Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղաքապետի բիզնեսը ծաղկում է և ընդլայնվում

Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղաքապետի բիզնեսը ծաղկում է և ընդլայնվում

Հրազդանի քաղաքային շուկայից ներքև՝ Զովաբեր համայնք տանող ճանապարհին, նա 2-3 տարի առաջ հսկա գազալցակայան էր կառուցել։ Կայանը քաղաքապետին ահռելի գումարներ է բերում, քանի որ քաղաքապետարանի աշխատողները, քաղաքային տրանսպորտը, հավանաբար, հատուկ հրահանգով, այստեղ են «լիցքավորվում»։ Հիմա այս ահռելի գազալցակայանի կողքին մի նոր օբյեկտ է գոյացել։ Հիմքն արդեն գցված է, և դատելով դրա չափերից՝ ապագա շինությունը ահռելի կառույց է լինելու։ Հրազդանցիները ենթադրում են, որ քաղաքապետը հարսանյաց սրահ է կառուցում։ Շինարարությունն ընթանում է ինտենսիվ տեմպերով։ Անմիջապես շինարարական հրապարակի երկայնքով գազի հսկա խողովակներ են անցնում։ Բնակիչներն անհանգստացած են։ Խողովակներն ամեն րոպե կարող են վնասվել, և աղետն անխուսափելի կլինի։ Շինարարական ի՞նչ նորմերով է թույլատրված այս օբյեկտը գազատարի տարածքում կառուցել։ Այս հարցը տվեցինք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Միքայելյանին։ Նա մեզ զարմացրեց իր ոչ կոմպետենտ պատասխանով։ Մեր հարցին, թե ինչու է կապիտալ շինարարություն ընթանում խոշոր գազատար խողովակի մոտ, նախ, պատասխանեց, որ ինքը մասնագետ չէ և պետք է դիմենք ,«Գազպրոմ Արմենիա» ձեռնարկությանը։ Երբ հարցը կրկնեցինք, ասելով՝ բայց այդ շինարարությունը քաղաքապետն է անում, քաղաքապետարանը չի՞ տալիս շինարարության թույլտվությունը, նա արագ կտրեց․«Գրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատասխանեն», - ապա անջատեց հեռախոսը։ Նա ոչ մեկին ոչինչ բացատրելու տրամադրություն չուներ։



Քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը <դոշով» պաշտպանեց քաղաքապետին: Ասաց, որ լավ չի պատկերացնում մեր նկարագրած վայրը, թե որտեղ է այդ շինարարությունն իրականացվում, բայց անկախ դրանից պնդում է. իրենց քաղաքում որևէ ապօրինի շինարարություն հնարավոր չէ:«էսքան տարիների ընթացքում ապօրինի բաներ Հրազդանում չեն եղել, եթե եղել էլ է, դադարեցվել է: Չեմ կարծում, որ նման բան լինի, իսկ եթե որևէ մեկը նման ոտնձգություն անի, օրենքի շրջանակներում պատասխանատվության կենթարկվի»: Մենք ուզում էինք Ալվինա Զաքարյանին ուղարկել շինաղբով ու քարերով ծածկված գազատարի այս լուսանկարները, բայց նա չցանկացավ տեսնել: Տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանը միանգամից կռահեց, թե որ օբյեկտի մասին է խոսքը: Նա ասաց, որ նշված տարածքում շինարարություն անելու վտանգ չի տեսնում: «Ես անձամբ զանգահարել եմ և մեր գազի գրասենյակի գլխավոր ինժեներից իմացել են, որ դա ցածր ճնշման գիծ է, պայթյունավտանգ չի, այնտեղ ոչ շենքեր կան, ոչ էլ բնակելի տարածքներ», - պատասխանեց Կոստանյանը: Ադյոք քաղաքապե՞տն է շինարարությունն իրականացնում, պատասխանեց՝ ոչ: Թե ով է նոր օբյեկտի տերը և ինչ է կառուցվում, նա չասաց, միայն հայտնեց, որ նորակառույց օբյեկտը հարսանյաց սրահ չէ:



Սյուզան Սիմոնյան