Եթե առաջադրվեմ, միանշանակ ՀՀԿ-ից. Գնթունիկի սեփականատեր

Եթե առաջադրվեմ, միանշանակ ՀՀԿ-ից. Գնթունիկի սեփականատեր

Համայնքների խոշորացմամբ նախատեսվող ՏԻՄ նոր ընտրություններ են սպասվում նաեւ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Ապարանը համարվել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի քվոտան, եւ մշտապես Գառնիկիչի հովանավորյալներն են քաղաքապետ դարձել։ Արդեն չորս ժամկետ Ապարանի ղեկավարումն իրականացնում է ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը, որը Աղվան Գառնիկիչի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի ընկերն է։ Մենք գրել էինք, որ չնայած ընկերությանն ու մտերմությանը՝ Աղվան Հովսեփյանը որոշել է այս ընտրություններին փոխել թեկնածուին, նախ որ Գոռ Աբրահամյանի նկատմամբ դժգոհությունը մեծ է, երկրորդ՝ նա արդեն «մաշված» թեկնածու է։ Ի դեպ, Ապարանում քաղաքապետի ընտրություններն անցած տարի անցկացվեցին, Աբրահամյանը դաժան մրցակցության մեջ էր անկուսակցական գործարար Էդգար Փարվանյանի հետ, որին չփրկեց անգամ ՀՀԿ-ական այլ կարկառուններ Սամվել Ալեքսանյանի եւ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությունը։ «Գնթունիկ» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանը նույնպես հավակնում է քաղաքապետի պաշտոնին։ Խոսակցություններ կան, որ տեւական փնտրտուքներից հետո Աղվան Գառնիկիչի ընտրությունը կանգ է առել Կարեն Եղիազարյանի թեկնածության վրա, մեզ հետ զրույցում գործարարը չբացառեց առաջադրվելու ցանկության եւ մտադրության մասին․«Այո, հնարավոր է»,- ասաց նա։ Ներկայացնում ենք Կարեն Եղիազարյանի հետ զրույցը։



-Պարոն Եղիազարյան, դուք, փաստորեն, քաղաքապետի պաշտոնում Ձեզր թեկնածությունն առաջադրելու ցանկություն ունեք, դա լինելու է ինքնաառաջադրո՞ւմ, թե՞ կուսակցական եք։



-Երբ կորոշեմ, որ հաստատ առաջադրվելու եմ, միանշանակ լինելու է ՀՀԿ-ից իմ առաջադրումը։



-Իսկ ինչո՞ւ հիմա հաստատ չէ ձեր որոշումը, ի՞նչն է խանգարում։



-Առայժմ մտածում ենք։



-Գործարար դաշտից քաղաքականություն եք, փաստորեն, տեղափոխվելու, կկարողանա՞ք։



-Դե, մտածում ենք, էլի, հենց կմտածեմ, կասեմ ձեզ։



-Ինչո՞ւ եք ցանկանում քաղաքապետ դառնալ։



-Դե որ փորձեմ ինչ-որ լավ բան անեմ մեր ժողովրդի համար։



-Տարիներ շարունակ մամուլը գրել է, որ Ապարանում Աղվան Հովսեփյանն ում ուզել, նրան էլ դարձրել է քաղաքապետ, օրինակ նախորդ ընտրություններին անգամ թիմակիցների դեմ պայքարում իր թեկնածուին դարձրեց քաղաքապետ։ Դուք հիմա ո՞ւմ թեկնածուն եք լինելու։



-Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ժողովուրդը ում կընտրի, նա էլ կդառնա քաղաքապետ, մնացած բաները կարեւոր չեն։



-Դուք լավ հարաբերություննե՞ր ունեք Աղվան Գառնիկիչի հետ։



-Ես բոլորի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ, իրականում նախորդ ընտրություններն ընդհանրապես թեժ էլ չէին, ուղղակի դրանք խոսակցություններ են, Ապարանում ոչ մի անգամ էլ ոչ մի բանը թեժ չի եղել, ժողովուրդն իրար սիրում է, իրար հարգում են, շատ համերաշխ էլ ապրում։



-Գործող քաղաքապետը ՀՀԿ-ական է, Ձեզ դուր չի՞ գալիս իր աշխատանքը, որ ուզում եք առաջադրվել։



-Բացարձակ, ինքը չի ուզում առաջադրվել, ես առայժմ չեմ ասում հաստատ, որ առաջադրվում եմ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