Թուրքական լռություն եւ ադրբեջանական զայրույթ

Թուրքական լռություն եւ ադրբեջանական զայրույթ

Մի խումբ թուրք մտավորականների Արցախ այցելությունից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանում նրանց դեմ պետական սահմանի ապօրինի հատման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, հայտարարվել է միջազգային հետախուզում: Այդ մարդիկ ոչ մի տեղ չեն թաքնվել, վերադարձել են Թուրքիա եւ զբաղվում են իրենց գործով: Նրանցից ոմանց հետ ադրբեջանական լրատվամիջոցները կապ են հաստատել եւ բացատրություն խնդրել: Միաժամանակ ադրբեջանական մամուլում վերջին օրերին տեղ են գտել մի շարք հրապարակումներ: Դրանցում գերիշխում է զգացմունքայնությունը: Խնդիրը ներկայացվում է այնպես, որ թուրքական ողջ հասարակությունը, քաղաքական վերնախավը, երկրի բարձրագույն իշխանությունը պետք է վերաբերմունք արտահայտեն, դատապարտեն Արցախ այցելած եւ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ հայտարարություններով հանդես եկած մտավորականներին:



«Մենք սպասում ենք եղբայրական աջակցության: Հատկապես այնպիսի աջակցության, ինչպիսին ադրբեջանական ժողովուրդը եւ կառավարությունը Թուրքիային ցուցաբերել են պետական հեղաշրջման փորձի ժամանակ եւ դրան հետեւած՝ Feto շարժման դեմ պայքարի ժամանակ: Այն ժամանակ Ադրբեջանը դրսեւորել է հստակ դիրքորոշում՝ սատարելով թուրք ժողովրդի դեմոկրատական ընտրությանը եւ դատապարտելով այդ խմբավորման կողմից իշխանությունն ապօրինաբար զավթելու փորձը: Արդ, ինչու՞ է թուրքական կողմը լռություն պահպանում, երբ նրա հայտնի ներկայացուցիչները հանդես են գալիս ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի դեմ նման սադրիչ հայտարարություններով»,- գրում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ենթակայության լրատվամիջոցը



Իրոք, ինչու՞ Թուրքիան չի արձագանքում Ադրբեջանի պաշտոնական միջնորդությանը, ինչու՞ թուրքական մամուլում արշավ չի սկսվել Արցախ այցելած մտավորականների դեմ: Իրավիճակը բավական հետաքրքրական է: Իսկ ինչու՞ չենթադրել, որ այցը համաձայնեցված է եղել թուրքական իշխանությունների հետ: Մանավանդ որ թուրք մտավորականներից մեկն ադրբեջանական մամուլին ասել է, որ Հայաստան ուղեւորվելուց առաջ իրենք Թուրքիայի ԱԳՆ-ին տեղյակ են պահել ուղեւորության մասին: Բացառված չէ, որ թուրքական կողմն այդ մտավորականների միջոցով փորձել է անմիջական պատկերացում կազմել Արցախի մասին: Հավանական է, որ Անկարային այլեւս չեն բավարարում Ադրբեջանից տրվող տեղեկությունները եւ Թուրքիայում զգացել են անմիջական կապի կարիք: Այսպես է, թե ոչ՝ պարզ կլինի Արցախի նկատմամբ թուրքական կողմի հետագա հետաքրքրվածության դրսեւորումից կամ դրա բացակայությունից: Այդուհանդերձ, փաստի առթիվ թուրքական լռությունը եւ ադրբեջանական էմոցիոնալ զարմանքն ու վատ թաքցրած զայրույթն արդեն իսկ շատ բան են ասում: