Պուտինյան տարածքային նվաճումների ակունքները

Պուտինյան տարածքային նվաճումների ակունքները

988 թվականին Կիեւի իշխան Վլադիմիրը ընդունեց քրիստոնեություն եւ այն բոլոր տարածքները, որոնք նա կենտրոնացրել էր իր ձեռքում, քրիստոնեացրեց: Այն ժամանակ Կիեւյան Ռուսիայի կազմում էին այն տարածքները, որոնք այսօր կազմում են ժամանակակից Բելառուսի եւ Ուկրաինայի հիմնական մասը եւ բուն Ռուսաստանի եվրոպական հատվածը: Հազար տարի անց, նոր Վլադիմիրը, որ արդեն կրում է Պուտին ազգանունը եւ ամենեւին էլ իշխան չէ, բարձր գնահատեց Կիեւյան Ռուսիայի իշխանի գործունեությունը, նրան անվանեց «տարածահավաք» եւ «ռուսական հողերի պաշտպան», ինչպես նաեւ «հեռատես քաղաքական գործիչ», ով դրել է հիմքերը հզոր, միասնական եւ կենտրոնաձիգ այն պետության, որի հիման վրա ձեւավորվել է «ժողովուրդների, լեզուների, մշակույթների եւ կրոնների իրավահավասար մեծ ընտանիքը»:



Այս, այսպես ասած, հավաքված տարածքները եւ դրանցում ապրող ժողովուրդները հայտնվել են Սերգիյ Պլոխիյի (Serhii Plokhy) ուշադրության կենտրոնում, ով հեղինակել է խորը եւ ընդգրկուն մի ուսումնասիրություն՝ «Կորուսյալ թագավորությունը. Կայսրության որոնումները եւ ռուս ազգի կայացումը» վերտառությամբ (Lost Kingdom: The Quest for Empire and the Making of the Russian Nation): Պլոխիյը Հարվարդի համալսարանում ուկրաինական պատմության պրոֆեսոր է եւ փորձում է բացատրել, թե ինչ նշանակություն են ունեցել այսպես կոչված արեւմտյան շրջանները ռուսական ազգային ինքնագիտակցության կայացման գործում: Սա պարզապես մտավարժանք չէ, քանի որ նրա ուսումնասիրությունները սերտորեն կապված են գեոստրատեգիայի այսօրվա քննարկումների հետ, այլ, ինչպես Պլոխիյն է գրում՝ «Հարց այն մասին, թե որտեղ է սկսվում եւ որտեղ ավարտվում Ռուսաստանը, եւ ինչ է ներկայացնում իրենից ռուս ժողովուրդը, կամ ինչ հարցերի շուրջ են խորհրդածել ռուս մտածողները հարյուամյակներ շարունակ»: Նրա ուսումնասիրություններն, անշուշտ, ընթերցողին վերջնական պատասխաններ չեն տալիս այս հարցերին, սակայն հեղինակը ցույց է տալիս, թե հարցն ինչու է կարեւոր: Պլոխիյը ցույց է տալիս այն փոխազդեցությունը, որը առկա է արեւմտյան շրջանների եւ այն տարածքներիի միջեւ, որտեղ ձեւավորվել է ռուսական պետությունը՝ Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ կենտրոններով, աչքի առաջ ունենալով նաեւ, որ արեւմտյան տարածքների հետ է կապված Ռուսաստանի ծագման առասպելաբանությունը:



