Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը (լուսանկար)

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը (լուսանկար)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնի» բացման արարողությանը: Միջոցառման ներկա են եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և այլ պաշտոնատար անձինք, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:



Ողջունելով փառատոնի մասնակիցներին և հյուրերին` նախարարը կարևորել է մայրաքաղաքում նման ամենամյա միջոցառման անցկացումը, որը տարեցտարի ընդլայնում է իր սահմանները:



«Նման փառատոններն ապացուցում են, որ գյուղն է քաղաքին կերակրողը: Այն կազմակերպվում է քաղաքաբնակների համար` ներկայացնելու գյուղատնտեսության հաջողությունները, այդ թվում` ինչպես միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները, այնպես էլ ֆերմերների, կանանց միավորումների ձեռքբերումները: Այս փառատոնը նաև լավ հնարավորություն է ձեռք բերելու այն արտադրանքը, որը դեռևս առևտրի կենտրոններում չի հայտնվել»,- իր բացման խոսքում նշել է Իգնատի Առաքելյանը:



Նախարարը մասնակիցներին մաղթել է հաջողություն` համոզմունք հայտնելով, որ գյուղատնտեսությունը Հայաստանում դեռևս ունենալու է ավելի մեծ ձեռքբերումներ:



«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի խոսքով` գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը մայրաքաղաքում ամենասպասված և սիրված իրադարձություններից մեկն է դարձել, որը տոն է ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ մասնակից ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:



«Այս փառատոնով մենք ցանկանում ենք ընդգծել, որ միասին կստեղծենք ավելի ուժեղ և գործունյա գյուղական համայնքներ` նպաստելով գյուղական արտադրության հզորացմանը»,- հավելել է Նունե Սարուխանյանը:



«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն» անցկացվում է մայրաքաղաքի Անգլիական այգում Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:



Մայրաքաղաքի բնակիչները, ինչպես նաև հյուրերը, հրաշալի հնարավորություն ունեն ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի: Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի ֆերմերները փառատոնին ներկայացրել էին սեփական արտադրության ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, մեղր, հապալաս, ստեվիա (մեղրախոտ), խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի: Ցուցադրված էին նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները:



Փառատոնն ուղեկցվում էր ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով: