Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան

Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան

Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումներին նվիրված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 11 կետից բաղկացած առաջարկներին: Գրառումը ներկայացնում ենք ստորև:



Հրանտ Բագրատյանի գրառման առիթով



Ծանոթանալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հերթական «աղմկահարույց» առաջարկներին ու մտորումներին՝ այս անգամ Հայոց Եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ և այս կապակցությամբ արդեն հնչող «փորձագիտական» (օրինակ` Դանիել Իոնիսյանի և այլոց) գնահատականներին` հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից, մասնավորապես Հայ Եկեղեցուն առնչվող պարզագույն հարցերից և, հավանաբար, ի զորու չեն տեսնելու շատ և շատ իրենց արծարծած խնդիրների հստակ պատասխանները: Շաբաթներ առաջ պրն. Բագրատյանին տեսա մեր եկեղեցիներից մեկում, խաչեղբայր էր պսակադրության ժամանակ. սա ենթադրել է տալիս, որ Հայոց Եկեղեցու զավակ է, ծանոթ է թե Հայ Եկեղեցու, թե հայ ժողովրդի պատմությանը, իբրև տնտեսագետ ևս հայտնի է, հետևաբար որոշակիորեն ծանոթ է նաև հայրենի օրենսդրությանը: Մնացյալի մասին ավելորդ է խոսել, այդ ամենի մեջ ինչն է իր համար համոզիչ թվում և բավարարող, ինչը չէ, կամ թե ինչպիսինն են իր պատկերացումները՝ հանդեպ իր Եկեղեցին իր պարտականությունների վերաբերյալ:



Ես ինքս էլ անցյալի վերաբերյալ, և ոչ շատ հեռավոր, շատ հարցեր ունեմ, որոնք այդպես էլ դեռ մնում են անպատասխան: Սակայն ինքնանպատակ չեմ նկատեմ դրանք պարզապես բարձրաձայնելը` որևէ մեկին ինչ-ինչ փաստեր հիշեցնելու, հատկապես, այս կամ այն կերպ արտահայտվելու, ինչպես նաև ակնհայտ հակասական մտքեր հնչեցնելու իրական դրդապատճառները բացահայտելու համար:



Եկեղեցու բարեփոխման խնդիրը միշտ էլ արծարծվել է տարբեր ժամանակներում և առաջին հերթին՝ հենց եկեղեցականների կողմից, այսօր էլ շատ հարցեր Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ քննարկման առարկա են Եկեղեցու տարբեր հարթակներում: Սակայն դա երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով, ինչպես դա ջանում է ցույց տալ պրն. Հրանտ Բագրատյանը: Իր և այլոց կողմից մատնանշված շատ հարցեր վաղուց ունեն իրենց պատասխանները, այլ հարց է` թե կա՞ արդյոք կամք դա բավարար համարելու համար, թե` ոչ: Որոշ հարցերի շուրջ առանձին կետերով շարադրելը, հնարավոր է, իրենից խլել է սոսկ մի քանի րոպե, ինչը զուտ կանխակալ մտադրության արդյունք է, մինչդեռ՝ իրականության մեջ համալիր քննարկումներ են եղել տասնամյակներ շարունակ, նկատի է առնվել Ընդհանրական Եկեղեցու, Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների` մեր ընտանիքի կեցվածքը դրանց շուրջ, իսկ գործադրությունն էլ արվել է փուլային եղանակով և այլն: Հասկանալի պատճառով հարկ չեմ նկատում մանրամասների մեջ մտնել:



Հայ Եկեղեցին, բնականաբար, երբևէ չի ձգտել իր քայլերով որևէ մեկի հաճոյանալ և հետայսու էլ դա չի անելու: Կա առաքելություն, դրա իրականացման հստակ գիտակցում և ճանապարհ, թե ինչպես գործել` առաջնորդված, նախ, սեփական օրենքներով, կանոններով ու կանոնադրություններով, ապա տարբեր երկրների օրենսդրության և տիրող կրոնական միջավայրի թելադրություններով, որոնց պայմաններում իր ծառայությունն է հայությանը բերում Հայոց Եկեղեցին: Ամեն պարագայի Եկեղեցին գործել է օրենքի պահանջները հարգելով ու պահպանելով՝ առանցքում ունենալով հայապահպանության և հոգևոր փրկության գերխնդիրը:



