Դուք, որպես կույր առաջնորդ, հուսահատությունից բղավող ժողովրդին չեք կարող առաջնորդ լինել. Կանադահայոց թեմի առաջնորդ

Դուք, որպես կույր առաջնորդ, հուսահատությունից բղավող ժողովրդին չեք կարող առաջնորդ լինել. Կանադահայոց թեմի առաջնորդ

Կանադահայոց Թեմի Առաջնորդի Կոչը

Հայաստան Աշխարհն ամիսներ ի վեր ապրում է իր ժամանակակից պատմության ամենադաժան և տխուր շրջաններից մեկը: Սեպտեմբերի 27-ից սկիզբ առած և ցայսօր շարունակվող գործողություններն ու մանավանդ Նոյեմբերի 9-ի ստորագրված հրադադարի տխուր համաձայնագիրը՝ 2,5 տարի առաջ կատարված իշխանափոխության հասցեական և սպառիչ պատասխաններն են ամենքիս, որ եկող սերունդը պատմության մեջ պիտի գնահատի որպես ունայնություն և խաբկանք։

Հազարավոր վնասված և մահացած հայորդիների ստեղծած վիշտը, հսկայական տարածքների կորստի հուսալքիչ կացությունը և այս բոլորի հետևանքով ամբողջ հայրենի աշխարհում ստեղծված հոգեբանական, տնտեսական և ռազմական անապահով վիճակը խորապես ցնցել են հայ ժողովուրդը:

Ցավ ի սիրտ Հայոց պատմության արձանագրած հազարավոր փառահեղ հաղթանակներից հետո, այսօր հայրենի մեր կառավարության որդեգրած թույլ ու տկար ընթացքի պատճառով, վայրկյան առ վայրկյան, ազգովի գրանցում ենք մեր պատմության ամոթալի և խայտառակ պարտությունը: Սա ընթացք է, որը շարունակական է քանի դեռ ՀՀ կառավարման ղեկը մնում է համացանցային տիրույթում` անկարող և արժանապատվությանը կարոտ անձերի ձեռքին։ 
Հայրենիքը կորստի եզրին հասցրած իշխող քաղաքական ուժը, այլևս խոսելու փոխարեն պետք է լռեր, գիտակցեր իր կողմից թույլ տրված սխալները և կամովին հեռանար՝ կանխելով էլ առավել ահագնացող ճգնաժամն իր բոլոր բացասական հետևանքներով։ 

Բյուրավոր հայորդիների դժգոհությունը, ինչպես նաև հոգևոր, գիտական, կրթական, մշակութային, գործարար և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների կողմից հնչող հորդորները մնում են անտեսված, քանի որ «Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում» (Ղուկաս ԺԸ 2): 
Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը և մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը: 

Դոստուևսկու «դևեր»-ի հերոսները, կարծես թե համատեղ հարած են այսօրվա հայաստանյան ղեկավարության կերպարների մեջ, սուտ ու կեղծիք տարածելով իրենց հավատացող անդեմ և աննկարագիր հետևորդների մեջ՝ դիւային տիրապետություն սահմանելով մայր հայրենիքում: 
Ստավրոգինի դիմակի տակ թաքնված այսօրվա վարչապետը միայն ներքին քաոս ու զայրույթ ստեղծեց Հայաստանում: Իշխանությունն իր ձեռքին ծառայեց ոչ թէ ստեղծագործության այլ անհատի ինքնաոչնչացման: 

Խորապես առնչված մեր եղբայրների և քույրերի այս օրերին ապրած ճգնաժամով՝ պարտք ենք համարում միանալ վարչապետի հրաժարականի համահայկական պահանջին և աղոթում, որ օրվա իշխանությունը՝ գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդունելով իր ձախողության և այժմու անկարողության ակնհայտ իրականությունը, հրաժարվի իր դիրքերից և առիթ ստեղծի, որպեսզի քաղաքական հանդարտ պայմաններում տեղի ունենա իշխանափոխություն՝ հնարավորություն տալով սթափ գիտակցություն ունեցող անձերին փրկել հայրենիքը վերջնական կործանումից և ժողովրդի մեջ ահագնացող ատելության կործանարար թույնից։
Դուք, որպես կույր առաջնորդ, անիրական խոստումներով տարված, հուսահատությունից բղավող, մի ամբողջ ժողովրդի չեք կարող առաջնորդ լինել։ 
Ի սեր հայրենյաց սուրբ նահատակների, վիրավոր և կարիքի մեջ հայտնված մեր զավակների՝ պատվասեր կամքով հանձն առեք հայրենիքի փրկության ձեր վերջին հնարավորությունը։ Փնտրեցե՛ք իմաստություն և գոնե այս պահին առաջնորդվեք ոչ թե դատարկ կարգախոսով այլ իմաստությամբ «Քանզի իմաստությունն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը» (Առակ. Գ 14):

Չենք կասկածում, որ ինչպես միշտ, Աստվածընտիր մեր ազգի տենչը նպաստին է հասնելու, քանի որ Նա է հաղթանակ պարգևողը (Բ Մնաց․ ԻԵ 8) և Նրան Փառք և Գոհություն այժմ և հավետ․ Ամեն։ 

Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան 
Առաջնորդ Կանադահայոց Թեմի