Ե՞րբ կարող են հաստատվել արժանապատիվ հարաբերություններ հայերի եւ թուրքերի միջեւ

Ե՞րբ կարող են հաստատվել արժանապատիվ հարաբերություններ հայերի եւ թուրքերի միջեւ

Հայերն ու թուրքերը՝ որպես հարեւան ժողովուրդներ, դատապարտված են հաշտեցման, վստահելի եւ բնականոն հարաբերություններ հաստատելուն: Արվել են փորձեր, գերտերություններն են աջակցել, անգամ դիվանագիտության պատմության մեջ չհանդիպող քայլ է ձեռնարկվել՝ ֆուտբոլային դիվանագիտություն:

Բայց կատարվել է մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունը, հայերը հայրենազրկվել են, ինչն ունեցել է իր շարունակությունը՝ ի դեմս Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի, այնուհետեւ՝ արցախյան պատերազմների: Նման փաստը չի կարող ապահովել տեւական խաղաղություն տարածաշրջանում, ոչ էլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Ներկայում Թուրքիայինն է ՆԱՏՕ-ի թվով երկրորդ բանակը,  Երկիր մոլորակի ամենալավ «պատառը»՝ զար­գացած տնտեսութ­յամբ հանդերձ: Հեշտ չէ կառավարել Թուրքիայի նման բազմազգ պետությունը՝ այսպիսի բարդ տարածաշրջանում, մանեւրել գերտերությունների միջեւ: Նույնպիսի, բայց էլ ավելի մասշտաբային են Ռուսաստանի հիմնախնդիրները: Այս երկու պետությունները, չնայած էական տարբերություններին, ունեն նույն խնդիրը՝ դիմակայել իրենց արտաքին քաղաքականության ճանապարհին մշտապես հանդիպող Արեւմուտքի սադրանքներին:
Ինչեւէ: Թուրքիան եւ Հայաստանը պետք է «հանդիպեն» միջազգային դատարանում:

Միայն դատարանի վճռից հետո, անկախ այն բանից, թե դատարանն ինչ դիրքորոշում կդրսեւորի Հայոց ցեղասպանության առնչությամբ, հնարավոր կլինի երկու ժողովուրդների միջեւ հաստատել տեւական ժամանակ սպասված բնականոն հարաբերությունները: Պատմության այդ մութ էջերի բացահայտումը երկու երկրների, ինչպեսեւ աշխարհի մյուս ժողովուրդների համար կարող է նշանակալի դերակատարում ունենալ՝ այսուհետ նման ողբերգական իրադարձությունները կանխելու եւ երբեւէ կատարված հանցագործությունների համար պատժի անխուսափելիության տեսանկյունից: Այսպիսին կարող է լինել արժանապատիվ խաղաղության ու փոխըմբռնման հաստատման ճանապարհը: Թվում են ավելորդ «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատելու մասին խոսակցությունները կամ քայլերը: Եթե միջազգային դատարանի վճռով ապացուցվի Թուրքիային՝ որպես պետության, առաջադրվող մեղադրանքը, ապա այդ նախապայմանները պետք է Հայաստանն առաջարկի եւ բանակցի Թուրքիայի հետ:

Իսկ եթե «ապացուցվի» Թուրքիայի անմեղությունը, ապա բանակցությունների հիմքը կլինի բոլորովին այլ: Թուրքիան հզոր երկիր է, կարողանում է արժանապատիվ հարաբերվել իրենից  հզորների հետ: Եթե նույնկերպ հարաբերվի ոչ հզոր (ինչում որոշակի «նպաստ» է ունեցել հենց ինքը) Հայաստանի հետ, ապա դա էլ ավելի կհզորացնի նրան: Եվրոպան «ծերացել» է ու անտանելի դարձել, ավելին՝ որեւէ սկզբունք, որեւէ արժեհամակարգ այլեւս չի առաջնորդում եվրոպացիներին: Նրանք կորցնում են նույնիսկ իրենց ինքնությունը: Հետեւաբար, իրական արժեքները, որոնք շրջանակների մեջ կդնեն Արեւմուտքի՝ մարդկության համար արդեն վտանգավոր դարձած վարքագիծը, Արեւելքում է. Թուրքիա, Իրան, արաբական աշխարհ, մինչեւ Հնդկաստան, Չինաստան ու Ճապոնիա, իսկ հյուսիսում՝ Ռուսաստան: Այլ է Ադրբեջանի հարցը: Այս երկիրը դեռեւս «մաճառի» գործընթացում է, կգա ժամանակը, կհանդարտվի կամ կհանդարտեցնեն:

