Էվելինա Շահիրյանի վարդագույն քաղաքը

Էվելինա Շահիրյանի վարդագույն քաղաքը

Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը Երեւանի մասին խոսում է մեծագույն սիրով, հոգածությամբ, հիացմունքով ու կարոտով:



Իմ քաղաքը գույն ուներ



Թեեւ այսօր մեր քաղաքում գեղեցիկ ու նորաոճ շենքեր են կառուցվում, սակայն Էվելինա Շահիրյանի աչքը շոյում են հին շինությունները, որտեղ տեսնում է ճարտարապետություն ու ճարտարապետների աշխատանք՝ լուրջ մոտեցմամբ: Նրա խոսքով` հին երեւանյան ճարտարապետությունում թեեւ յուրաքանչյուր շենք ունի իր ոճը, տեսակը, սակայն դրանք միաձուլված են, եւ ոչ մի շենք չի առանձնանում, կա ընդհանուր լուծում: Հիշում է` երբ օտարերկրյա հյուրեր էին գալիս, գալիս էին տեսնելու վարդագույն քաղաքը: Երեւանը «վարդագույն քաղաք» անվանումն ուներ, իսկ հիմա այդ անունը տալն անհնար է, քանի որ չկա այլեւս վարդագույն քաղաքը: «Ես հիմա հիանում եմ, երբ նայում եմ Աբովյան փողոցի, Մաշտոցի պողոտայի այն շինություններին, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին: Դրանք ունեն տեսակ, հայկական ոճ, ճարտարապետություն ու նկարչություն: Այսօրվա շինությունները գուցե գեղեցիկ են, ժամանակակից, բայց իմը չեն: Ինձ չեն գոհացնում: Ես այնքան էլ հրապուրված չեմ դրանցով»,- նկատում է դերասանուհին` այսօր չզգալով Երեւանի երբեմնի կոլորիտն ու գույները:



Խաբեություն է



Շահիրյանը տեսնում է` այսօր Երեւանում շատ բաներ փոխվել են դեպի լավը: Եվ ոչ թե այսօրվա շինություններին է դեմ, այլ ավելի կառչած է նրան, ինչը մերն է: Ցավով է խոսում այն մասին, որ մենք մի քիչ դուրս ենք եկել մեր տեսակից: «Հին շենքերը քանդում են: Ցուցադրական ձեւով համարակալում են, որ ինչ-որ տեղ պիտի կառուցեն նորից, սակայն, որքան ես գիտեմ, ոչ մի տեղ չեն կառուցվել այդ գեղեցիկ տուֆերով, համարակալված քարերով շինությունները»,- նշում է Շահիրյանը՝ դա համարելով խաբեություն, որից ինքն անձամբ վիրավորված է: Մեր բոլորի հպարտություն Հանրապետության հրապարակի ետեւում այսօր աչք են ծակում բարձրահարկ շենքերը։ Դրանք դերասանուհին նմանեցնում է նկարչի կտավի, որի վրա ինչ-որ մեկն ասես եկել՝ ուրիշ ոճի բաներ է ավելացրել:



Վերաբերմունք քաղաքի նկատմամբ



Արտիստուհին տարբերություն չի դնում երեւանցիների եւ մարզերից եկած ու քաղաքում հաստատված բնակիչների միջեւ: Նա երբեք բնակավայրով չի բնորոշել մարդկանց: Քաղաքի նկատմամբ վերաբերմունքը գալիս է մարդու խառնվածքից ու տեսակից: Մարդը կարող է գյուղից գալ եւ ավելի քաղաքակիրթ լինել, քան Երեւանում ծնվածը: Դա ներքին կուլտուրա ու դաստիարակություն է, որը պետք է ունենա յուրաքանչյուրն իր ներսում:



Սիրում եմ



Տիկին Շահիրյանը սիրում է զբոսնել Երեւանում, եւ նրան հաճախ կարելի է տեսնել Թումանյան, Աբովյան փողոցներում զբոսնելիս, որտեղ նրան գրավում են հին շինություններն ու դրանց կոլորիտը:



«Ես Երեւանի ամեն ինչն եմ սիրում՝ օդը, ջուրը, երեւանյան զբոսանքները, ժողովրդին»,- ասում է նա: Եվ թերեւս դա է պատճառը, որ բազմիցս հնարավորություն է ունեցել գնալու այստեղից, բայց մնացել է ու հավատարիմ է իր քաղաքին: Ամեն դեպքում, ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ամեն ինչով հանդերձ, նա շատ է սիրում Երեւանը: Չի մոռանում նաեւ հայ երիտասարդությանը, որոնք սքանչելի են ու խելացի: Անցումային մութ ու ցուրտ տարիներին մտահոգվում էր` այդ պայմաններում մեծացող սերունդն ինչպիսին պիտի լինի, սակայն այսօր ուրախ է` լավն են ու խելացի, նվիրյալ ու տաղանդավոր:
Նրա խոսքով` Երեւանը մենք ենք եւ, իհարկե՝ ճարտարապետությունը, քանի որ ճարտարապետությունը մեզնով է ստեղծվում: Հին Երեւանի թեման ցավոտ թեմա է դերասանուհու համար, եւ երեւի ավելի շատ բան կցանկանար ասել: Պարզապես շատ է ուզում, որ երբ հինը քանդում են, գոնե կառուցեն դրա համարժեքը՝ հայկական ոճին համապատասխան, մեր բնաշխարհից ու նկարչական կտավից չառանձնացող շենքեր ու փողոցներ, որպեսզի ամեն ինչ համահունչ լինի:



Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