Կրկեսը շարունակվում է

Կրկեսը շարունակվում է

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերը հավակնում են ավելի դիտարժան լինել, քան այս գումարման խորհրդարանի նիստերը։ Ճիշտ է՝ երեկ նիստն առաջին անգամ անցել է առանց վիրավորանքների, հայհոյանքների ու վեճի, բայց «Երկիր ծիրանին» կրկին փայլել է կրեատիվությամբ։ Երեք կին ավագանիներից կազմված խմբակցությունը քաղաքապետարան է ներկայացել բարձրախոսով, ավազե ժամացույցով, կուսակցության դրոշակներով եւ դեղատուփով։ Երբ նրանց խոսելու ժամանակն սպառվել է, ԵԾ-ականները միացրել են բարձրախոսն ու ամեն գնով իրենց խոսքն ավարտել։ Ելույթների կամ քվեարկության ժամանակ պարզել են կուսակցության փոքրիկ դրոշները։ «Love» մակագրությամբ ավազե ժամացույցն էլ պետք է եկել այն ժամանակ, երբ ՀՀԿ-ականներն են ելույթ ունեցել, հսկել են՝ մեկ վայրկյան ավելի խոսելու դեպքում բարձրաձայնել են այդ մասին։ Այդպես ընդհատել են փոխքաղաքապետ Կամո Արեյանի ելույթը, որը նախորդ նիստում նրանց կոչ էր արել գնահատել «իրենց ունեցած դրախտի այս կտորը», եւ ով հավանաբար կարծում է, որ ողջ կյանքն անցկացրել է դրախտում, քանի որ քաղաքապետարանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից է։ Իսկ դեղատուփը տիկնայք տարել են ավագանու այն անդամների համար, որոնք իրենց լավ չեն զգա՝ կընդհատեն ու կկոպտեն իրենց։ Դեղը կտան՝ կհանգստացնեն ու կշարունակեն իրենց գործը։ Հանգստացնող դեղահաբի է «արժանացել», օրինակ, «Ելքի» ավագանու կին անդամներից մեկը, երբ ընդհատել է «ԵԾ» անդամ Մարինա Խաչատրյանին։ Բախումը, որքան էլ զարմանալի է, այս անգամ ընդդիմության միջեւ է եղել՝ «Երկիր ծիրանիի» եւ «Ելքի», իսկ հանրապետականները, այդ թվում՝ նախորդ նիստում հայհոյանքներ հնչեցրած Լեւոն Իգիթյանը, զարմանալիորեն, լուռ ու զուսպ են եղել։ Մի խոսքով, ուշագրավ նիստ՝ խոստումնալից շարունակությամբ։