Դա կոչվում է սննդային վարքագծի խանգարում` էմոցիոնալ սննդային վարքագիծ

Դա կոչվում է սննդային վարքագծի խանգարում` էմոցիոնալ սննդային վարքագիծ

Տասը տարի առաջ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր էր հեռարձակվում «Մեր մեջ ասած» հեռուստածրագիրը: Դերասանուհի Իրինա Դանիելյանը, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը և հաղորդավար Արևիկ Ուդումյանը համատեղ հաղորդում էին վարում` հիմնականում խոսում էին կանանց մասին, երբեմն հիշելով նաև տղամարդկանց: Նրանք տարբեր հյուրեր էին ընդունում տաղավարում, զրուցում տարատեսակ թեմաներից, բայց հաղորդման առանցքում կնոջ ներաշխարհն էր: Այդ հաղորդումից հետո այս չորս կանանցից և ոչ մեկին էկրանին այլևս չտեսանք: Իրինա Դանիելյանը գրեթե որևէ ֆիլմում չի խաղում, հաղորդումներ չի վարում, Կարինե Խոդիկյանը, չնայած բոլոր ժամանակներում ջերմ հարաբերություններ է ունեցել բոլոր իշխանությունների հետ` առանց բացառության, առավել եւս հիմա, հիմնականում զբաղված է պիեսներ գրելով և «Գրական թերթը» խմբագրելով, Արևիկ Ուդումյանը` փաստաբան, նախկին ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանի կինն է` հասկանալի պատճառներով ևս Հանրայինի եթերում չկա 2018-ից հետո, սակայն նրան հաճախ կարելի է հանդիպել ընդդիմության բողոքի ակցիաներին: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն էլ, որն ի դեպ հեռուստադիտողի կողմից բավականին սիրվեց, այսօր զբաղվում է բժշկությամբ և էկրաններին գրեթե չի երևում: 

Նա «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ բավականին զբաղված է և ժամանակ չունի հեռուստանախագծերով զբաղվելու, սակայն շարունակում է զբաղվել դիետոլոգի աշխատանքով և փորձում է օգնել մարդկանց, հատկապես որ այսօր դիետոլոգ բառը որոշ բլոգերների պատճառով արժեզրկվել է և փոխվել են դիետոլոգի մասնագիտության մասին ընկալումները: 

- Տիկին Վարդանուշ, այլեւս հաղորդում չեք վարում, ինչո՞վ եք զբաղված:

- Այլ բաներով եմ ակտիվ, այնքան էլ ժամանակ չունեմ նման բաների: Անգամ ֆեյսբուքյան էջս ակտիվ չէ այնքան: Կողքի աշխատանքները շատ են: Տարբեր գործեր` մասնագիտական: Նույնիսկ հարցազրույցների ժամանակ հաճախ չի լինում:

- Այդ դեպքում եկեք զրուցենք հենց Ձեր մասնագիտության մասին: Վերջին տարիներին աշխարհն իրար է խառնվել, Հայաստանն էլ աղետներից, քովիդից ու պատերազմներից զերծ չմնաց: Հաճախ լսում ենք, որ մարդիկ սթրեսային վիճակում են, կամ ախորժակի իսպառ բացակայությունից են բողոքում, կամ հակառակը` սկսում են շատ ուտել և արդյունքում գիրանում են: Ինչպե՞ս կարգավորել այս խնդիրը:

- Դա կոչվում է սննդային վարքագծի խանգարում` էմոցիոնալ սննդային վարքագիծ: Դա էլ վարքագծային տեսակների խանգարումներից մեկն է: Մտքերը կարող են բերել էմոցիաների` դրական և բացասական, արդյունքում մարդը կարող է սկսել շատ ուտել, կամ հակառակը` չուտել, չուտելը հիմնականում այն դեպքում է լինում, երբ սթրեսը լինում է սուր, միևնույն ժամանակ ուտելն էլ, չուտելն էլ սննդային վարքագծի խանգարում են համարվում: Բարկություն, տխրություն, անհանգստություն, սրանք հաճախ մարդուն ստիպում են ավելի հաճախ ուտել, բայց մարդը պետք է սնունդ ընդունի այն դեպքում, երբ քաղցած է: Դա այսօր շատ տարածված երևույթ է, աշխատում ենք այդ խնդրի հետ: Հաճախ էլ մարդիկ սկսում են ոչինչ չուտել, որպեսզի նիհարեն:

