Ձերբակալված օպերբաժնի պետը Հրաչ Սահակյանի եւ մյուս երիտասարդների դեմ «գործ սարքող» քննիչն է

Ձերբակալված օպերբաժնի պետը Հրաչ Սահակյանի եւ մյուս երիտասարդների դեմ «գործ սարքող» քննիչն է

Պարզվում է՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ, կաշառքի գործով այժմ ձերբակալված Ռուբեն Կիրակոսյանը նախկինում քննիչ է աշխատել։ Այսօր մեր խմբագրություն է զանգահարել 2005թ Չեխովի փողոցում սպանված Մաքոյանի գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչ Սահակյանի մայրը՝ տիկին Ռիման։ Նա տեղեկացել էր, որ Վանաձորի ՔԿՀ-ի պետի հետ ձերբակալվել է նաեւ Ռուբեն Կիրակոսյանը, ով իր որդու գործը «սարքած» քննիչն է։ «Մեր գործը սարքած քննիչն է, վաղուց պետք է բռնեին, այ էդպես, հերթով, ով ինչ անարդար, վատ բան ա արել, պիտի պատժվի, էդ անմեղ երեխեքին տարան նստացրին»,-ասաց տիկին Ռիման։



Հիշեցնենք, որ 2005թ. օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը Երեւանի Չեխովի փողոցում սպանված 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի համար մեղադրվեցին եւ դատապարտվեցին 4 երիտասարդներ․ Հրաչ Սահակյանը եւ Զավեն Մկրտչյանը՝ 15 տարվա, Վլադիմիր Մկրտչյանը՝ 11, Սերոբ Տեր-Մելիքսեթյանը՝ 10 տարվա ազատազրկման: Դատապարտված երիտասարդները մինչ օրս պնդում են, որ մարդ չեն սպանել։ Նրանց կապն սպանության վայրի, միմյանց եւ սպանվածի հետ չէր ապացուցվում։ Մեղադրական եզրակացության մեջ այս տղաների հետ տուժողի կապը հիմնավորվում էր վկաների կեղծ ցուցմունքներով, որոնք քննիչներն ստացել էին բռնություններով, խոշտանգումներով, բարոյահոգեբանական ճնշումներով: Հետագայում այդ վկաները բաց նամակով հայտնել էին, որ իրենց առեւանգել ու ստիպել են ոստիկանության բաժնում գրել ինչ որ պետք է, բայց այս նամակի վրա ոչ մի ատյան ուշադրություն չի դարձրել։ 4 երիտասարդի ծնողները դիմել են Եվրադատարան եւ սպասում են արդարացի վճռի: Նրանք 10 տարուց ավելի է՝ տարբեր դռներ են թակում, ապարդյուն: Հայաստանում նրանց լսող չկա: Ծնողների առողջությունն արդեն քայքայվել է, նույնիսկ այն աստիճան, որ առողջական խնդիրներ ունեն, նրանցից ոմանք համալրել են կառավարության առաջ նիստերի օրը ցույց անող անձանց շարքերը: