Մինչեւ էսօր ցավ եմ ապրում․ Մարգար Օհանյան

Մինչեւ էսօր ցավ եմ ապրում․ Մարգար Օհանյան

6 տարվա ազատազրկման դատապարտված, 2011 թվականին ձերբակալված, ապա 2013-ին համաներմամբ ազատ արձակված Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն այժմ ոչնչով չի զբաղվում, ինչպես ինքն է նշում՝ ապրում է Երեւանում, արդեն թոշակի է անցել։ Հետեւում է նաեւ հասարակական-քաղաքական կյանքին. «Ամեն ինչին էլ հետեւում եմ, իմ կարծիքով՝ ժողովուրդն ա որոշում ինչ կլինի։ Այս ընտրությունների ժամանակ է ժողովուրդը որոշեց»։ Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է վերաբերում ՃՈ-ի հնարավոր առանձնացմանը ոստիկանությունից սպասվող կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում. «ՃՈ-ն ոստիկանության մի մասնիկն ա, եղել ա, էդպես էլ կշարունակվի։ Քիչ ծառայություններ ունենք, մի հա՞տ էլ ավելացնենք։ Աշխարհում նման համակարգ չկա՝ առանձին գործող ՃՈ, չկա, ինչքան որ ես աշխատել եմ, չկա»։



- «Սասնա ծռերի» դատավարություններին հետեւո՞ւմ եք։



-Եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ինչպե՞ս կարող ես չհետեւել։ Ես առավոտից երեկոյան կայքերը նայում եմ, կարդում եմ, ո՞նց կարող ես չհետեւել։



-Եւ ի՞նչ կարծիք ունեք։



-Թույլ տվեք իմ կարծիքը այդ մասով չասեմ։ Մի քիչ շատ ծանր հարց եք տալիս՝ կարծիք հայտնել էդ հարցում, ամեն դեպքում ինձ համար ցավ էր եւ զոհվածները, եւ վիրավորները, եւ նստածները։



-Իսկ անցած տարվա նրանց գործողությունները ինչպե՞ս կգնահատեք։



-Ես էլի եմ կրկնում՝ ինձ համար մեծ ցավ է եղել եւ զոհված մարդիկ՝ ոստիկանները, եւ վիրավորները, նենց չի, որ ցավ չեմ ապրել եւ այսօրվա նստածները։ Նրանք բոլորն էլ մեր հայ ազգի ներկայացուցիչներն են, թյուրիմացություններ էնքան են լինում էս կյանքում։ Նենց չի որ ես կարողանամ կարծիք հայտնել, ցավ ապրել եմ, մինչեւ էսօր ցավ եմ ապրում։



Աննա Պապիկյան