«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի. Բնապահպանության նախարարություն

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի. Բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում։ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջան միավորված համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, տեղեկացնում է գերատեսչության պաշտոնական կայքը։



Իր խոսքում նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ դեռ նախորդ տարի ազգային պարկում մեկնարկած և մի քանի ամիս տևած տեսչական ստուգումների արդյունքում արձանագրվել էր 6300-ից ավել ապօրինի հատված ծառ, ինչի մասին զեկուցվել էր ՀՀ Նախագային և գործը ուղարկվել դատախազություն: Հայաստանի ղեկավարի կողմից ուժային կառույցներին և հսկողություն իրականացնող կազմակերպություններին խիստ հանձնարարական էր տրվել ուժեղացված միջոցառումներ իրականացնել ապօրինի ծառահատումների դեմ:



Ըստ Ա. Մինասյանի, ուժային կառույցների հետ համագործակցված արդյունավետ աշխատանք կա, բայց կան նաև բացեր և միջոցներ պետք է ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ: Հիմնախարցի լուծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում իրականացրել է մի քանի քայլ կատարվել են կադրային և կառուցվածքային բարեփոխումներ, որոնց շրջանակներում պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենը, փոխտնօրենները և այլ պատասխանատուներ, 24 ժամյա ռեժիմի պահպանության համար ներգրավվել է «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր պահնորդական կազմակերպությունը, վերանայվել են աշխատակիցների որոշ լիազորություններ, որոնք կնպաստեն պահպանության և հսկողության ուժեղացմանը:



«Աշխատանքներ են տարվել պարկին հարակից համայնքների բնակիչների հետ, որոնք դեռևս էական արդյունքներ չեն տալիս, բայց եթե հասարակության մոտ չձևավորվի անտառը պահպանելու առաջնայնության գիտակցումը, մյուս գործողությունները արդյունավետ չեն լինի, այդ նպատակով համայնքների բնակիչների հետ պետք է ամենօրյա աշխատանքներ տարվեն: Անընդունելի է բնակիչների մի մասի մոտ գերակայող այն մոտեցումը, որ իրենք կարող են անտառն ապօրինի հատել` սեփական եկամուտները ապահովելու նպատակով և նարնց աջակցում են մարդիկ, ովքեր այդ ցանկությունները օգտագործում են ապօրինի բիզնեսով սեփական եկամուտներն ստանալու համար: Առավել ևս, որ հարակից համայքների բնակիչները միշտ ապահովված են եղել թափուկով և տունը տաքացնելու խնդիր չեն ունեցել»,- շեշտել է նախարարը: