ՀՀՇ-ից մինչեւ ՔՊ
Երբեք Հայաստանը հարուստ չի եղել պրոֆեսիոնալ կադրերով, եւ, առհասարակ` մարդկային ռեսուրսի սղությունը միշտ է զգացնել տվել: Մի կողմից, մարդիկ դժվարությամբ են աշխատանք ու ապրուստի միջոց հայթայթել, բայց մյուս կողմից էլ որակյալ կադրերի, պրոֆեսիոնալների, կրեատիվ միտք, հեղափոխական մոտեցումներ դրսեւորող մենեջերների պակաս միշտ է եղել: Մանավանդ՝ բարձր պաշտոններ զբաղեցնողների շրջանում, որովհետեւ այստեղ, զուտ կադրերի որակից բացի, մի կարեւոր «չափանիշ» էլ է գործել` յուրային լինելու չափանիշը, որովհետեւ ցանկացած իշխանություն, անգամ` որեւէ հիմնարկի ղեկավար, ուզում է, որ իր ենթական, իր հետ աշխատող մարդը նաեւ իրեն հավատարիմ լինի ու ենթարկվող: Բայց այն, ինչ արվեց 2018-ից հետո, ուղղակի կադրերի ու համակարգերի «հերն անիծել» էր նշանակում:
Չէ` 2018-ին դեռ հեղափոխական իշխանությունները դեմոկրատ էին` քաստինգներ էին անում պետական պաշտոնների նշանակելիս եւ ԱԺ նախընտրական ցուցակը կազմելիս: Եվ առաջին տարին դեռ նորմալ կադրեր հայտնվում էին նրանց շարքերում, որոնք փոփոխությունների հույսով, հավատալով, որ նոր իշխանությունն ուզում է երկիրը «կարգի բերել», մասնակցում էին այդ քաստինգներին եւ պաշտոն ու կարգավիճակ ստանձնում: Հետո, իհարկե, նրանցից շատերի աչքերը բացվեցին, տեսան, որ նոր եկողներն իրենց նախորդներից ոչնչով չեն տարբերվում, իսկ եթե տարբերվում են, ապա այդ տարբերությունը հօգուտ նախկինների է, որոնց մեջ շատերը գոնե ինչ-որ ճանապարհ էին անցել, հայրենիքի զգացում ունեին, պատասխանատվության գիտակցում:
Նաեւ հասկացան, որ խելացի ու գրագետ մարդիկ սրանց պետք չեն` կարեւորը «կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն ցուցաբերելն» ու Փաշինյանի «ընտրական ֆիլտրի միջով» անցնելն է:
Կարծիքներ