Անապահովության զգացում

Անապահովության զգացում

Աշխարհն այլեւս ապահով չէ մարդկության համար։ Աշխարհի ամենախաղաղ ու ապահով վայրերից մեկում՝ ամերիկյան զվարճանքների հայտնի քաղաք Լաս Վեգասում, 58 մարդ անսպասելիորեն զոհ է դարձել մի մոլագարի հրաձգության։ Մարդասպանը հյուրանոցի իր համարից՝ 32-րդ հարկից, անկանոն կրակահերթ է բացել երաժշտական միջոցառման ունկնդիրների ուղղությամբ, ապա ինքնասպան եղել։ Ոչնչով չպատճառաբանված եւ պրակտիկայում կանխման ոչ ենթակա արարք, որը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում, ցանկացած պահի, եթե մարդու ձեռքում հայտնվել է հրազեն, եւ նա հոգեկան անհավասարակշիռ վիճակում է։ Թեեւ, անշուշտ, հրազեն կրելու արգելքն էլ հանցագործությունները բացառելու միջոց չէ՝ կյանքը ցույց է տալիս, որ մեծ ցանկության դեպքում զենք միշտ կարելի է գտնել։ Սակայն անգամ եթե մարդը զինված մոլագարի տեսադաշտում չի հայտնվել եւ ապրում է ապահով ու բարեկեցիկ եվրոպական մի երկրում, նա կրկին պաշտպանված չէ՝ այնպես, ինչպես պաշտպանված չէին Կատալոնիայի հանրաքվեի մասնակիցները։ Ըստ պաշտոնական տվյալների, հանրաքվեի մասնակիցների ու ոստիկանության միջեւ բախումների արդյունքում տուժել է 337 մարդ։ Այսինքն՝ միայն Հայաստանում չէ, որ խոչընդոտում են մարդկանց կամքի ազատ արտահայտմանը։ Թեեւ մեզանում էլ ամեն ինչ այնքան խաղաղ ու ապահով չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Օրեր առաջ Վերնիսաժի մոտ օրը ցերեկով մարդ սպանեցին, իսկ երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում են հրաձգություն կազմակերպել։ Ինչպես ավելի ուշ տեղեկացանք՝ կալանավորին ազատելու հանցագործ մտադրությամբ, ինչը կանխվել է, իսկ փախուստի փորձ կազմակերպողը՝ ձերբակալվել։ Բայց կարող էին նաեւ անմեղ մարդիկ տուժել՝ հիվանդներ, բժիշկներ, նաեւ՝ կալանավորին ուղեկցող անձինք։ Փառք աստծո, որ ամեն ինչ առանց զոհերի է ավարտվել։