Լավրովը նշել է, թե ՀԱՊԿ-ն ինչպես պետք է հակազդի ՆԱՏՕ-ի սպառնալիքներին

ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են աշխատել Եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։ «Մեր քննարկումներում հատուկ ուշադրություն ենք դարձրել եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորմանը իրենց վարկաբեկած եվրատլանտյան սխեմաների փոխարեն», - նշել է Լավրովը:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն կխոչընդոտի եվրասիական անվտանգության կառույցի ձևավորման գործընթացներին, քանի որ ուզում է միանձնյա լուծել Եվրասիայում կայունության հարցերը: «Սպառնալիքները, որոնք ի հայտ են գալիս եվրասիական անվտանգության համար, գալիս են տարբեր ուղղություններից, բայց դեպքերի ճնշող մեծամասնությունում այդ սպառնալիքների աղբյուրը ՆԱՏՕ-ի ագրեսիվ գիծն է, որը ցանկանում է սեփականաշնորհել, իր տակ առնել մեր հսկայական տարածքում կայունության ապահովման հետ կապված բոլոր հարցերը», - ասել է Լավրովը: Անդրադառնալով Ուկրաինայում Արևմուտքի կողմից հրահրված հակամարտությանը՝ ՌԴ գլխավոր դիվանագետը նշել է, որ Կիևի ռեժիմի օգտագործումը, որպես Ռուսաստանի դեմ ագրեսիայի գործիք, լուրջ սպառնալիք է ներկայացնում նաև ՀԱՊԿ անդամ երկրների համար:
Բացի այդ, ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ ՀԱՊԿ երկրները միասնական են ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Աֆղանստանի իշխանության հետ երկխոսություն հաստատելու անհրաժեշտության հարցում: «Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում սպառնալիքները կապված են հակամարտությունների (այդ թվում՝ պաղեստինա-իսրայելական) կարգավորված չլինելու հետ: Այս գործընթացներն ազդում են հարևան տարածքների վրա՝ նպաստելով ահաբեկիչների տեղափոխմանը Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս»,-հայտարարել է նա։
Կարծիքներ