Մեղրու ազատ տնտեսական գոտուց մինչեւ արտահանման աճ․ ի՞նչ է խոստանում Սուրեն Կարայանը

Մեղրու ազատ տնտեսական գոտուց մինչեւ արտահանման աճ․ ի՞նչ է խոստանում Սուրեն Կարայանը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ այսօրվա մամուլի ասուլիսի նպատակը իր գործունեության մեկ տարին ամփոփելն էր։ Նախարարը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց, թե որքան արտահանում է եղել անցյալ տարի։ Նա հիշեցրեց, որ անցած ութ ամիսներին ապրանքների արտահանման աճը նախորդ տարվա համեմատ եղել է 21,7 %: Դեպի ԱՊՀ երկրներ, ըստ նախարարի, արտահանումն աճել է 33,0%-ով, ԵՄ երկրներ՝ 32,6%-ով, այլ երկրներ՝ 11,0 %-ով։



Հիմնական աճն ապահովել է մշակող արդյունաբերության ոլորտը։ 2017թ․ առաջին կիսամյակի արդյունքներով՝ մշակող արդյունաբերությունում գրանցվել է աշխատանքի արտադրողականության զգալի աճ՝ շուրջ 20%, իսկ խմիչքների արտադրությունը աճել է 35,3%-ով։ 2017թ․առաջին կիսամյակի ցուցանիշներով՝ ՀՆԱ աճը կազմել է 5,9%։ Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7,7%, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտը՝ 8,1%: Այս տարի, հունվար-օգոստոս ամիսներին էլ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,5%։



Նախարարն ավետեց, որ ավարտին է մոտենում «ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի շուրջ բանակցային փուլը։ Եվ Սուրեն Կարայանը ոգեւորված է, որ իրանական շուկա հայկական ապրանքների արտահանման նպատակով 40 ապրանքներ ներառվել են համաձայնագրի բանակցությունների գործընթացում, որոնց գծով նախատեսվում է մաքսատուրքի իջեցում, ինչպես նաեւ՝ ոչ սակագնային կարգավորումների պարզեցում։ Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի նախագծեր են քննարկվել եւ գտնվում են բանակցային փուլում։ Նախարարը հայտնեց նաեւ, որ ստեղծվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ եւ «Մեղրի» ԱՏԳ հիմնման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ, եւ աշխատանքներ են կատարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձեւավորման համար։



Լրագրողներից մեկը հիշեցրեց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի դիտարկումը, որ 2030թ․ Հայաստանում մնալու է 2,5 միլիոն մարդ, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ տնտեսական աճը կարող է նպաստել մեր բնակչության աճին եւ վերադարձին, ոչ թե արտագաղթին։ Նա ասաց, որ ազատ տնտեսական գոտու շինարարությունները սկսված են, Սյունիքի ազատ տնտեսական գոտին առանձին տարածք է։



Գալիք տարվա հունվարի 1-ից էլ են մեզ անակնկալներ սպասվում։ Հայաստանը կմիանա Եվրամիության ինքնահայտարարագրման REX համակարգին, որը հնարավորություն կտա ձեռներեցներին՝ յուրաքանչյուր անգամ մինչեւ վեց հազար եվրո արժողությամբ ապրանքների արտահանումը դեպի ԵՄ երկրներ իրականացնել առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու։



Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք արվե՞լ են ուսումնասիրություններ՝ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունն ազդո՞ւմ է տնտեսական զարգացման, ներդրումների հոսքի վրա, ինչպիսի՞ն էր պատկերն այդ առումով մինչեւ անցյալ տարի, ապրիլյան պատերազմը եւ դրանից հետո։



«Բնականաբար, այդ կոնֆլիկտն իր ազդեցությունն է թողնում երկրի տնտեսական զարգացման վրա։ Սակայն ես կարող եմ ասել, որ նման պայմաններում էլ մեր երկիրը կարող է զարգանալ, ինչի մասին էլ վկայում են այն թվերը, որոնք մենք հրապարակեցինք եւ այն տենդենցները, որ տնտեսությունը զարգանում է։ Շատ երկրներ կան աշխարհում, որոնք նման կոնֆլիկտ ունենալու դեպքում իրենց բնականոն տնտեսական զարգացումն ունենում են»,- ասաց նախարարը։ Իսկ ապրիլյան պատերազմն, ըստ նրա, իր բացասական ազդեցությունը թողել է տարբեր ոլորտներում։