Ցավալի վախճան

Ցավալի վախճան

Ցանկացած գործընկերություն երկկողմանի՝ հավասարը հավասարին հարաբերություններ է ենթադրում։ Գործընկերության մեջ մեծ ու փոքր, հարուստ եւ աղքատ, ավագ եւ կրտսեր չի լինում։ Բայց մեր եւ Ռուսաստանի գործընկերությունը տարօրինակ եւ խիստ անհամաչափ դրսեւորումներ է ունենում։ Մանավանդ՝ քրեաիրավական դաշտում։ Ռուսական բանակից փախած մի հրեշ մի ողջ ընտանիք բնաջնջեց՝ չխնայելով անգամ ծծկեր երեխային, բայց ռուսական կայսրությունը հարկ չհամարեց անգամ, որ նա մնա ու իր պատիժը կրի հայկական բանտում։ Եթե ցմահ դատապարտվածին ազատելու, նրա պատիժը մեղմելու մտադրություններ չունեին, ի՞նչ իմաստ ուներ Պերմյակովի արտահանձնումը Ռուսաստանին, այն էլ՝ նման արագությամբ, երբ դեռ դատավճռի թանաքն էլ չէր չորացել թղթի վրա։ Իսկ անզգույշ հանցագործության մեջ մեղադրվող հայազգի վարորդին նախ ծաղկավոր խալաթով՝ նվաստացնելով, ռուսական դատարան բերեցին, ապա 4 տարի պահեցին իրենց մոտ՝ ստիպելով, որ հսկայական փոխհատուցում վճարի։ Հիմա էլ Լեւոն Հայրապետյանի մահը։ Հայազգի հայտնի գործարարը, որի համար անգամ ՀՀ նախագահն էր դիմել Ռուսաստանի նախագահին, երկարուձիգ դատական պրոցեսի մասնակցեց, ապա պահվեց բանտում, չնայած առողջական լուրջ խնդիրներին, եւ անհասկանալի պայմաններում երեկ կնքեց իր մահկանացուն։ Ընդամենը 68 տարեկանում։ 4 տարվա ազատազրկումն ինքնին խոսում էր այն մասին, որ ծանր հանցանքի հիմնավոր ապացույցներ այդպես էլ չեն գտնվել։ Ուստի ի՞նչն էր խանգարում, որ օր առաջ նրան բաց թողնեին՝ վաղաժամկետ պայմանական կամ արտահանձնման եղանակով։ Ի վերջո, Հայրապետյանը պատահական անձ չէր եւ իր ազգի համար այնքան բան էր արել, որ նրան պատրաստ էին երաշխավոր կանգնել շատերը՝ հայտնի մտավորականներից մինչեւ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ։