Եթե հանցանք է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի․ Վահե Էնֆիաջյան

Եթե հանցանք է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի․ Վահե Էնֆիաջյան

«Անձնական երաշխավորությունը երբ ներկայացրել ենք, մանրակրկիտ ասվել է․ անձնական երաշխավորությունը հաճախ մարդիկ շփոթում էին վերջնական դիրքորոշման եւ կարծիքի հետ, բայց դա վճիռ չի։ Մնացած մեկնաբանություններ ես չեմ անի»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի մեղադրական եզրակացությանը, որով դատախազը պահանջեց նրանց ազատազրկել։

Պագամավորը նաեւ ավելացրեց․ «Օրենքի առաջ բոլորն են հավասար եւ անկախ նրանից՝ ով, ինչ դիրք, կարգավիճակ, պաշտոն ունի, եթե հանցանք է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների մեծ մասի խափանման միջոցը փոփոխվել է այն ժամանակ դեռ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պագամավորների անձնական երաշխավորությամբ, այդ թվում՝ Վահե Էնֆիաջյանի։

Նշենք, որ երեկվա դատական նիստին դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով։

Մեղադրողը միջնորդեց՝ Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում։ 

Նշենք նաեւ, որ 2016 թվականին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից: