Ապրիլյան պատերազմի մասնակիցը չի կարողանում ստանալ վիրավորված զինծառայողի համար նախատեսված թոշակը

Ապրիլյան պատերազմի մասնակիցը չի կարողանում ստանալ վիրավորված զինծառայողի համար նախատեսված թոշակը

Ապրիլյան պատերազմի մասնակից Մնաց Սարգսյանը, ով այդ ժամանակ ստացել է մի շարք վնասվածքներ (այդ թվում՝ զույգ ստորին վերջույթների, ձախ դաստակի, աջ սրունք թաթային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների, ապրիլի 3-ին կրած ականապայթունային վիրավորումից հետո ցավային համախտանիշ՝ հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումով, ՕU- ցածր աստիճանի կարճատեսություն, OS-եղջերաթաղանթի հետվնասվածքային սպի, օտար մարմինների հեռացում), չի կարողանում ստանալ վիրավորված զինծառայողի համար թոշակը։ Նրան մերժում են տալ թոշակի համար անհրաժեշտ կարգ, իսկ թոքի հիվանդության և գանգուղեղային տրավմայի էպիկրիզն ընդհանրապես հրաժարվել են կցել գործին:



Մնաց Սարգսյանը ժամանակին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որպեսզի ինքը թոշակի կարգ ստանա: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է պատկան մարմիններին, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացնեն վիրավորված զինծառայողի համար: Նա անցել է կրկնակի բուժզննումը, ստացել է էպիկրիզ՝ նոր բացահայտված հիվանդություններով հանդերձ, սակայն թոշակի կարգ տվող հանձնաժողովը կրկին մերժել է բազմաբեկորային վիրավորում, գանգուղեղային տրավմա, աչքի տեսանելիության անկում և թոքային հիվանդություն ունեցող ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողին:



Մնացը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ապրում է սոցիալապես վատ վիճակում՝ Գեղարունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ Զինվորական ծառայությունը անցել է Արցախի Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում։



«Աչքիցս հանել են բեկորը, գլխիս մեջ ասկոլկա կար, հանել են, կանտուզիա եմ տարել ու վերջին անգամ, որ գնացի Մուրացան, պառկեցի տասը օր, հետո դուրս գրեցին՝ ուղարկելով Աբովյան, էնտեղ թոքերս ստուգեցին, էդտեղից էլ թուղթ տվեցին։ Պիտի գնայի թոշակի համար, էնքան որ նայեցին, ասեցին՝ էս թղթերով ձեզ թոշակ չի հասնում»,-նշեց Մնաց Սարգսյանը։



Գեղարքունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննությանհանձնաժողովի նախագահ Վարդան Գինոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մնաց Սարգսյանը Երեւանում 2 փորձաքննություն է անցել, մեկը՝ ընդլայնված նիստով՝ առողջապահության եւ սոցապ նախարարության փորձագետների մասնակցությամբ, եւ Մնացին որպես հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչել․ «Իր ստացած վնասվածքների բնույթը բերել է հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարման եւ աննշան խանգարման ժամանակ հաշմանդամություն չի տրվում։ Ոչ ոք չի հերքել եւ չի հերքում, որ Մնաց Սարգսյանը ստացել է վիրավորում, դրանք բազմաթիվ բեկորային վիրավորումներ են, աչքի վնասվածք է ստացել բեկորային, որից իր տեսողությունը շատ աննշան է տուժել։ Անկախ նրանից՝ հաշմանդամություն կտային, թե չէին տա, Սարգսյան Մնացի առողջական վիճակը չէր փոխվելու, եւ փոխարենը էդ հաշմանադամությունը չի տրվել , կառավարության կողմից հաստատված ձեւաչափով, նրան տրվել է վերականգնողական անհատական ծրագիր, որը հնարավորություն է տալիս անվճար բուժսպասարկման։ Մեր պետությունը, կառավարությունը հոգ է տանում նրանց մասին»։