Չպայքարել՝ կնշանակի խրախուսել

Չպայքարել՝ կնշանակի խրախուսել

Ինչքան շատ ենք խոսում բռնությունից, բռնությունը կանխելուն ուղղված օրենքներ ընդունում, բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական գործեր հարուցում, հասարակական կազմակերպություններ ձեւավորում, բռնության զոհերի համար ապաստարաններ կառուցում, այնքան բռնությունն ավելանում է։ Երեկ հասարակությունը ցնցվել էր Արմավիրի մանկապարտեզ մտած, երեխա ու դայակ պատանդ վերցրած բռնարարի արարքից։ Կենցաղային հողի վրա, ընտանիքում հարցերը լուծելու անկարող տղամարդը դիմել էր ամենազազրելի արարքին՝ ձեռք էր բարձրացրել մեր սրբության սրբոցի՝ երեխաների վրա։ Եվ այս դեպքի ֆոնին ոմանք դեռ քննարկում են՝ արժի՞ բռնության կանխարգելմանն ուղղված օրենք ընդունել, թե՞ ոչ։ Կարելի՞ է արդյոք բռնության զոհ դարձած երեխաներին վերցնել ծնողներից։ Որքանո՞վ է ճիշտ խրախուսել, որ բռնության ենթարկված անչափահասներն իրավունք ունենան բողոքել ծնողներից, ակնկալել պետական մարմինների միջամտությունն ու պաշտպանությունը։ Իբր՝ մեր ընտանիքներն անձեռնմխելի են, հայ ծնողների իրավունքները՝ սահմանափակման ոչ ենթակա, հայերն էլ ծնողի էտալոն են՝ ոչ ավել, ոչ պակաս։ Մեր ազգի մի հատվածը, ընդհանրապես, շատ բանի վրա աչք փակելու, իրեն գերագնահատելու, իրերն իր ուզած ձեւով՝ խեղաթյուրված ընկալելու բարդույթ ունի։ Այս խմբի կարծիքով՝ հայ լինելը մի արտասովոր երեւույթ է, հայի գենն ու հայի ընտանիքն էլ անձեռնմխելի ու յուրահատուկ իրողություններ են, որի համար առանձնահատուկ օրենքներ պետք է մշակվեն, արտոնյալ պայմաններ ստեղծվեն։ Իրականում մենք մեր ընտանիքի անդամների իրավունքները հարգել չգիտենք, մեր զավակներին ու ամուսիններին էլ, որպես կանոն, մեր սեփականությունն ենք համարում։ Իսկ սեփականության հետ, հայտնի է, վարվում են այնպես, ինչպես ուզում են։