Ստելլա Գրիգորյանի գունավոր քանդակները «IN TOUCH» ցուցահանդեսում (լուսանկարներ)

Ստելլա Գրիգորյանի գունավոր քանդակները «IN TOUCH» ցուցահանդեսում (լուսանկարներ)

«Դալան» ցուցասրահում բացվել է եւ մինչեւ հոկտեմբերի 31-ը կգործի քանդակագործ, գեղանկարիչ Ստելլա Գրիգորյանի «IN TOUCH» («կապի մեջ, դիպչելով») խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։  



Ցուցահանդեսին ներկայացված են 2012-17թթ-ին արված հեղինակի 24 քանդակային տարբեր չափսերի ու ժանրերի կոմպոզիցիաներ, որոնք արվել են տարբեր նյութերով՝ գիպս, բրոնզ, փայտ, պենոպլաստ, թուղթ, մետաղալար․ «Հիմնականում հաստոցային, միջին քանդակներ են։ Դիմաքանդակներ, հուշարձաններ կամ այլ քանդակներ այս ցուցահանդեսում չեմ ներկայացրել»,-ասում է Ստելլան ու նշում, որ ցուցահանդեսի խորագիրն ընտրել է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Աննա Գալստյանը, իսկ քանդակների ընտրությունն ինքն է արել, թեմաները թեեւ տարբեր են, բայց գերակշռում է ձուկը, որն առանձնանում է իր խորհրդով․ «Ինձ համար ձուկը դրախտի, առօրյայից կտրվելու, ջրային թագավորության բնակիչն է, որը մարդու հետ համատեղ, հոսքին համընթաց գնում են, որը մեծ խորհուրդ ունի։ Ձկնային քանդակներից մեկը հենց ինքնաքանդակ է, որ կերպարանափոխություն է ներկայացնում, իմ մարմնի շարունակությունը ձկան տեսքով»։



Ստելլան ներկայացված քանդակների մի մասը գունավորել է՝ ներկել վառ գույներով․ «Գույնն այս դեպքում լրացնում է զգացողություններն ու տրամադրությունը, էներգիան, թեման, այս դեպքում արդեն գեղանկարի, քանդակի համադրում է, եւ գեղանկարչությունն օգնում է քանդակագործությանը հնարավորինս վերջնական եւ ամբողջական արտահայտվել»,-ասում է քանդակագործը։ Սա հեղինակի թվով 5-րդ անհատական ցուցահանդեսն է, մինչ այդ ունեցել է նաեւ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես։  



Ինչպես ցուցահանդեսի համադրող Աննա Գալստյանն է նկատում հեղինակը իր բոլոր գործերը նույնացնում է իր մարմնի հետ՝ շեշտը դնելով մարմնական կորստի և դրա վերահայտնաբերման ցիկլերի հետ․ «Այդ պատճառով առաջին հերթին այդ աշխատանքները աչքի են ընկնում իրենց ֆակտուրային, զգայական, շոշափողական մակերեսով՝ իրենց մեջ կրելով նաև տարածությունը զգայականորեն կլանելու հատկանիշ։ Այսինքն՝ տարածությունը ինքը վերածվում է մի մեծ կենսական օրգանիզմի, որի մեջ ապրում է կամ ցուցադրվում արվեստագետը։ Այս դեպքում ցուցասրահը հեշտորեն դիտարկվում է որպես արվեստագետի արվեստանոց, որտեղ պատահականորեն կամ մտադրված ներկա է դիտողը։ Սա իր հերթին նաև ցուցադրական նմուշը իր «թանգարանային, պատկերասրահային» դիրքորոշումից ուղղակի հումքի կամ «ֆիլտրի» վերածելու շատ հարմար առիթ է։ Մեծամասնությամբ երկկենցաղների՝ ձկների ընտրությունը որպես հեղինակի քանդակների թեմա նույնպես ունի իր բացատրությունը, քանզի մարմնականի վերաիմաստավորումը նա տեսնում է ջրային և կամ երկբնակ կենդանիների մեջ, որոնք անհրաժեշտության, վտանգի, սպառնալիքի դեպքում պաշտպանվում են իրենց իսկ մարմնի՝ կաղապարի մեջ»։