Հրաժարվել իշխանությունից, որը փորձում է Արցախի վերջին ծվենները նվիրաբերել թշնամուն

Հրաժարվել իշխանությունից, որը փորձում է Արցախի վերջին ծվենները նվիրաբերել թշնամուն

Մայիսի 9-ը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի հիմնադրման օրը, Արցախում անցել է առանց տոնական տրամադրության։  

Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանն ասում է՝ առավոտյան ընտանիքի, թոռնիկների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել մեր հաղթանակների համար իրենց կյանքը զոհաբերած մեր պապերի ու եղբայրների շիրիմներին․ «Մայիսի 9-ի տոնը խորհրդանշող ամենակարեւոր միջոցառումը դա է եղել Արցախում, նաեւ լռության րոպե է հայտարարվել, եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Իհարկե, այսօր տոնական տրամադրությունը բացակայում է, բայց մենք չպետք է հրաժարվենք մեր հաղթանակներից եւ տոներից։ Մայիսի 9-ը մեր ամենասիրված տոնն է եղել Արցախում, որը խորհրդանշել է մեր պապերի հաղթանակը ֆաշիզմի դեմ եւ մեր ամուսինների ու եղբայրների փայլուն հաղթանակն Ադրբեջանի դեմ։ Դա մեր համազգային միասնության հաղթանակն է եղել, մեր ոգու եւ արժանապատվության հաղթանակը։ Այդ հաղթանակն է, որ 26 տարի ապահովել է խաղաղություն տարածաշրջանում»։

Ն․ Աղաբալյանն ընդգծում է՝ 26 տարի ղարաբաղա-ադրբեջանական սահմանը պահել եւ թշնամուն խաղաղություն է պարտադրել հայոց բանակը, եւ մայիսի 9-ը խորհրդանշում է նաեւ Արցախի պաշտպանության բանակի ծնունդը․ «Բոլոր «խաղաղության դարաշրջանի» ջատագովներին պարզապես պետք է հասկացնել, որ խաղաղությունը լինում է միայն ու միայն ուժերի հավասարակշռության եւ խելացի դիվանագիտության միջոցով։ 26 տարի ղարաբաղա- ադրբեջանական սահմանը պահպանվել է այդ ուժերի հավասարակշռության միջոցով` առանց 3-րդ ուժի, իսկ այն, ինչ պարտադրվում է մեզ այսօր, ոչ թե խաղաղություն է, այլ օտարի լծին հպատակություն եւ հայոց պետականության կործանում»։

Ընդդիմության՝ մայիսի 1-ից մեկնարկած դիմադրության շարժումն անցկացվում է Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով։ Մեր հայրենակիցներն Արցախում ինչպե՞ս են ընդունում այն ամենը, ինչ կատարվում է այս օրերին Երեւանում, կո՞ղմ են ընդդիմության պահանջին: «Արցախում, իհարկե, բոլորը համակարծիք են, համենայնդեպս՝ մեծամասնությունը համակարծիք է եւ գտնում է, որ օր առաջ, ժամ առաջ պետք է հրաժարվել իշխանությունից, որը փորձում է Արցախի վերջին ծվենները նվիրաբերել թշնամուն։ Այլ բան է, որ Արցախում մի քիչ զգուշավոր են՝ հասկանալով, որ ընդամենը մի քանի մետրի վրա կանգնած է թշնամին, եւ պետք է շատ աչալուրջ ու զգոն լինել, ամեն մի քայլ անելուց առաջ նաեւ դրա հետեւանքները գիտակցել, հասկանալ եւ փորձել նոր վտանգներ, ռիսկեր չստեղծել, որը կարող է ավելի խոցելի դարձնել մեր անվտանգությունը, բայց միակարծիք են, որ օր առաջ պետք է հրաժարվենք եւ ազատվենք այս իշխանությունից, որը մեզ տանում է Արցախի եւ հայոց պետականության կործանման ճանապարհով»,- հավելեց Նարինե Աղաբալյանը։