«Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովը վերածվեց փող խնդրելուն

«Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովը վերածվեց փող խնդրելուն

Հարցազրույց Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ



- Կրթության և գիտությանը պետբյուջեից հատկացվող գումարները 2018 թվականին նախատեսվում է կրճատել։ Առանց այդ էլ շատ չէինք վճարում այս ոլորտի համար։ Արդյո՞ք նոր կրճատումը ճակատագրական չի լինի այդ ոլորտի համար։
- Անզեն աչքով էլ է երևում, որ երկրի տնտեսությունը ծայրաստիճան վատ վիճակի է հասցված։ Մամուլում արդեն հաճախ ենք հանդիպում արձանագրումների, որ պետական պարտքը օրական ավելանում է 1.2-1.3 մլն ԱՄՆ դոլարով, իսկ խոստացված տնտեսական առաջընթացը չկա ու չկա։ Նույնիսկ, վերագործուղված վարչապետն է հայտնվել անելանելի վիճակում։ Հասկանում եմ կառավարության վիճակը բյուջետային ծախսերի կրճատումների հարցով։ Բայց և այնպես, համոզված եմ, որ գիտության բյուջետային միջոցների մսխվող մասն ավելին է, քան կրճատվող 7%-ը ու, եթե կրճատումը վերաբերեր այդ մասին, ապա ճակատագրական չէր լինի։ Բայց դե ապրում ենք ապահով Հայաստանում և պարզ է, որ այդ կրճատումները չեն վերաբերի գիտության ոլորտի կերամաններին՝ նրանք կտարածվեն բոլոր ստորաբաժանումների վրա։ Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարներից մի քանիսի հետ զրուցելուց հետո պարզ է դառնում, որ նրանք ի վիճակի չեն ֆինանսական կրճատումն իրականացնել տնտեսական ծախսերի հաշվին՝ դրանք հասցված են նվազագույնի և այդ պատճառով կկրճատվեն աշխատակիցները։ Աշխատակիցների թվաքանակը չկրճատելու միակ ճանապարհ կարող է հանդիսանալ նախկին կառավարության աճպարարությունը, երբ պետական բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացվեցին, բացի ամենահնազանդ ճորտերինը՝ գիտաշխատողներինը։ Եվ ինչ որ արեց կառավարությունը հլու հնազանդ գիտության կառավարիչների թողտվությամբ, պարզապես, ստորացուցիչ էր՝ ավելացվեցին գիտաշխատողների արձակուրդները և հասցվեցին մինչ երկու ամսվա։ Այսինքն, ձեր աշխատանքը անիմաստ է էս երկրի համար, նստեք տանը և ձայներդ կտրեք, հոսանք ու ջուր էլ կտնտեսվի։ Էնպես որ, հիմա էլ էդ ճանապարհով կարելի է գնալ ու գիտաշխատողների արձակուրդները հասցնել մինչև չորս ամսվա, հետո էլ վեց ամսվա և այլն՝ տնտeսական ծախսերն էապես կկրճատվեն, անկասկած։



- Ի՞նչ ծրագրերով են ձեզ դիմում հիմա, ի՞նչ է անում այս պահին ձեր հիմնադրամը։
- ԳԱՏԱՀ–ի գործունեությունը սառեցված է 2016 թ. սկսած՝ ֆինանսների բացակայության պատճառով։ Եթե, նույնիսկ, այլևս չգործի, այսինքն չգտնվի երաշխավորված ու քիչ թե շատ կայուն ֆինանսական աղբյուր, ապա, նորից, կարելի է ընդգծել, որ այն կատարեց իր առջև դրված առաքելությունը։ ԳԱՏԱՀ–ի գործունեությունը, որդեգրած սկզբունքներն ու իրականացրած ծրագրերն իրենց ազդեցությունն ունեցան թե՛ Հայաստանի, և թե՛ այլ երկրների գիտության ոլորտների վրա։ Մեզ հաջողվեց իր 18–ամյա ակտիվ գործունեության ընթացքում զերծ մնալ կոռուպցիա կոչվող աղտից, որն արդեն դարձել է առօրյա։ Իսկ այդ աղտից զերծ մնալու գաղտnիքը շատ պարզ է. համապատասխան մրցույթներին ներկայացված հայտերի ֆինանսական աջակցությունները պայմանավորված են եղել միայն ու միայն գիտական արժանիքներով, որոնք բացահայտվել են գիտական անկախ փորձաքննության արդյունքներով և ոչ թե կամայականորեն։ Այս սկզբունքը անխտիր կիրառվել է բոլոր աջակցությունների համար։ Երկրորդ, ԳԱՏԱՀ–ի մոդելով ժամանակին հիմնադրամներ են ստեղծվել Մոլդովայում, Վրաստանում և Ադրբեջանում։