ՀԳ. Զուր են Թուրքիայի համաթուրանական նկրտումները: Այդ գաղափարի ճարտարապետները պետք է մի բան հասկանան. թյուրքալեզու՝ չի նշանակում Թուրքիա, չի նշանակում թուրք: Կենտրոնական Ասիայում բնակվում են ազգային բարձր արժանապատվությամբ օժտված ղազախներ, ուզբեկներ, թուրքմեններ, կիրգիզներ, որոնք, թեպետ, թյուրքալեզու են, ունեն իրենց ազգային արժեհամակարգերը, պատմական ժառանգությունը, որոնք նրանց նկատմամբ հարգանքի անքննելի հիմքեր են: Նույնը վերաբերում է Չինաստանում կոմպակտ բնակվող ույղուրներին: Հակառակ դեպքում, Փոքր Ասիայից մինչեւ Խաղաղ օվկիանոս կբռնկվի պատերազմ, որը վերջ կդնի մարդկության գոյությանը:

Չնայած հայ եւ թուրք ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ անհանդուրժողականությանը, այդուհանդերձ, պատմության մեջ եղել են հարաբերական բարու դրվագներ: Դրանցից մեկն իմ նախնիների հետ է կապված՝ դեռեւս 1914 թվականին․ իմ Տոնապետ մեծ պապին, ով Բուլանխ գավառից էր, թուրքերը զգուշացնում են, որ վատ բաներ են սպասվում: Եվ ահա, իմ մայրական կողմի գերդաստանը, վերցնելով ինչ հնարավոր է, շարժվում է դեպի Արեւելյան Հայաստան՝ թողնելով անասուններին: 1-2 օր ճանապարհ անցնելով, հերթական դադարի ժամանակ, պապս լսում է իր շան հաչոցը, որին թողել էր հոտի հետ:

Պարզվում է՝ հարեւան թուրք ընտանիքի հայրը հանձնարարել է իր տղային՝ հայ ընտանիքին պատկանող ոչխարները հասցնել իրենց: Տոնապետ մեծ պապս ցանկանում է երիտասարդին ոսկով վճարել եւ ճամփել հետ՝ Թուրքիա, սակայն նա հրաժարվում է վերադառնալ: Մեծ պապս հետագայում նրան տալիս է ինչ-որ ունեցվածք, գտնում մի թուրք աղջիկ (այն ժամանակ Հայաստանում թուրք ընտանիքներ կային), ամուսնացնում: Երբ մերոնք թողնում են գյուղի իրենց անշարժ ունեցվածքը, թուրք հարեւաններն ասում են, որ կարող են անհոգ լինել, երբ վերադառնան, կրկին իրենց ունեցվածքի տերը կլինեն: Մերոնք այդպես էլ չեն վերադառնում… Հիմնավորվում են Հրազդանի գյուղերից մեկում: Տարիներ անց այդ տունը, որը նախկինում թուրք ընտանիքի էր պատկանել, վաճառում ու գնում են այլ գյուղ: Տան մուտքի շեմին դրված քարերի տակ նոր սեփականատերը գտնում է ոսկի, թուրքի ոսկի: Հետագայում մերոնք իմանում են դրա մասին, բայց չեն ափսոսում դրա համար…

Գագիկ Վարդանյան