Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ

Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին գտնում է, որ պոստխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման համար «պետք է լինի արտաքին արբիտր»: Նա նշել է Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսեթիան եւ Լեռնային Ղարաբաղը: «Ահա այս չորս տեղերն են, որտեղ իմպերիայի (ցարական Ռուսաստանի՝ Վ. Ա.) կամ ԽՍՀՄ կազմում խնդիր չկար, բայց հենց անջատվեցին, խնդիրներն իսկույն երեւան եկան»,- մանրամասնել է ԼԴԿ-ի առաջնորդը եւ ավելացրել, որ «ԽՍՀՄ սահմանները կամավոր, հանրաքվեի միջոցով պետք է վերականգնվեն, նախկին բոլոր հանրապետությունները պետք է մտնեն Ռուսաստանի կազմ, եւ այդժամ կլինի խաղաղություն, տեղական բոլոր հակամարտությունները կկարգավորվեն, հսկայական երկրի բոլոր ժողովուրդները կկարողանան հանգիստ ապրել՝ չվախենալով վաղվա օրվա համար» ( https://haqqin.az/news/113790 ):



Ի՞նչ նախապատմություն եւ գենեզիս ունեն Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրները՝ կարող են փաստարկել եւ դատողություններ անել այդ կազմավորումների ներկայացուցիչները: Իսկ ահա Լեռնային Ղարաբաղի հարցում Ժիրինովսկին ակնհայտորեն սխալվում է: Քանի որ իմպերիայի կազմում են ցարական իշխանությունների կողմից հրահրվել եւ ուղղորդվել հայ-թաթարական արյունալի բախումները 1905-07թվականներին: Իսկ արդեն խորհրդայնացած Ռուսաստանը 1920թ. մայիս-հունիս ամիսներին 11-րդ բանակի ուժով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, բռնաճնշել հայ ժողովրդի մի հատվածի ազատ ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը գոյություն ունի այն պահից, երբ Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն, նման հարցերի լուծման իրավասություն չունենալով, ընդունել է իր կողմից ռազմական ներկալման տակ գտնվող տեղաշրջանը «թողնել Ադրբեջանի կազմում»: Եւ ԽՍՀՄ գոյության տարիներին այդ անարդարության դեմ արցախահայությունն ընդվզել է մի քանի անգամ: Ոչ մի իմպերիա ազգային հարց չի լուծել եւ չի կարող լուծել: Իմպերիայի համար կարեւորը տարածքն է, արտաքին սահմանը: Ներսում նա վարում է ուծացման քաղաքականություն, որը դառնում է հակամարտությունների պատճառ: Եւ ընդհակառակը, ինքնիշխան երկրները կարող են կարգավորել իրենց խնդիրները: Օրինակներ կարելի է բերել եւ պատմական անցյալից, եւ մեր օրերից:



Պոստխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորմանը խանգարում է մեռած, բայց անընդմեջ ռեանիմացիայի հավակնող իմպերիայի դաժան շունչը: Ներկա փուլը վճռորոշ է, նախկին խորհրդային երկրներից պահանջվում է կամք, հեռատեսություն, որպեսզի կարողանան հաղթահարել իմպերիականության ճնշումը: Եթե կարողանան, ապա խնդիրները կլուծվեն ինքնին: Եթե՝ ոչ, ապա ամեն ինչ կվերադառնա իմպերիահպատակության նախասկզբին:



Վահրամ Աթանեսյան