Հույսը տրանսֆերտներն են

Հույսը տրանսֆերտներն են

Սննդամթերքը շեշտակի թանկանում է, փորձագետներն զգուշացնում են, որ հունվարից նոր թանկացումների ալիք է սպասվում։ 90-ականներին մենք՝ լրագրողներս, շարունակ գրում էինք սպառողական նվազագույն զամբյուղի մասին։ Ահազանգում էինք, որ անապահով խավն ի վիճակի չէ մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերել, քանի որ նրա եկամուտն էականորեն ցածր է նվազագույն զամբյուղի իրական արժեքից։ Պահանջում էինք պետությունից սահմանել նվազագույն սպառողական զամբյուղը, դրա պարունակությունն ու արժեքը եւ ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր թոշակով ու աշխատավարձով կարողանա ձեռք բերել դա։ Այն ժամանակ դեռ հույսեր կային, որ պետությունը հոգ կտանի ծերերի, մանուկների, աղքատների մասին՝ չի թողնի, որ նրանք սովից ու ցրտից մեռնեն։ Մինչդեռ տարեցտարի ոչ միայն այդ մարդիկ, այլեւ մեր հույսերը մեռան, եւ մենք՝ լրագրողներս, ձեռք քաշեցինք անիրական խնդիրներ դնելուց ու կառավարությունից ինչ-որ բան պահանջելուց։ Այսօր գներն անկաշկանդ բարձրանում են՝ յուրաքանչյուր տնտեսվարող իր շահերից ելնելով է սահմանում իր ապրանքների ու ծառայությունների գները, եւ դրանց բարձրացումն էլ բացատրում են կա՛մ միջազգային գներով, կա՛մ տնտեսագիտության ու բիզնեսի կանոններով, իսկ թոշակները, նպաստը, աշխատավարձը, ընդհանրապես՝ եկամուտները կա՛մ մնում են նույնը, կամ իջնում են։ Ինչպե՞ս հասնի շարքային քաղաքացին գների ետեւից եւ ի՞նչ միջոցներով պարտադրի պետությանն ինդեքսավորել իր եկամուտները։ Սակայն պարտքերի տակ կքած, ռազմական ահռելի ծախսերն ուսերին կրող պետությունն այսօր ի վիճակի չէ եկամուտների ինդեքսացիա անել, առաջիկայում էլ նման բան չի նախատեսում։ Այնպես որ՝ հույս կարելի է կապել միայն դրսից ստացվող տրանսֆերտների հետ։