Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ի գող, ավազակ թալանչիներին պետք է հեռացնել․ Վոլոդյա Ավետիսյան

Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ի գող, ավազակ թալանչիներին պետք է հեռացնել․ Վոլոդյա Ավետիսյան

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է հասարակական եւ քաղաքական մի շարք գործիչների՝ առաջարկելով վերջ տալ ինքնախաբերությանը եւ ընդդիմադիր դաշտում ձեւավորվող նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ։



Ըստ Սեֆիլյանի՝ նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները.



ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ Սասնա Ծռերի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,



բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,



գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը։



Այս դիմումի հասցեատերերից մեկն էլ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է, որը մեզ հետ զրույցում ասաց, որ Սեֆիլյանի առաջարկը տեղին է եւ ամեն ինչ պետք է արվի հայրենիքի փրկության համար․ «Իսկ մնացածը՝ տեսնենք ոնց կստացվի, ոնց կհամախմբվեն։ Ուրիշ ելք չունենք, ուրիշ հարցեր կան, թե ովքեր կան ընդգրկված այդ խմբի մեջ, դա ժամանակի խնդիր է։ Ես իր առաջարկի հետ համաձայն եմ, ուղղորդենք այդ շարժումը, ես իմ կարծիքով, իմ ցանկությունով, մնացածի տեղը չեմ կարող պատասխանել։ Հայտարարությունն արել ա, արձագանքները կերեւան այս երկու օրը, թե ով կմիանա շարժմանը»։



Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին պետք է հեռացնել իշխանությունից․ «Այո, այո միանշանակ Սերժ Սարգսյանին պետք է հեռացնել իշխանությունից եւ ընդհանրապես «Հանրապետական» կուսակցության գող, ավազակ թալանչիներին։ Այստեղ մենակ Սերժ Սարգսյանի ֆակտորը չի, ստեղ ընդհանուր համակարգային փոփոխություն պետք է լինի»։



Աննա Պապիկյան