Սկսած 1470-ական թթ, երբ Իվան III-ը քշեց վերջին մոնղոլական հորդան, Կիեւյան ժառանգությունը ձեռք բերեց չափազանց մեծ կարեւորություն ռուսական պետականության եւ գահի իրավականությունը հիմնավորելու համար: Իր ծննդյան պահից սկսած Ռուսաստանը հենվում է երեք հիմնասյուների վրա` պրավոսլավություն (ուղղափառ քրիստոնեության ռուսական մեկնաբանություն), ինքնակալություն եւ ժողովրդականություն: Պլոխիյը աներկմտորեն մատնանշում է, որ այդ եռահիմնության վրա էլ հիմնված է եղել Կիեւյան Ռուսիան: Ռուսական ինքնագիտակցության իր ուսումնասիրությունները նա սկսում է այն պահից, երբ Իվան III-ը վերամիավորում է այն բոլոր հողերը, որոնք ժամանակին կառավարվում էին Կիեւի կողմից, իսկ նրա թոռը` Իվան IV-ը ընդարձակում է պետության սահմանները, ընդունում «ցարի» տիտղոսը եւ հպատակեցնում Կիեւյան իշխանապետությունից արեւելք ընկած տարածքները, որոնք որեւէ կերպ Կիեւյան Ռուսիայի հետ կապ չեն ունեցել: Սակայն ուսումնասիրողին Իվան IV-ի տարածքային նվաճումները այնքան էլ չեն հետաքրքրում: Նրան չեն հետաքրքրում նաեւ մնացյալ ընդարձակ եւ չափազանց խայտաբղետ տարածքներն ու ժողովուրդները, որոնք հետեւողականորեն միացվում էին Ռուսական կայսրությանը սկսած Իվանից մինչեւ Նիկոլայ II, որոնք հետագայում կրկին միավորվեցին այս անգամ էլ ԽՍՀՄ կազմում բոլշեւիկ կոմունիստների ղեկավարությամբ: Պլոխիյի ուշադրությունը շատ քիչ է շեղվում Ուկրաինայից եւ Բելառուսից, եւ միայն ժամանակ առ ժամանակ խոսում է սրանց հետ սերտորեն կապված լեհական եւ լիտվական հողերի մասին:



Նրա աշխատության «Ռուսական ազգի կայացումը» բաժինը ցույց է տալիս ռուսական կայսերականության կայացման պատմական ընթացքը՝ բացահայտելով նաեւ, թե ինչպես է զարգացել ռուսական ազգայնականությունը բազմաղգ միջավայրում: Եթե ուշադիր նայենք, սա սլավոնական ռուսական կայսրության պատմությունն է, ավելի կոնկրետ` Վելիկոռոսիայի եւ Մալոռոսիայի պատմությունն է համադրության եւ հակադրության մեջ, ռուսական եւ ուկրաինական ազգայնականության եւ ինքնագիտակցության պատմությունն է: Հեղինակն արձանագրում է, որ ուկրաինական ազգային ինքնագիտակցությունը գրեթե մշտապես եղել է ռուսական տիրակալների իշխանության ներքո: Ընդ որում, եթե այն համապատասխանել է ռուսական ազգայնականության շահերին եւ հակադրվել հակալեհական կայսերականությանը ցարական շրջանում, ապա ռուսական տիրակալները քաջալերել են այդ ինքնագիտակցության խորացմանն ու ընդլայնմանը Մալոռոսիայում, դրվատել նրա լեզուն, գրականությունը եւ մշակույթը: Այլ փուլերում կամ այլ դեպքերում էլ ենթարկեցրել ու ճնշել են ուկրաինական ազգային ինքնագիտակցությունը եւ մշակույթը, քանի որ ոչ-ռուսական լեզուների զարգացումը հանդիսանում էր լուրջ վտանգ կայսրության անվտանգության համար: Խորհրդային շրջանի սկզբի ժամանակներում ուկրաինիզացիան եւ բելառուսիզացիան համարվում էր որպես միջոց, որով տեղական կադրերին գրավում էին կենտրոնական իշխանության կողմը, որպեսզի նրանք պաշտպանեին Խորհուրդների կենտրոնական իշխանությանը, որտեղ արդեն գերիշխողը ռուսերենն էր: Սակայն, երբ Ստալինն ամրացնում է իր դիրքերը, նա սկսում է նախապատվություն տալ ռուսիֆիկացիային, մտավախություն ունենալով, որ ոչ-ռուսական ազգայնականությունը կարող է օգտագործվել արտասահմանյան պետությունների կողմից` ընդդեմ ռուսական խորհրդային կենտրոնի:



