Բիենալեում ներկայացված հայ արվեստագետների գործերն էքսպրեսիվ են եւ աչքի ընկնող

Բիենալեում ներկայացված հայ արվեստագետների գործերն էքսպրեսիվ են եւ աչքի ընկնող

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ կանցկացվի Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե, որի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 25-ին, ՆՓԱԿ-ում: Բիենալեին կներկայացվի 247 արվեստագետի 455 աշխատանք` 50 երկրից:



Ինչպես «Մշակութային երկխոսություններ» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանն է նշում, իրենց հնգամյակը ցանկացան նշել ոչ թե ինչ-որ հավաքույթով, այլ Հայաստանում մի քանի կարեւոր նախագծեր իրականացնելով, եւ Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն դրանցից մեկն է։ «Արման Վահանյանի եւ Տիգրան Սահակյանի ցանկությամբ մենք դեռ 2 տարի առաջ որոշեցինք, որ պետք է Հայաստանում իրականացնենք գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն»,- ասում է նա եւ նշում, որ 2013-ից մինչ օրս գեղարվեստական տպագրության ոլորտում պարբերաբար տարբեր նախագծեր են իրականացրել, ինչն էլ իր հերթին նպաստավոր հող է ստեղծել այս կարեւոր ձեռնարկի համար․ «Նախագծերի արդյունքները հանգեցրին մեզ այն գաղափարին, որ պետք է արդեն ձեռք բերած այս փորձը եւ առկա կապերն օգտագործել»։



Արվեստանոցների տեխնիկական հագեցվածությունը գեղարվեստական տպագրության ոլորտում ամենակարեւոր խնդիրներից է, քանի որ այն արվեստանոցները, որ այսօր Հայաստանում կան, բոլորովին չեն համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված արվեստանոցներին։ «Այս առումով բիենալեն առաջին հերթին կնպաստի Հայաստանում օտարազգի գրաֆիկ արվեստագետների ներկայությանը եւ, իհարկե, կհամախմբի Հայաստանում այդ ոլորտում գործող արվեստագետներին։ Մեր նպատակն է եղել նաեւ այս բիենալեի միջոցով վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում, որովհետեւ միայն այսպիսի միջազգային բիենալեի միջոցով կարող ենք բարձրաձայնել, օրինակ, այն տարրական խնդրի մասին, որ այսօր մեր գեղարվեստական տպագրության արվեստանոցները չունեն հաստոց, իսկ այն հաստոցները, որ կան, մնացել են Խորհրդային Միության ժամանակից՝ որպես ժառանգություն»,- ասում է Հարությունյանը։



Թե ինչ կարգի գումարների հետ են կապված այդ հաստոցները, ապա ամենահասարակ հաստոցն այսօր արժե 100-200 հազար դրամ, բայց խնդիրն այն է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող հաստոցներն այդքան թանկ չեն, որքան որ թանկ է դրանց տեղափոխումը, քանի որ բավականին ծանր են․ «Մենք կապեր ունենք շվեյցարական Բազել քաղաքի արվեստանոցի հետ, որոնք ունեն շատ մատչելի հաստոցներ, եւ դրանք կարող են նվիրաբերել Հայաստանին, սակայն մեզ մոտ խնդիրն այդ հաստոցների տեղափոխման հարցն է։ Այսօր մեզ մոտ դեռ որեւէ լուրջ նախադրյալ չկա, որ ապահովի այս ոլորտի լիարժեք զարգացմանը նպաստող հագեցվածությունը, սակայն պետք է նշել, որ եթե հայ արվեստագետը կարողանում է չնչին միջոցներով ստեղծել այնպիսի աշխատանքներ, որոնք այսօր կախված են 455 աշխատանքների մեջ եւ իրենց որակով առանձնանում են, ապա ինչ կլիներ, եթե մենք ունենայինք այն հաստոցները, որոնցով աշխատել են միջազգային արվեստագետները»։



Ինչ վերաբերում է բիենալեին, ապա զարմանալի ակտիվություն է նկատվել․ առաջին փուլով, ընդհանուր առմամբ, ստացվել է 955 հայտ՝ 76 երկրից, որից ընտրել են 455-ը՝ 50 երկրից։ Բիենալեի մասնակիցների թվում կան նաեւ 13 հայ արվեստագետների աշխատանքներ, ավելին՝ «Հայաստանը մտնում է լավագույն հնգյակի մեջ, դա էլ է զարմանալի, ընտրությունը կատարել է միջազգային ժյուրին, եւ նրանցից ոչ մեկը տեղյակ չի եղել՝ ներկայացված աշխատանքի հեղինակը հա՞յ է, թե՞ ոչ, որովհետեւ ընտրել են աշխատանքները, եւ մեզ համար շատ ուրախալի էր, որ լավագույն երկրների հնգյակի մեջ նաեւ Հայաստանն է՝ 13 արվեստագետներով, որոնք Երեւանից են ու Գյումրիից,- ասում է Սոնա Հարությունյանն ու ընդգծում, որ նպատակ են ունեցել ձեւավորել ոչ թե տեղական, այլ միջազգային ժյուրի։- Մենք ցանկանում էինք մեր արվեստագետներին այլ դիտանկյունից նայել, որպեսզի նաեւ այդ անաչառ վերաբերմունքն առկա լիներ»։



