Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի սղություն

Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի սղություն

Հոկտեմբերի 16-ը Պարենի համաշխարհային օրն է։ «Լինե´նք հոգատար Հայաստան» նախագծի շրջանակներում այսօր տեղի ուենցավ ասուլիս-քննարկում նվիրված Պարենի համաշխարհային օրվան, որն այս տարի նշվում էր «Փոխենք միգրացիայի ապագան. ներդրումներ կատարենք պարենային անվտանգության և գյուղական համայնքների զարգացման գործում» խորագրով։



Ասուլիս-քննարկման բանախոսներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շուկայահանման բաղադրիչի համակարգող Սևակ Հովհաննիսյանը:



«Պարենային ապահովության և գյուղական միգրացիայի խնդիրները գյուղատնտեսության նախարարության առաջնահերթություններից են: Մեր բոլոր ծրագրերը նպաստում են փոքր գյուղացիական տնտեսությունների օժանդակմանն ու արդյունավետության բարձրացմանը, նաև զուգահեռ մենք քաղաքականություն ենք իրականացնում, որպեսզի խոշոր և միջին ձեռնարկատիրությունը գյուղատնտեսության ոլորտում նույնպես զարգանան և ստեղծվեն նոր աշխատատեղեր: Նախարարությունը այսօր մասնավորապես կենտրոնացել է մի քանի խնդիրների լուծման վրա, որոնք են ենթակառուցվածքների զարգացումը, օրենսդրության բարելավումը, ֆինանսական մատչելիության ապահովումը և գյուղատնտեսական կրթության ու խորհրդատվության որակի բարձրացումը: Մեր համար կարևորագույն խնդիրներից է բնական աղետների դեմ պայքարը թե´ ֆիզիակական պաշտպանության, թե´ ապահովագրական համակարգի ներդրման միջոցով: Շարունակական աշխատելով միջազգային կազմերպությունների հետ՝ փորձում ենք թիրախային լուծումներ տալ Հայաստանում զարգացման մեծ պոտնեցիալ ունեցող այնպիսի ուղղությանը, ինչպիսին է օրգանական գյուղատնտեսությունը»,-իր ոխսքում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությւոնյանը։ 



«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն էլ, անդրադառնալով բիզնես-գյուղ փոխշահավետ համագործակցությանը, նշեց. «Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի սղություն և բարդ է լուծել բնական մթերք գտնելու և գնելու խնդիրը։ Մեր կազմակերպության քաղաքականության, սկզբունքների մեջ դրված է աշխատել միայն բնական մթերքներով: Այդ մասով մենք արդեն լուրջ արդյունքներ ունենք: 4 ամսվա ընթացքում 50 մլն դրամի առևտրաշրջանառություն է եղել. մթերվել է մսամթերք, մեղր, պանիր, բանջարեղեններ և այլն: Եվ ինչու չէ, այդպիսով լուծում ենք նաև միգրացիայի խնդիրները՝ գյուղի բնակչության 220 տնտեսության, մոտ 80% ներգրավված է այս համագործակցության մեջ։ Այն մարդիկ, որ երեկ դեռ ուզում էին լքել գյուղը, այսօր արդեն նոր պլաններ են մշակում և ընդլայնում են իրենց տնտեսությունները»: 



Դավիթ Երեմյանը հավելեց, որ սննդի անվտանգության տեսանկյունից իրենք ապահովում են նաև անասնաբուժական օգնություն, անասնաբույժն իրենց կազմակերպության աշխատակիցն է, նախագծի շրջանակում աջակցում են նաև անհրաժեշտ դեղորայքի մատակարարման և որակյալ անասնակերի ձեռքբերման հարցում:



ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շուկայահանման բաղադրիչի համակարգող Սևակ Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ համայնքների կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը և արտագաղթի կանխումն անհնար է առանց մարզերում մրցունակ բիզնեսների զարգացման: «Մարզերում փոքր և միջին արտադրողները պետք է արտադրեն յուրահատուկ, բարձրարժեք արտադրանք, որպեսզի կարողանան լինել մրցունակ: Կոչ ենք անում խոշոր բիզնեսներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում աշխատել մարզերի արտադրողների հետ և օգնել նրանց կայացնելու մրցունակ և կայուն բիզնեսներ»,-ասաց նա։