Կասկածելի պրոցեսներ

Կասկածելի պրոցեսներ

Փոքր երկրում պրոցեսներն էլ են փոքր եւ երբեմն՝ մի քանի շահագրգիռ անձի կողմից ուղղորդված։ Օրեր առաջ «Դիլիջան ազգային պարկի» մատույցներում ակցիաներ անող, ապա պահպանության հենակետն այրող մարդիկ, որոնք պահանջում էին թույլ տալ, որ ծառեր հատեն, քանի որ իրենք ձմռան համար նախատեսված վառելիք կուտակելու խնդիր ունեն, ըստ տարբեր տեղեկությունների, այդքան էլ հասարակ գյուղացիներ չեն, այլ «փայտի բիզնեսմենների» կողմից հրահրված ու խրախուսված բողոքավորներ։ Դպրոցներից մեկում ամիսներ շարունակ կատաղի պայքար են մղում նորանշանակ տնօրենի դեմ։ Դրան, անշուշտ, կարելի էր հարգանքով վերաբերվել, եթե վստահ լինեինք, որ այդ պայքարն ուղղորդված չէ նախկին տնօրենի կողմից եւ ուղղված չէ իր դստերը տնօրեն նշանակելուն։ Սակայն այն փաստը, որ մեր ուսուցիչները, որպես կանոն, հլու-հնազանդ ընդունում են նորանշանակ տնօրեններին եւ նման շահագրգիռ պայքար երբեւէ չեն ծավալում, խորացնում է ուղղորդման հետ կապված կասկածները։ Հազարավոր օրենքներ են ընդունվել մեզանում, եւ գրեթե ոչ մի, անգամ ամենահակաժողովրդական օրենք նման հակազդեցության չի արժանացել, ինչպես «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ինչը եւս խոսում է այն մասին, որ այս պայքարն ուղղորդված է ինչ-որ կենտրոնների ու անձանց կողմից։ Ինչպե՞ս կարող են մարդիկ չընդվզել մեր կյանքում ամեն քայլափոխի կիրառվող բռնության դեմ, երբ ամեն օր մեր եթերից ահռելի քանակությամբ բռնության տեսարաններ են ներխուժում մեր կյանք։ Ինչպե՞ս կարող են չպայքարել, երբ ամեն օր իրենց երեխաների նկատմամբ այս կամ այն կերպ բռնանում են դպրոցներում, մանկապարտեզներում, բակերում, բանակում։ Հակառակը՝ բռնության պաշտպանությամբ են հանդես գալիս՝ արդարացնելով «հայրական ապտակն» ու «մայրական կսմիթը»։