Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյուղապե՞տը, թե՞ շինարարը

Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյուղապե՞տը, թե՞ շինարարը

Մեզ հասած տեղեկություններով՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում նոր ջրագիծ են կառուցել, որի համար ծախսվել է մոտ 2 միլիոն դոլար։ Սակայն, նոր ջրագիծը չի աշխատում, իսկ Դսեղի գյուղապետին ստիպում են ստացում-ընդունում կատարել, սակայն այդ դեպքում չաշխատող ջրագիծը կմնա իր «ուսերին»։ 



Մեր աղբյուրները հայտնել էին նաեւ, որ նոր ջրագիծը կառուցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունեցող ընկերություններից մեկը։



Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրատարի կառուցումը ընթացքի մեջ է․«Թերություններ կան, որը վերացնում են, դրանով են զբաղված։ Նենց չի, որ մենք ջրազրկված ենք, մենք ջուր ունենք հին ջրագծով։ Նորն էլ փորձարկել են, թերություններ կան, հիմա վերացնում են»։



Հարցին՝ եթե գյուղը ջրի խնդիր չուներ, նպատակը ո՞րն է նոր ջրագիծ կառուցելու, Գառնիկ Հովսեփյանն ասաց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ նոր է աշխատում․ «Պատասխանը կարա լինի էս ձեւով, որ հին ջրագիծը շուտվա կառուցած էր, նորացնելու անհրաժեշտություն կար, որ ղեկավարությունը որոշելա թարմացնենք»։ Ջրագիծը կառուցում է «ԱրարատՇին» ընկերությունը։



Գյուղապետը չգիտեր, թե ջրագիծը կառուցող ընկերությունը ինչ կապ ունի Հովիկ Աբրահամյանի հետ։ Նա հերքեց լուրերը, թե իրեն ստիպում են ստացում-ընդունում կատարել․ «Ոչ, ստիպելով չի, երբ ջրագիծը գործի, այդ ժամանակ էլ կստորագրենք»։



«ԱրարատՇին» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Վեդի» պլաստ ընկերությունից գնել են ջրագծի խողովակները, որոնք եղել են անորակ․ «Այո, խնդիրներ եղել են։ Եվ, հիմա այդ խնդիրները իմ ուշադրության կենտրոնում է, անընդհատ մենք փոխում ենք, որը անորակ է եղել»։



- Ժամկետ կա՞, թե երբ պետք է հանձնենք շահագործման։



- Այո, մեր պայմանագրի համաձայն 1 տարի երաշխիքի մեջ ա։ Դա պետականորեն է, բայց ես ինքս, այն տեղերում, որտեղ աշխատում եմ, ասում են՝ ցանկացած ժամանակ, ժամկետ չենք նշում, եւ եթե շինարարական անորակություն կլինի, մենք պատրաստ ենք այն վերացնելու։



- Անորակ խողովակ, այսի՞նքն, պարոն Թովմասյան, վնասվա՞ծ էին։



- Չէ, ոչ թե ծակ էր, այլ հիմա արտադրողը պատճառաբանություն է ներկայացնում, թե համակարգիչը խախտվել է պահի տակ, չեն զգացել, որովհետեւ էդտեղ մարդու գործոնը չի աշխատում։ Ծրագրով է լինում։ Էդ խողովակների որոշ քանակ անորակ է դուրս եկել, դա ազեն աչքով անտեսանելի չէ։ Պատկերացրեք՝ 3-4 ամիս հետ, երբ ջուրը մեջն է եղել, նոր զգացնել է տվել, թե որտեղ է անորակ եղել։



- Պարոն Թովմասյան, 2 միլիոն դոլա՞ր է ծախսվել ջրատարը կառուցելու համար։



- Ոչ, ոչ։ Էդ 2 միլիոն դոլարը 7 գյուղերում ջրագիծ կառուցելու համար է այդքան ծախսվել։ Էդ 7 գյուղերում էլ մենք ենք անցկացրել։



- Դսեղի գյուղապետը նշեց, որ գյուղը ջրի խնդիր չուներ, նպատակը ո՞րն էր նոր ջրագիծ կառուցելու։



Գյուղապետը ինքն էլ չի տիրապետում։ Ինքը ճիշտ չի ասում, էդտեղ ջրի խնդիր եղել է ու լինելու է, քանի որ գյուղապետը չի կարողանում բնակիչներին ստիպի, խնդրի, որպեսզի հաշվիչներ տեղադրվեն։ Նայեք՝ ինչ ա կատարվում, էդ գյուղին պահանջվում է վայրկյանում 13,5 լիտր ջուր։ Ջուրը շատ մտնում ա բասեին, բասեինից դուրս ա գալիս, գյուղացին էդ ջրով ոռոգում ա իր հայաթի լոբին, կարտոֆիլը։ Էդ գյուղը կամ պետք է ունենար խմելու կամ էլ ոռոգման ջուր։ Ես, որ հարցը դրեցի, ասեցի՝ գյուղապետ ջան, արի ջրամատակարարումը ճիշտ օգտագործենք, որ 24 ժամ բնակիչները ջուր ունենան, պետք է դնենք հաշվիչ, որպեսզի դրա համար վճարեն։ Ինքը ասում ա՝ ես 50 անապահով ընտանիքներ ունեմ, հաշվիչ չեն կարող դնել։ Ասի՝ դա ես կտամ, ես իրոք առել, տվել եմ։ ԾԻԳ-ը ինձ հանձնարարել ա, որ հին ջրագիծը պետք է օգտագործեն ոռոգման համար եւ մեր նոր քաշած ջրագիծը՝ խմելու համար։



- Պարոն Թովմասյան, տեղեկություն ունենք, որ գյուղապետին ստիպում եք ստացում-ընդունում անել, բայց նա չի ստորագրում։



- Նման բան չի կարա լինի, որ ինչ-որ մեկին ստիպեն։ Գյուղապետն իր ձեռքով ստորագրել է, որ գիծը հանձնված է։ Բայց դա չի նշանակում, որ գիծը մնաց գյուղապետի պատասխանատվությանը։ Անձմաբ ես եմ մասնակցել ստորագրությանը, ամբողջ գյուղը, ավագանին եղել է։



- Ձեր ընկերությունը ինչ-որ կապ ունի՞ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, թեկուզ անուղղակի ձեւով։



- Բացարձակապես, պետք չի կապել։ Ես Արարատից եմ՝ Դավալու գյուղից, Հովիկ Աբրահամյանը՝ Արտաշատից։ Ես Աբրահամյան Հովիկին ճանաչել եմ որպես մարզպետ, մենք ընդհանուր ոչինչ չունենք։



Աննա Պապիկյան