Քաղցր չարչարանք

Քաղցր չարչարանք

Այսօր Կինեմատոգրաֆիստների միության համագումարն է, որի ժամանակ կինոյի գործիչներն իրենց միության նախագահ են ընտրելու։ Գուցե այս պաշտոնն այդքան գայթակղիչ չլիներ, եթե միության հաշվեհամարին դրված մեկ միլիոն դոլար գումարը չլիներ, որը ժամանակին գոյացել է Կինեմատոգրաֆիստներին պատկանող գույքի վաճառքից եւ այլ գործարքներից։ Ամեն դեպքում՝ կինոգործիչները շատ ավելի շահեկան վիճակում են հայտնվել, քան մյուս ստեղծագործական միությունների անդամները։ Եվ նման ապահովված միության նախագահի պաշտոնն էլ համեղ պատառ է, որին ձգտողների պակաս թերեւս չի լինելու։ Ըստ այդմ՝ պայքարը թեժ է լինելու։ Նախահամագումարյան շրջանն էլ անկիրք չէր՝ պոտենցիալ թեկնածուների ասուլիսներ, հարցազրույցներ, ասեկոսեներ, ինտրիգներ, քարոզչություն, «ընտրողներին» իրենց կողմը գրավելու փորձեր։ Այսպես են ընթացել բոլոր ստեղծագործական միությունների համագումարները, որոնց ժամանակ ընտրություններ են կայացել։ Այդ առումով առնվազն տարօրինակ է թեժ մրցապայքարում իր մրցակիցներին հաղթած Արամ Սաթյանի՝ Կոմպոզիտորների միության նախագահի օրերս արած հայտարարությունը, թե «սա պաշտոն չէ: Սա չարչարանք է, սա խայտառակ չարչարանք է: Այսօր միություն ղեկավարելը սարսափելի ծանր գործ է: Եվ եթե որեւէ մեկը կարող է դա ավելի լավ անել, թող անի․․․ Ես ստեղծագործ մարդ եմ, առաջին հերթին պետք է մտածեմ իմ ստեղծագործելու մասին»: Բայց միաժամանակ չի հրաժարվում այդ «չարչարանքից», անգամ պատրաստվում է վերընտրվել։ Վստահ եմ, որ վերընտրվելու ծրագրեր ունեն նաեւ Էդվարդ Միլիտոնյանը, Կարեն Աղամյանը։ Մեզանում ոչ ոք պաշտոնը կամովին չի հանձնում՝ անգամ ստեղծագործական միության նախագահի պաշտոնը, երբ այն «խայտառակ չարչարանք» է եւ խանգարում է ազատ ստեղծագործելուն։