբերում ԵՊԲՀ-ին, խոսքը հայաստանյան մասնավոր բուհերի մասին է, հարցն իրավապահ մարմինների տիրույթում է: Հետաքննության ավարտից հետո, փոխխոսնակի հավաստմամբ, բոլոր խնդրահարույց հարցերը կպարզաբանվեն: 



Նա հավելել է նաեւ, որ ամիսներ առաջ Հայաստան ժամանած իսրայելցի լրագրողները տպավորված են ԵՊԲՀ կատարած այցից, մասնավորապես՝ ուսումնական ծրագրերի, կլինիկական գործունեության վերաբերյալ դրական կարծիք են կազմել: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ-ն Հայաստան էր հրավիրել Իսրայելի առողջապահության նախարարի եւ առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական պրոֆ. Շաուլ Յացիվին՝ քննարկելու, մասնավորապես, ՀՀ բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների կողմից Իսրայելի քաղաքացիներին տրված կեղծ դիպլոմների վերաբերյալ հարցը: