Իմ կյանքի վերջին ձմեռը

Իմ կյանքի վերջին ձմեռը

Դեռ մեզանում կան մարդիկ, որոնք թղթի վրա նամակներ են գրում եւ փոստով ուղարկում՝ հուսալով, որ այն ինչ-որ բան կփոխի մեր եւ իրենց կյանքում։ Բացում եմ հերթական «բաց նամակը»՝ ուղղված «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»։ Ուլունքաշար ձեռագիրը շատ բան է ասում հեղինակի մասին, մնացածն էլ իմանում եմ զուսպ տեքստից․ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան 32 հասցեի բնակիչ՝ թոշակառու Սերգեյ Գրիգորյանը կես էջի վրա մարդկային մի հսկայական ողբերգություն է նկարագրել, որն առանց ցավի դժվար է ընթերցել։ «2017 թվականի դաժան ձմեռվա ընթացքում եղել եմ հիվանդ, թոշակիս գումարի մեծ մասը ծախսվել է բուժման համար, որի պատճառով չեմ կարողացել հոսանքի գումարը լրիվ մուծել, պարտքը կուտակվելով՝ դարձել է 120 հազար դրամ։ Բավական երկար ժամանակ է՝ ապրում եմ առանց լույսի։ Ձմեռը մոտենում է՝ եթե այս հարցը լուծում չստանա, այս ձմեռը կլինի իմ կյանքի վերջին ձմեռը։ Երիտասարդ տարիներիս, ունենալով երկրաբանի մասնագիտություն, մեծ գործ եմ արել երկրի տնտեսության զարգացման համար, արժանացել եմ պետական մրցանակի։ Հիմա, փոխանակ հանգիստ ապրեմ իմ կյանքի վերջին տարիներին, ապրում եմ անտանելի պայմաններում։ Դիմել եմ տարբեր տեղեր․․․ Էրեբունի թաղապետարանը մերժել է՝ գումարի բացակայության պատճառով։ Հազար տեսակի դժվարություններով հասել եմ 93 տարիների։ Եթե խնդրանքս մերժվի՝ մնամ առանց հոսանքի, նշանակում է գալիք ձմեռը կլինի իմ կյանքի վերջին ձմեռը, չեմ կարողանա ապրել ցրտի ու խավարի մեջ»։ Որքան պետք է անտարբեր, անզգա ու անբարոյական լինի հասարակությունը, որ 93-ամյա տարեց մարդուն թողնի իր խնդրի հետ մենմենակ։ Որքան պետք է ապաշնորհ լինի պետությունը, որ սոցիալական ոչ մի երաշխիք չապահովի ողջ կյանքը պետության համար աշխատած մարդու համար։