Հրազդանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը նշանակվել է առանց մրցույթի՞

Հրազդանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը նշանակվել է առանց մրցույթի՞

2016թ. ավագանու որոշմամբ քաղաքապետարանում 63 հաստիքներ կրճատվեցին, որոնցից մեկն էլ քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի հաստիքն էր: Մինչ նախկին պետի եւ քաղաքապետի դատավարությունը շարունակվում է, Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը Ալվարդ Մարտիրոսյանն է, ով եղել է թիվ 8 մանկապարտեզի տնօրենը: 



Հետաքրքիր է, թե ե՞րբ եւ որտե՞ղ է տեղի ունեցել կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի համար նախատեսված մրցույթը, արդյո՞ք մրցույթի վերաբերյալ քաղաքապետարանը իրազեկել է, եւ ի՞նչ կարգով է մանկապարտեզի տնօրենը նշանակվել բաժնի պետ: Այս հարցը ուղղեցինք Հրազդանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Միքայելյանին, ով էլ գոռգոռալով ասաց, որ այսուհետ իրեն բանավոր հարցեր չտանք եւ հարցերը գրավոր ուղղենք: Զանգահարեցինք կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Ալվարդ Մարտիրոսյանին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:



Արդեն 1 տարի է, ինչ թիվ 8 մանկապարտեզ մատնվել է բախտի քմհաճույքին: Մեր տեղեկություններով ամիսներ առաջ մանկապարտեզի տնօրենի թեկնածու էր հայտնվել, ով 2 օր ծանոթանալով մանկապարտեզի գործունեությանը պարզել էր, որ մանկապարտեզը պարտքեր ունի եւ գործի առաջարկը չի ընդունել:



Չի բացառվում, որ մանկապարտեզի տնօրենի պաշտոնը այնքան ժամանակ թափուր կմնա մինչեւ չավարտվի Կրթության, մշակույթի և սպորտի նախկին բաժնի պետի եւ քաղաքապետի դատավարությունը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն բեկանել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված դատական ակտը, իսկ Հրազդանի քաղաքապետարանն էլ դիմել Վճռաբեկ դատարան:



Նշենք, որ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ Ալվարդ Մարտիրոսյանը ե՛ւ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ է, ե՛ւ թիվ 8 մանկապարտեզի տնօրեն:
Նելլի Կարապետյան