- Լեռնային Ղարաբաղում մարդիկ գրեթե մեկ տարի քաղցած էին: Այժմ Հայաստան են տեղափոխվել: Ամիսներ շարունակ քաղցած մարդն ինչպե՞ս պետք է այսօր կարգավորի իր սննդակարգը:

- Եթե խանգարումներ առաջանային պետք է մեկ ամիս առաջ, դրա ժամանակն անցել է: Այնպես էլ չէ, որ բռնի տեղահանված մարդիկ այսօր ուտելու մեծ հնարավորություն ունեն, շատերն անգամ գոյատևման խնդիր ունեն: Սնունդն ինքնին անհրաժեշտություն է և հենց այդ պատճառով արտակարգ իրավիճակներում կա պարենային զամբյուղ ասվածը, որում կան անհրաժեշտ վիտամիններ ու միկրոէլեմենտներ, սպիտակուցներ, լոբազգիներ, ձեզ դրանք անհրաժեշտ են և օրգանիզմը պետք է ստանա:

- Համացանցը անգամ կրթություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս դիետոլոգ ներկայանալ և տեսանյութների միջոցով մարդկանց տարատեսակ դիետաներ առաջարկել և դիտումներ հավաքել: 10 օրում 10 կիլոգրամ քաշի նվազում, 7 օրում 5 կիլոգրամ քաշի նվազում, հաճախ ենք այսպիսի տեսնյութերի հանդիպում: Նման բլոգերները, որոնք դիետաներ են խորհուրդ տալիս, ի՞նչ ազդեցություն են ունենում իրենց սպառողի առողջության վրա:

- Առհասարակ դիետա բառը շատ է արժեզրկվել, որովհետև դրանով ամեն մեկն այսօր զբաղվում է, այնինչ դա բժշկության ճյուղ է: Տարբեր հիվանդությունների դեպքում սննդաբանական աջակցությունը կարող է մեծ նշանակության ունենալ դրա բուժման և կանխարգելման վրա: Ուռուցքներ, սրտային հիվանդություններ, անգամ հետվիրահատական շրջան, դրանք բոլորը կախված են նաև սննդից: Ցավոք, այսօր սննդաբան են ներկայանում նրանք, ովքեր միայն նիհարելու մասին են մտածում: Ով չի ալարում դիոտոլոգ է դառնում` առանց կրթության, առանց փորձի, բայց դիետոլոգը պետք է խորքային գիտելիքներ ունենա:

- Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել արագ նիհարելը:

- Արագ իջնող քաշը, նույնքան արագ էլ բարձրանում է: Ունեմ պացիենտներ, որոնց մոտ տարբեր խնդիրներ են առաջանում` դաշտանն է վերանում, մազաթափություն է առաջանում, եղունգների որակն է փոխվում և այլն, բայց ամենամեծ խնդիրը, որ կարող է առաջանալ` մկանային հյուսվածքների քայքայումն է: Արագ նիհարելուց ոչ թե ճարպն է մաշվում, այլ` մկանը: Էլ չասեմ մարդու հոգեբանական վիճակը, երբ կտրուկ նիհարում է, ապա կտրուկ գիրանում:

- Կան մարդիկ, որոնք մշտապես քաղցած են մնում, ուտում են միայն հում կանաչեղեն և ջուր են խմում: Ի՞նչ խնդիրներ կարող են նրանք ունենալ:

- Դա էլ մյուս ծայրահեղությունն է: Դա ևս սննդային վարքի խանգարում է: Բայց հիմնականում նման մարդիկ հետո սկսում են ուտել ավելի շատ, քան իրենց օրգանիզմին հարկավոր է: Դա էլ առողջ վարքագիծ չէ: