Մեղմ պատիժ՝ մարդասպանության համար

Մեղմ պատիժ՝ մարդասպանության համար

Հայ կնոջ, հայ ընտանիքի մասին տասնամյակների, գուցե հարյուրամյակների ընթացքում ձեւավորված թյուր պատկերացումներ՝ կլիշեներ կան, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Օրինակ, տարածված կարծիք կար, թե հանցագործությունների որոշ տեսակներ Հայաստանում ուղղակի չեն կատարվում։ Ասենք, հայ կինը, որը տարբերվում է աշխարհի բոլոր ազգերի կանանցից, չի կարող սպանել իր երեխային: Մինչդեռ քրեական վիճակագրությունը լրիվ այլ բան է վկայում: Վերջին տարիներին հայ մայրերի կողմից իրենց նորածին երեխաների սպանության 8 դեպք է գրանցվել, որոնք հաստատվել են դատարանի վճռով։ Դատական տեղեկատվական համակարգից իմանում ենք, որ վերջին 5-6 տարիներին հայ մայրերի կողմից իրենց նորածին երեխաների սպանության գործերով 8 դատական վճիռ է կայացվել: Դեպքերը բավականին նման են իրար․ մայրերը, որպես կանոն, ծննդաբերել են տան զուգարանում, խոհանոցում, հանդում, ապա խեղդել կամ հարվածներ հասցնելով՝ սպանել իրենց նորածիններին։ 9 ամիս հղիություն եւ ծննդյան ցավեր քաշելուց հետո այդ երեխաներին գոնե չեն հանձնել այլ՝ երեխա չունեցող անձանց կամ պետության խնամքին։ Այս գործերը քննության են առնվել Շիրակի, Կոտայքի, Սյունիքի, Երեւանի, Լոռու մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում, եւ բոլոր այդ կանայք դատապարտվել են երկու կամ երեք տարվա ազատազրկման: Բավականին մեղմ պատիժ մարդասպանության համար։ Լոռու մարզում քննված գործերից մեկով, օրինակ, մանկասպանը վեց երեխաների մայր էր, որը դատարանին պատմել էր, որ լինելով հղիության 5-րդ ամսում, նոր միայն հասկացել է, որ հղի էր ու, քանի որ ունեցել էր 6 երեխա ու ամուսնացած հղի աղջիկ, ամաչել է եւ անապահով վիճակից դրդված, մտածել է ազատվել երեխայից: Ինչպիսի՜ բարբարոսություն։