Անտեղյակությունը նշված կետերի շուրջ և կատարված դիտարկումները (որքան էլ որ դա թույլ է տալիս տվյալ անձի ամբարած գիտական փորձառությունը), ինչ խոսք, դեռ չի նշանակում, որ դրանք բացարձակ ճշմարտություն են և հնարավոր է կուրորեն դրանց հետևել և հրճվանքով արտաբերել՝ իբրև նշան խիզախության և համարձակության: Դրանք սոսկ անձնական տեսակետներ են՝ թելադրված վերը նշված հանգամանքներով: Առաջիկա օրերին ես կանդրադառնամ ներկայացրած կետերին, վստահ եմ կհնչեն միանգամայն այլ կարծիքներ:



Եվ քանի որ արձագանք են գտնում դեկլարատիվ արտահայտություններ՝ հարկերի վճարման ու ՀԴՄ կտրոնների տրամադրման և ունեցվածքի ու եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, նշեմ, որ Հայ Եկեղեցին Հայաստանում`



1) ամենախոշոր հարկատուներից է, մատուցում է ամենամեծ շրջանառությամբ սոցիալական ծառայություն, ինչպես նաև ցուցաբերում է տարաբնույթ օժանդակություն ժողովրդին: Եկամտահարկ անխտիր գանձնվում է եկեղեցական կառույցներում ծառայող աշխատավարձ ստացող բոլոր եկեղեցականներից և աշխարհականներից: Ինքս էլ, յուրաքանչյուրիդ նման, հարկատու եմ,



2) ՀԴՄ կտրոն չի կարող տրամադրվել նվրատվությունների դիմաց, քանի որ ծիսական արարողությունները սակագին չեն ենթադրում, ինչը պրն. Բագրատյանը պիտի որ լավ իմանա, իսկ մնացյալ դեպքերը, երբ Եկեղեցին ազատվում է իր հարկերից բարեգործական ձեռնարկների կամ ծիսական պարագաների, հոգևոր գրականության վաճառքի համար և այլն, կարգավորվում են առանձին օրենքներով: Իսկ գույքահարկ պահանջել բոլոր այն պատմական կառույցների (օրինակ` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, վեհարան) և այլ շինությունների (օրինակ` հայորդյաց տներ, բարեգործական ճաշարաններ, սոց. խնամքի կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ, երիտասարդական միություններ, գրադարաններ, թանագարաններ և այլն) համար, որոնք այսօր, ինչպես դարեր առաջ շարունակում են Հայոց Եկեղեցու կողմից ծառայեցվել մեր ժողովրդին, պարզապես անհեթեթություն է և հստակ պատճառներ կան այդպես կարծելու համար,



3) Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է այդ օրենքի գործողության որոլտը, իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով տրված է «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացության իմաստը: Ուստի որևէ կերպ չկարողացա այդ ցանկերի մեջ գտնել Եկեղեցին՝ իբրև հաստատություն կամ բարձրաստիճան հոգևորականներին:



Իսկ ի պատասխան առաջարկի` թերևս փոխարենը ծանոթանաք այն փաստին, որ Եկեղեցին ինքն իր դարավոր կանոններն ու կարգավորումներն ունի այդ ամենի` օրինակ կուսակրոն եկեղեցականների գույքի, ունեցվածքի և այլնի վերաբերյալ:



Մի փոքր, բայց էական հարցադրում ևս. տարբեր ժամանակներում ակնհայտ ապօրինությունների ճանապարհով բարբարոսաբար ոչնչացվել կամ պետական սեփականությանն են անցել եկեղեցապատկան պատմության հուշարձաններ, ձեռագիր մատյաններ և այլ արժեքներ: Հայ Եկեղեցին առ այսօր չի բարձրացրել դույզն ինչ փոխհատուցում տալու կամ այդ գույքը վերադարձնելու խնդիրը, ուստի պրն. Բագրատյանին չի՞ թվում, որ ոչ էական առանձին արտոնությունները բացարձակապես չեն կարող համեմատության մեջ լինել այն արժեքի հետ, որ օրինական պահանջի դեպքում հանրային իշխանությունը հարկադրված կլիներ փոխհատուցել:



Այս է իրականությունը:



Վահրամ քահանա