Բանակում չեն ծառայել, բայց կոչումներ ու մեդալներ՝ ինչքան ուզես

Բանակում չեն ծառայել, բայց կոչումներ ու մեդալներ՝ ինչքան ուզես

 



Բանակում չծառայած, սակայն պետական ապարատում պաշտոն զբաղեցնողների մի աստղաբույլ էլ, պարզվում է, կառավարության տաքուկ անկյուններում է ծվարել: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության աշխատակազմի կադրային բանկի ուսումնասիրությունը դա է փաստում՝ զինապարտության մասին տեղեկանքը հիշյալ աշխատակազմի ներկայացուցիչներից ոմանց կենսագրականներում բացակայում է: Թվարկումն սկսենք կառավարության ղեկավարից՝ Կարեն Կարապետյանը բանակում ծառայելու եւ բանակային բորշչի ու սեւ հացի «գարբուշկայի» համը ճաշակելու հնարավորություն չի ունեցել, քանի որ գիտությանն է նվիրվել: Նրա կենսագրականի «Այլ տվյալներ» բաժնում զինապարտ լինելու մասին ոչ մի նշում չկա, փոխարենը նշված է, որ 1989-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:



Զինապարտության մասին տեղեկանք առկա չէ նաեւ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանի պարագայում: 26-ամյա այս երիտասարդն ամուսնացած չէ, հետեւապես՝ օրինական ամուսնությունից ծնված երեխաներ չունի, որ այդ հիմքով ծառայություն չանցներ, գիտական աստիճան էլ չունի: Փոխարենը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել՝ 2013 -2014 թթ. եղել է Ա/Ձ Հայկ Զոհրաբյան հիմնադիր տնօրեն, 2016-2017 թթ.՝ Տրանս Գլոբալ ՍՊԸ հիմնադիր տնօրեն: 2017 թ. փետրվարի 28-ից ՀՀ վարչապետի օգնականն է: Վարչապետի հաջորդ ջահել, համակրելի կադրը՝ մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, նույնպես բանակային դիսցիպլին չի անցել, մատները զենք կրելով չի կոշտացրել: Նա դեռ 30 տարեկան չկա, 2005-2009թթ. սովորել եւ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, 2010-2012թթ.՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների մագիստրատուրան: 2014-2015թթ. ՀՀ դիվանագիտական դպրոցն է ավարտել, 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնագիտական վերապատրաստման ծրագրով Նիդերլանդների Քլինգենդալի միջազգային հարաբերությունների ինստիտուտն է հաճախել: Բանակից խուսափելու ընտիր տարբերակ: Ծնունդով Իրանից Արմեն Ավակ Ավակյանն էլ՝ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը, բարձրագույն կրթությունն ստացել է հայրենիքում՝ 2002-2007 թթ․ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետ ուսումը շարունակել Հունգարիայում՝ մեկ տարի էլ սովորելով Կենտրոնական եվրոպական համալսարանում: Ավակ Ավակյանը, սակայն, 2007-2008 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականն է եղել: ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով մեկ այլ խորհրդական՝ ՀՀԿ-ական Ալեքսանդր Խաչատուրյանը, նույնպես բանակային իր կյանքի ու սխրագործությունների մասին երեխաներին ու թոռներին պատմելիք չունի: Նա գիտական աստիճան չունի, Հայաստանի ֆրանսիական համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի՝ 2011-2012թթ., ԱՄՆ Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցում ֆինանսական եւ բանկային իրավունքի մագիստրատուրայում է ուսանել: Ի դեպ, ՀՀ կառավարության 2008-ի փետրվարի 7-ի N 129-Ա որոշմամբ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ 2010 թվականի գարնանային զորակոչը տարկետում է տրվել:



Այսինքն՝ տարկետման ժամկետը լրանալուց հետո է միայն երիտասարդ Խաչատուրյանը մեկնել արտերկիր ուսանելու: Ուշագրավ է, որ նա 2007-2010 թվականներին մի շարք օտարահունչ կազմակերպություններում իրավախորհրդատվական պաշտոններ է զբաղեցրել: ՀՀ զինված ուժերում ծառայություն չի անցել նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նա 2004-2007 թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու է եւ բացի այդ՝ արտասահմանյան բուհերում մասնագիտական որակները կատարելագործելուն է լծվել: Ավետիսյանը կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանի որդին է: Քանի որ Ավակ Ավակյանի կենսագրականում հիշատակվեց նրա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական լինելը, ուսումնասիրեցինք նաեւ հիշյալ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի կենսագրությունը: 40-ամյա Վարդանյանի կենսագրականում այնքան շատ նշումներ կան արտերկրի ուսումնական ծրագրերին նրա մասնակցության մասին, որ գլխապտույտ ունեցանք: Նա 2003-ին չորս տարբեր երկրներում տարբեր ուսումնական ծրագրերի է մասնակցել: Սակայն այդ ծրագրերը գիտական թեզի նյութ, փաստորեն, չեն դարձել: Վարդանյանը հիմնադրամում է 2004 թվականից: Ի դեպ, ԼՂՀ նախագահի կողմից 2015-ին պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: 



Բանակում չծառայածներին հայտնաբերելու մեր պեղումները մի պահ կանգ առան նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմում: Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի կենսագրականում զինապարտության մասին տեղեկանքը: Քանի որ նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում չգտանք նրա կենսագրականը, փնտրեցինք Վիկիպեդիայում: Ըստ այս կայքի՝ Վլադիմիր Հակոբյանը 2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր։



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