«Չիբուխ» ծխողների համբերությունն սպառվել է

«Չիբուխ» ծխողների համբերությունն սպառվել է

Մեր Հայաստան սոցիալական պետությունը նվեր է մատուցել երկրի չքավոր խավին։ Որպեսզի մարդիկ քիչ ծխեն ու չփչացնեն իրենց օրգանիզմը, ժամանակից շուտ չմահանան ու ավելի երկար ճաշակեն չքավոր կյանքի հմայքները, որոշել են թանկացնել «Չիբուխը»։ Վերջին 20 օրում աղքատների բարեկամ այս ապրանքանիշը 90 դրամով թանկացավ։ «Չիբուխը» Երեւանում վաճառվում էր 160 դրամով, հիմա արդեն 250 դրամ արժե։ Հայկական սիգարետի ֆիլտրով տեսակները թանկացել են 10-30 դրամով, ինչը վկայում է, որ մեր իշխանություններն ավելի շատ մտածում են հենց աղքատների առողջության մասին։ Վերջիններս չեն գնահատում պետության հոգածությունը եւ վերջին բառերն են ասում իշխանավորների հասցեին։ «Ամենաանճար մարդիկ էին «Չիբուխ» ծխում, սրիկաները մտան ամենավատ ապրողի գրպանը։ Հիմա աղբամանների մոտ բիչոկ հավաքողները կշատանան։ Մարդիկ կան՝ ոչ թե հացով, այլ սիգարետով են ապրում։ Ոմանք ներվային սթրեսի մեջ կընկնեն»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Ի դեպ, «Չիբուխի» թանկացումը համբերությունից հանել է նաեւ կալանավայրերի բնակիչներին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում ազատազրկվածների մեծ մասն ամենաչքավոր խավից է, եւ «Չիբուխը» փրկություն էր նրանց համար։ Նրանք սիգարետի գնի հարցը բարձրացնում են կալանավայր այցելող պատգամավորների առաջ։ «Գրեք, որ թանկացել է, էսօր սաղ աշխարհից հայությունն այստեղ է եկել, թող իմանան, թե ովքեր են սրանք»։ Հիշեցնենք, որ առանց ֆիլտրի «Չիբուխի» գնորդները կտրուկ ավելացան 90-ական թվականներին՝ բնակչության զանգվածային աղքատացման հետեւանքով։ Այն ժամանակ «Չիբուխն» արժեր 25 դրամ։ Անկախության տարիներին դրա գինը 10 անգամ աճել է։ 



Քանի որ ծխախոտի շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, հետեւապես, այն վերահսկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի մամուլի պատասխանատուն տեղեկացնում է․ «Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ծխախոտի գնի բարձրացումը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխություններով: Մասնավորապես, նոր հարկային օրենսդրությամբ, բարձրացվել են այդ ապրանքատեսակի ակցիզային հարկի դրույքաչափերը: Նշված փոփոխությունն էլ անդրադարձել է ծխախոտի իրացման գնի վրա: Բացի այդ, հարկ է նշել նաեւ, որ արտադրվող եւ ներկրվող ծխախոտի ոչ բոլոր տեսակների գինն է միաժամանակ բարձրացել, քանի որ մինչ հարկային փոփոխությունները, բնականաբար, առկա են եղել որոշակի պաշարներ, որոնց սպառվելուց հետո միայն նոր արտադրված կամ ներկրված ծխախոտի համար սկսել է գործել ակցիզային նոր դրույքաչափը»։ Ակցիզի բարձրացումը, որը գործում է այս տարվա գարնանից, կապված է ԵԱՏՄ շրջանակում հարկերի ներդաշնակեցման հետ։ Երկրների միջեւ սահմանվել են ակցիզային հարկին մոտ դրույքաչափեր: Հայաստանին, որը սահման չունի ԵԱՏՄ այլ երկրների հետ, «թույլ են տվել» ակցիզային հարկը բարձրացնել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար եւ 40 տոկոսով իջեցնելու հնարավորությամբ։ Արդյունքում ակցիզի նկատմամբ զգայուն խմիչքն ու ծխախոտն առաջիկա 4 տարիներին պարբերաբար թանկանալու են։ 100 տոկոսանոց սպիրտի ակցիզային հարկը 3 եվրոյից հասնելու է 5-ի։ Սիգարետի մասով ամենամեծը եղել է անֆիլտր ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը։ 2016 թվականին առանց ֆիլտրի ծխախոտի 1000 հատիկի համար 1540 դրամ ակցիզ էին վճարում, 2017-ին 1000 հատիկի համար հարկը դարձել է գնի 15 տոկոսը, բայց ոչ պակաս 6 հազար 325 դրամից։ Սա այն դեպքում, երբ ակցիզը, ըստ այդ հարկատեսակի տրամաբանության, թանկարժեք ապրանքների, հարստության ատրիբուտների համար է վճարվում։ Որտեղ՝ թանկարժեք ապրանքները, որտեղ՝ «Չիբուխը»։ Ֆինանսների նախարարության պաշտոնյաները, մասնավորապես, փոխնախարար Դավիթ Անանյանը, հանգստացնում են բնակչությանը՝ ասելով, որ սոցիալական խնդիր չի լինի։ «Միջին գնողունակությամբ քաղաքացու վրա այս թանկացման ազդեցությունը չնչին է լինելու»: Ցածր գնողունակության քաղաքացիների մասին, բնականաբար, բոլորը թքած ունեն։ Ինչո՞ւ է թանկացել «Չիբուխը»։ Աղքատների ծխախոտի միակ արտադրողը՝ «Գրանդ տոբակոն», որին է պատկանում Հայաստանում սիգարետի արտադրության մենաշնորհը, կանխատեսելի պատասխան ունի։ Գործարանի կոմերցիոն բաժնից ասում են․



- Բնականաբար, եթե ակցիզը բարձրանում է, ամեն ինչ թանկանում է, մենք ի՞նչ անեինք։



- Հնարավոր չէ՞ր «Չիբուխին» ձեռք չտալ, մյուսները թանկացնել, բայց ստացվում է, որ ամենաշատը «Չիբուխն» եք թանկացրել։



- Դուք հարցրեցիք՝ ինչու, ես պատասխանեցի, հիմա էլ ի՞նչ է Ձեզ հետաքրքրում։ Ինչո՞ւ եք հարցնում։



- Անվճարունակ խավը բողոքում է։



- Ո՞ւմ են բողոքում։



- Թերթերին։



- Եթե առաջարկներ ունեք կամ այլ հարցեր, դիմեք ընդհանուր բաժին։



Եվ սա այն գործարանն է, որը խորհրդային նոստալգիան բրենդ է սարքել, գովազդներ է անում՝ փորձելով մարդկանց հիշողությունն արթնացնել պրոլետարական պետության մասին, երբ Հայաստանում չկային աղքատներ։ Չնայած՝ սոցիալական բացասական էֆեկտը կանխելը, իհարկե, Վարդանյանների բիզնես-իմպերիայի պարտականությունը չէ, այլ՝ պետության։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