Միջազգային ժյուրին գլխավորում է Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայի նախագահ Ինգա Հեամեգին։ Ժյուրիի կազմում են նաեւ Ախիմ Քյոնեկենը՝ Գերմանիայից, Շվեյցարիայից դոկտոր Ալեքսանդրա Շտեհելինը, դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից, եւ Սոնա Հարությունյանը՝ Հայաստանից։



Բիենալեին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու 30 արվեստագետ, գերակշիռ մասը՝ Գերմանիայից, ինչպես նաեւ՝ Էստոնիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Սերբիայից։ Նրանց հետ բիենալեի օրերին կլինեն աշխատարաններ, որոնք կանցկացվեն Թումոյում, Միրզոյան գրադարանում։ Արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի 28-ին, բայց բիենալեն շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 15-ը, իսկ այդ ընթացքում լինելու են տարբեր ցուցահանդեսներ։



Սոնա Հարությունյանը նկատում է՝ թեեւ ընդունված է նման բիենալեների շրջանակում դրամային մրցանակներ տալը, բայց քանի դեռ չունեն այդ նյութական բազան, հետաքրքիր լուծում են գտել․ քանդակագործ Մելիք Շահնազարյանը՝ իր իսկ էսքիզներով, պատրաստել է հուշամեդալներ, որոնք հեղինակային աշխատանքներ են եւ, որպես պարգեւ, ինքնին արժեքավոր։



Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել է գլխավոր մրցանակ՝ Գրան պրի, ինչպես նաեւ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ: Բացի այդ, լավագույն աշխատանքները կարժանանան պատվոգրերի, իսկ գլխավոր մրցանակին արժանացած արվեստագետը հնարավորություն կստանա հաջորդ բիենալեին մասնակցել անհատական ցուցահանդեսով։ «Ես այնքան հուզվեցի, երբ մեր հայտնի նկարիչներից Սամվել Համբարձումյանն ասաց, որ սա եղել է իր երազանքը, այդ մարդիկ փորձել են ոչնչից բան ստեղծել, դրել են այդ հիմքերը, եւ 20-30 տարի անց արվում է մի բան, ու իրենք հասկանում են, որ այն ժամանակ իրենց արած գործը հենց այնպես չի եղել, հիմա արդեն ունի իր արդյունքը»,- ասում է նա ու հավելում, որ բիենալեն կանցկացվի երկու տարին մեկ անգամ, Հայաստանում։



Սոնա Հարությունյանը նշում է, որ հայ արվեստագետների գործերը շատ էքսպրեսիվ են․ «Կարելի է ասել՝ լավագույն էքսպրեսիվ աշխատանքներն են եւ շատ են աչքի ընկնում»։ Ի՞նչ շանսեր ունեն մեր գրաֆիկ նկարիչները միջազգային մասշտաբի այս բիենալեում։ Բավականին լավ․ «Ես, որպես Հայաստանի կողմից ժյուրիի անդամ, որեւէ քայլ չեմ անելու այդ ուղղությամբ, ինչքան էլ որ ինձ շատ հաճելի կլինի, որ ընտրվի հայ արվեստագետ, բայց կարծում եմ՝ ժյուրին ինքնին դա կնկատի, որովհետեւ բոլորն էլ մասնագետներ են։ Պետք է մի բան էլ ասեմ․ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լեհաստանն ու Գերմանիան, որոնք ունեն բառիս բուն իմաստով դարավոր փորձառություն եւ դպրոց, մենք մեր բիենալեում ներկայացնում ենք լեհ եւ գերմանացի արվեստագետների, էլ չեմ ասում չինացիների նորանոր տեխնոլոգիաներով արված աշխատանքների մասին, բայց վստահաբար կասեմ, որ մերոնք որեւէ բանով չեն զիջում։ Երբ Արմանը եւ Տիգրանը 2014-ին առաջին անգամ աշխատեցին օֆսեթ լիտոգրաֆիայի ոլորտում, միջազգային ժյուրիի բոլոր 4 անդամների կողմից նրանց աշխատանքները միաձայն ընտրվեցին, մինչդեռ նրանք առաջին անգամ էին աշխատում այդ տեխնիկայով»։ Սոնա Հարությունյանը նաեւ ընդգծում է, որ այդ պոտենցիալը մենք ունենք, իսկ հիմա, երբ միջավայրն էլ սկսի նպաստել դրան, մեր ունեցածը կսկսի ծաղկել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