Շատ լիբանանցիներ գիշերում են փողոցներում, ավելի քան 1 միլիոնն արտագաղթել է

«Հրապարակի» զրուցակիցը լիբանանահայ հասարակական գործիչ, հրապարակախոս, yerepouni-news.com կայքէջի տնօրեն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հայագիտական կենտրոնի տեսուչ Ահարոն Շխրդեմյանն է:
- Վերջին օրերին մտահոգիչ տեղեկություններ են ստացվում Լիբանանից. Իսրայելը ռազմական նոր գործողություն է սկսել՝ հայտարարելով, թե թիրախում «Հզբոլլահ»-ն է: Փաստ է, սակայն, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում, վիրավորվում եւ նույնիսկ լքում սեփական տները:
- Վերջին 15 օրերին իսրայելական բանակը, որոշակի ձեւով հեռանալով կամ հեռացնելով իր ռազմական գործողությունները Գազայի հատվածից, թիրախ դարձրեց Լիբանանը: Նախ պատճառաբանեց, թե Լիբանանի հարավային շրջաններում ոչ լայնածավալ գործողություններ պետք է իրականացնի՝ «Հզբոլլահի» զինյալներին հեռացնելու նպատակով, սակայն հետագայում ապացուցվեց, որ նպատակն ամբողջ Լիբանանի ասպատակումն է՝ հընթացս ռմբակոծելով Լիբանանի տարբեր շրջանները:
Մայրաքաղաք Բեյրութն առավել ծանր ռմբահարումների ենթարկվեց՝ նկատի ունենալով, որ այն նաեւ «Հզբոլլահի» քաղաքական ղեկավարության կենտրոնն է: Գլխավոր ոճիրն այն է, որ սպանվեց «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան եւ նրա հետ՝ նաեւ շարժման քաղաքական ղեկավարության անդամներ: Հետագայում շարունակելով ահաբեկչական գործողությունները՝ Իսրայելը սարսափի մթնոլորտ հարուցեց Լիբանանում՝ հրթիռակոծելով երկիրը հյուսիսային շրջաններից մինչեւ հարավային շրջաններ, գյուղեր՝ որպես կանոն, պատճառաբանելով, թե այդ բնակավայրերում «Հզբոլլահի» զինյալներ կան: Ըստ էության, Իսրայելը հարվածում է քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ անձանց, մեծ ավերածություններ կան, իսկ փախստական գաղթականների թիվն այս պահին հասնում է շուրջ 1 միլիոն 200 հազարի, եւ դեռ աճի միտում կա, քանի որ «Հզբոլլահը» շարունակում է պատասխան հարվածներ հասցնել եւ շարունակել ռազմական գործողությունները: Աշնանային, անձրեւային եղանակը հաշվի առնելով, ինչպես նաեւ տխուր փաստը, որ մարդիկ զրկվել են իրենց բնակարաններից կամ լքել են այն, շատ լիբանանցիներ նույնիսկ փողոցներում են գիշերում:
- Ի՞նչ վիճակ է հիմա հայահոծ շրջաններում: Հայության շրջանում տուժածներ կա՞ն:
- Գալով հայ համայնքին, որը ռազմական թատերաբեմ դարձած շրջաններից, այսպես կոչված՝ ճակատային կամ թիրախային շրջաններից բավականին հեռու է, առայժմ հայկական շրջաններն ապահով վիճակում են: Տուժածների, վիրավորների մեջ, բարեբախտաբար, առայժմ հայեր չկան: Բայց ոչինչ չի կարելի բացառել. կույր ռմբահարումները կարող են տարածվել ամենուր եւ ցավալի հետեւանքներ ունենալ բոլոր շրջանների եւ շրջանակների համար:
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, լիբանանյան տարբեր հայկական կառույցներն ու գործիչները ի՞նչ քայլեր են ձեռնարկում՝ այս դժվարին օրերին հայ համայնքի կյանքն ավելի ապահով դարձնելու համար:
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի միաբանությունը՝ գլխավորապես եւ հովանավորությամբ Մեծի Տանն Կիլիկոյի Արամ Ա վեհափառ կաթողիկոսի, միշտ նախանձախնդիր է եւ ուշադիր լիբանանահայության ճակատագրով ու նրանց վիճակով: Այս իմաստով որոշակի նախաձեռնություններ իրականացվում են ընկերային ծառայությունների, առաջնային բժշկական օգնությունների տեսքով, որեւէ առաջնային աջակցության համար միջոցներ հայթայթելու միջոցով: Նույնպիսի աշխատանքներ են կատարում նաեւ լիբանանահայ համայնքի գլխավոր կառույցները՝ կուսակցությունները, բարեսիրական կազմակերպությունները, մարզամշակութային կառույցները եւ այլն՝ համայնքի անվտանգությունն ու անհրաժեշտ աջակցությունն ապահովելու նպատակով: Կարեւոր է, որ Լիբանանի հայ համայնքը բավականին միասնական է, եւ ամեն բան արվում է՝ հանուն լիբանանահայության կարիքներին առավելապես օգտակար լինելու:
- Եթե իրավիճակը շարունակվի ներկայիս սցենարով, ի՞նչ հետեւանքներ կունենա այդ ամենը ոչ միայն պատերազմի կիզակետում հայտնված Լիբանանի, Իսրայելի, Սիրիայի մեր հայրենակիցների, այլեւ, ընդհանրապես, Հայաստանի ու հայության բովանդակ ճակատագրի վրա:
- Այս կացությունը, դժբախտաբար, կերկարի: Այժմ մեծ գաղթ է սկսվել: Նախ, այն քաղաքացիները, որոնք երկու անձնագիր ունեն, ասել է թե՝ երկքաղաքացիություն, սկսել են հեռանալ Լիբանանից: Բացի այդ, տարբեր երկրներ դիմեցին Լիբանանում ապրող իրենց քաղաքացիներին՝ երկիրը լքելու հրատապ կոչով:
Լիբանանահայությունն էլ անմասն չէ այս իրավիճակից: Թեպետ պայքարում ենք տեղում՝ գետնի վրա, եւ ուզում ենք Լիբանանի մեջ շարունակել մեր առաքելությունը, սակայն չգիտենք, թե անվտանգային մարտահրավերներն ու խնդիրները որտեղ կարող են հասցնել Լիբանանին: Որովհետեւ թշնամին ամեն գնով վճռել է ոչ միայն հաշվեհարդար տեսնել «Հզբոլլահից», այլեւ ամբողջությամբ կործանել Լիբանանը՝ այն վերածելով երկրորդ Գազայի պես ինչ-որ տափաստանի: Ի դեպ, նկատի ունենալով, որ ժամանակին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելն իր դերակատարումն է ունեցել՝ կանգնած լինելով եւ աջակցելով Ադրբեջանին, ինքնաբերաբար պարզ է, թե ինչպիսին պետք է լինի մեր դիրքորոշումն Իսրայելի ներկայիս ոտնձգությունների հանդեպ:
Առհասարակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, լիբանանահայությունը երկար տարիներ, ինչպեսեւ նախորդ քաղաքացիական պատերազմի ժամանակ, այս անգամ եւս կառչած է մնում լիբանանյան հայրենիքին եւ պայքարում է երկրի տարածքային ամբողջականության գերիշխանության եւ ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու ուղղությամբ:
Կարծիքներ