- Կոռոպցիոն երևույթներ ընդհանրապես չեն եղե՞լ։
- Անկեղծ լինելու համար ասեմ, որ նկրտումներ եղել են։ Կոռոպցիոն երևույթները բացառելը նույնքան հիմարություն է, հատկապես Հայաստանում, որքան փորձել անջատել Երկիր մոլորակի գրավիտացիան։ Կոռուպցիոն նկրտումներ եղել են թե բարձրաստիճան պաշտոնյայի, թե՛ շնորհառուների և թե՛ աշխատակազմի անդամների կողմից։ Բայց դրանք, այսինքն բացահայտված դեպքերը, ժամանակին կանխվել են։



- Այս օրերին ընթանում է «Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովը; Հետևո՞ւմ եք։
- «Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովը վերածվեց պետության առաջին դեմքերի կողմից փող խնդրելուն և պաշտոնապես հայտարարելուն, որ Արցախի անվտանգության գոտուց երեք շրջանի պետք է հանձնել` առանց որևէ հիմնավորումների անվտանգության և Արցախի կարգավիճակի մասին։ Ի դեպ, մեր իշխանավորները կարծես թե մոռացել են նաև Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և, նույնիսկ, Շահումյանի ու Գետաշենի փախստականների մասին։ Փողի իմաստով ոչ մի ակնկալիք չունեմ՝ սփյուռքահայերը հիմար չեն ու շատ էլ լավ գիտեն, թե ինչքան հարստություն է կուտակված Հայաստանում և ում ձեռքերում են այդ միջոցները։ Իսկ Արցախի հարցի կապակցությամբ ժողովականները, ովքեր, անկասկած, անցել էին ՀՀ իշխանությունների գրաքննությունը, լռեցին։ Կարելի է սպասել արձագանքներին մոտ ապագայում։ Հուսով եմ կլինեն, ինչքան էլ, որ ՀՅԴ–ն սերտորեն կոալիցվի՝ հաճոյանա ՀՀԿ–ին։ Մյուս հարցերն, անկասկած, անընդունելի են։ Նկատի ունեմ դպրոցներում կրոնի դասավանդման ու աղոթքի միջոցով մատաղ սերնդին հնազանդեցնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հայեցակարգի մասին քննարկումները։



-Կրթության նախարարն է ասում, որ ռուսերենի հայեցակարգը քաղաքականացվում է։ Դուք քաղաքականացնողների՞ց եք։
- Ինձ զարմացնում է ՀՅԴ անդամ, հինգերորդ անգամ նախարար դարձած Լևոն Մկրտչյանի զարմանքը, որ ռուսերեն լեզվի հայեցակարգը քաղաքականցվում է, ինչպես նաև բացարձակապես անհիմն հայտարարությունը, թե գիտության լեզուն ռուսերենն է։ Կուզենայի պարոն նախարարին ասել. Հարգելի նախարար, հիշեք, թե ինչպես պատահեց, որ Ձեր նախարար եղած ժամանակ գիտության բյուջեից 100 մլն դրամը հայտնվեց տնտեսագիտական համալսարանի հաշվին և նախընտրական արշավից հետո այդ գումարից մնաց ընդամենը 22 մլն. դրամը։ Բայց դուք ոչ միայն կոռուպցիայի մասնագետ եք, այլև, ըստ ամենայնի, նաև շատ միամիտ մարդ եք, որ չեք հասկանում, թե քաղաքական հարցը ինչո՞ւ է քաղաքականացվում։ Իսկ գիտության մասին ընդհանրապես մի խոսեք, այլ ազնվություն ունեցեք պարզ ասել, որ ստիպված եք ամեն գնով կատարել վարչապետի հանձնարարականը՝ ի շահ ՀՅԴ անդամների բարեկեցության: 



Սյուզան Սիմոնյան