Ռուսական եւ խորհրդային էքսպանսիան արեւմտյան սահմանամերձ հողերի հանդեպ, մշտապես մեկնաբանվել եւ ներկայացվել է որպես վերամիավորում եւ Կիեւյան Ռուսիայի հին տարածքների վերածնունդ: Երբ Եկատերինա II-ը XVIII դարի վերջին յուրացնում էր Լեհաստանի բաժան-բաժան արված հողերը, որպես հիմնավորում իր արարքի համար, առաջ քաշեց արեւելյան սլավոնացիներով բնակեցված հողերի վերամիավորման գաղափարը, որը իբրեւ թե շատ դարեր առաջ պատկանել է Կիեւյան Ռուսիայի իշխանապետությանը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Ռոմանովների նպատակներից մեկն էլ Կիեւյան Ռուսիային պատկանած այն տարածքների միավորումն էր Ռուսական կայսրությանը, որի հանդեպ հավակնություն ուներ նաեւ Ավստրո-Հունգարական կայսրությունը: 1939 թվականին, երբ ստորագրվեց Մոլոտով-Ռիբինտրոպի պակտը, Ստալինը կարմիր բանակն ուղարկեց կենտրոնական Լեհաստան, ինչը մեկնաբանվեց որպես արյունակից կամ եղբայրական այն բելառուսներին եւ ուկրաինացիներին պաշտպանելու ձգտում, ովքեր բնակվում են Լեհաստանի տարածքում: Ըստ Պլոխիյի, որեւէ կասկած չկա, որ նույն հռետորաբանությունն է ընկած նաեւ Պուտինի այն քաղաքականության հիմքում, որը վարում է Պուտինյան Ռուսաստանն իր մերձավոր հարեւանների հանդեպ:



Օգտագործելով «Русский мир» հիմնադրամի փափուկ ուժի կիրառման լծակները, այն հիմնադրամի, որը Պուտինի կողմից ստեղծվել է 2007-ին, եւ նաեւ կիրառելով այլ մեթոդներ, ռուսական պետության ղեկավարը, իր իսկ խոսքերով ասած, փորձում է միավորել նրանց, «ում համար թանկ է ռուսերենն ու ռուսական մշակույթը, ուր էլ որ նրանք գտնվեն` Ռուսաստանում, կամ նրա սահմաններից դուրս»: Նույն տրամաբանությամբ 2014 թվականին Պուտինը Ռուսաստանին միացրեց Ղրիմը, այն անվանելով “ի բնե ռուսական հող”: Այս քայլից հետո սկսվեց նպատակադրված ապակայունացումը Ուկրաինայի արեւելքում եւ հարավում գտնվող ռուսախոս շրջաններում եւ ապստամբությունը Դոնբասում, որն արդեն անմիջականորեն սահմանակցում է Ռուսաստանի հետ: Դոնբասյան առաջնորդներից մեկի խոսքերով, «սա պատերազմ է հանուն Ռուսական աշխարհի»: Արյունալի պատերազմը եւ դրան հետեւած ցայժմ ձգձգվող հակամարտությունը Ռուսական աշխարհի վերամիավորման համար անհրաժեշտ չտվեց պուտինյան ստատեգներին, սակայն սա ցույց է տալիս, որ նա հակված է գործելու պատմական հավակնությունների հիմքերը հաշվի առնելով կամ դրանցով առաջնորդվելով, որոնցից մեկը փայլուն կերպով ձեւակերպել է ռուսական Սպիտակ բանակի հրամանատարներից գեներալ Անտոն Դենիկինը, որն ի դեպ, Պուտինի դրվատանքին է արժանացել: Հենց Դենիկինը 100 տարի առաջ ասել է հետեւյալ խոսքերը. «Երբեք եւ ոչ մի Ռուսաստան, լինի ռեակցիոն կամ դեմոկրատական, հանրապետական կամ ավտորիտար, չի թույլ տա, որպեսզի Ուկրաինան անջատվի իրենից: Անիմաստ եւ անհիմն այն վեճը որ կա Մոսկովյան Ռուսիայի եւ Կիեւյան Ռուսիայի միջեւ, մեր ներքին վեճն է, որը կլուծվի մեր կողմից եւ որեւէ մեկին չի առնչվում»:



The Wall Street Journal



Ջենիֆեր Սիգալ.- Օհայոյի համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր: Հեղինակել է “Հանուն խաղաղության եւ փողերի. Ֆրանսիական եւ բրիտանական ֆինանսները հանուն ռուսական ցարերի եւ կոմիսարների շահերի սպասարկման” (For Peace and Money: French and British Finance in the Service of Tsars and Commissars) աշխատությունը:



Թարգմանությունը` Արման Գրիգորյանի