Մտեք տեսեք՝ ինչպես են փաստաթղթեր գողանում, հափշտակում

Մտեք տեսեք՝ ինչպես են փաստաթղթեր գողանում, հափշտակում

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շարունակում են գտնվել M group շինարարական կազմակերպության գրասենյակում։ Ընկերության փաստաբանների խոսքով՝ մի շարք օրինախախտումներով զննության անվան տակ իրականում խուզարկություն է ընթանում։ 
Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանության աշխատողները մտել ու պահանջել են, որ դարակներում գտնվող հաշվապահական եւ այլ փաստաթղթերը դրվեն սեղաններին։

«Մինչեւ փաստաբանների ներկա գտնվելը անձինք չեն իմացել իրենց իրավունքները, երբ եկել եմ՝ արդեն ամբողջ հաշվապահական փաստաթղթերը խառը լցված են եղել սեղաններին, որը կատարվել է Ոստիկանության աշխատողների ցուցումով։ Սա կատարվել է նրա համար, որ կարողանան այս քողարկված խուզարկությունը  օրենքի սահմաններում տեղավորել։ Երբ մարդիկ հասկացան, որ արդեն իսկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ամբողջ ծավալով, արդեն սկսվեց անօրինականության երկրորդ փուլը՝ ուժի գործադրումը։ Ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինձ չի թույլատրվել մուտք գործել եւ պաշտպանել ընկերության շահերը։ Այս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս։ Ոստիկանները շատ վստահ են, որովհետեւ իրենց ցուցում է տրվել՝ արեք ամեն ինչ ու դուք որեւէ խնդիր չունեք։ Իմ գիտակցական կյանքում այսպիսի քննչական գործողության ականատես չեմ եղել. այստեղ հանցանքների շարք կատարվեց, առկա են տեսանյութեր»,- ասաց Մակինյանը։

Փաստաբանները նշում են նաև, որ իրենց պաշտոնապես հայտնել են, որ որևէ քրեական գործ չկա։

«Մտեք, տեսեք, որ գողանում են փաստաթղթեր կամ բացահայտ հափշտակում են փաստաթղթեր»,- նշեց Ամրամ Մակինյանը։