Մոխրամանը սննդի հետ շփվող նյո՞ւթ է կամ՝ ինչո՞ւ Հայաստանը պետություն չի դառնում

Մոխրամանը սննդի հետ շփվող նյո՞ւթ է կամ՝ ինչո՞ւ Հայաստանը պետություն չի դառնում

Այն մարդիկ, ովքեր ՀՀ գործադիր իշխանության հետ հաճախ շփվելու առիթ ունեն, գուցե շատ չզարմանան նրանից, ինչն ինձ ապշեցրել էր եւ այս նյութը գրելու պատճառ դարձավ: Բայց ես այնքան էի զարմացած ՀՀ գործադիր իշխանությունում տիրող անտերունչ վիճակից, քաղաքացիների դիմումների հետ տարվող բովանդակազուրկ աշխատանքից, այդ գործընթացի արհեստականացումից ու իմաստազրկումից, որ թեեւ ինձ հետաքրքրած խնդիրը լուծվեց շաբաթներ առաջ, միեւնույն է, հոդվածը գրում եմ, որպեսզի նախարարներն ու հատկապես վարչապետը կողքից տեսնեն իրենց աշխատաոճի պատկերը:



Աբրահամյանի կառավարության տրյուկը



Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ բարեկամներիցս մեկը, ով աշխատանքի բերումով մաքսային մարմինների հետ առնչություն ունի, մարտ ամսին մի օր առօրյա խոսակցության մեջ ասաց. «Դե արի, էսքան գործի մեջ հիմա էլ գնա, ձեւակերպումների համար Սննդի անվտանգությունից թուղթ վերցրու` դատարկ բաժակի, շշի, սառնարանի, չգիտես ինչի համար…»: Հարցրեցի. «Ո՞նց, Սննդի անվտանգությունը (խոսքը ՍԱՊԾ-ի մասին է) սառնարանի համար թույլտվությո՞ւն է տալիս…»:



Պարզվեց՝ գյուղնախարարությանը ենթարկվող եւ Սննդի անվտանգության պետական ծառայություն կոչվող կառույցը (ՍԱՊԾ) ոչ միայն սառնարանի, այլեւ դատարկ տարայի, գդալի, բաժակի, գազօջախի, աղբամանի, մոխրամանի, կոշիկի եղջյուրիկի, ինչի համար ասես գրություն է տալիս, որպես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող (երբեմն չգտնվող) նյութերի: Եվ դա այն դեպքում, երբ երկրում գործում է «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք, որի հոդվածներից մեկով (հոդված 2) սահմանված են օրենքում գործածվող տերմինները, այդ թվում՝ «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութ» հասկացությունը: Նույն օրենքի մեկ այլ հոդվածով էլ (հոդված 6) ՀՀ կառավարությանը վերապահված է «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը ներկայացվող պահանջների եւ ցանկի հաստատումը»:



Դա օրենքն է: Սակայն ՀՀ կառավարությունը մխչյանցի Հովիկ Աբրահամյանի օրոք, ենթադրելի է՝ որոշ պաշտոնյաների կոռուպցիոն ծրագրերն իրականացնելու եւ անաշխատ եկամուտ ապահովելու համար մի որոշում է ընդունում (N 1211-Ն, 30/10/2014), որով մի կողմ են շպրտվում ՀՀ սահմանադրությունն էլ, օրենքներն էլ, եւ «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» փոխարեն ինքնագլուխ ու շահադիտորեն սահմանվում են «սննդային միջավայրի հետ շփման համար, նախատեսված նյութերին» ներկայացվող պահանջներ:



Մնացյալը «կարգավորվում է» ինքնահոսով. որոշակի կոդերի տակ գտնվող ապրանքների համար (դիցուք՝ պլաստմասսայե իրերի), կոդի ներքո ինչ գտնվի` կուզի աղբաման լինի, կուզի՝ ոռոգման խողովակ, գդալ, բաժակ, կոշիկի рожок… բոլորի համար ՍԱՊԾ-ից գրություն է պահանջվում՝ ՊԵԿ-ում ներմուծում ձեւակերպելու համար: Հասկանալիորեն, ՍԱՊԾ-ի գրության համար հարկավոր են լաբորատոր փորձաքննության արդյունքներ, դրանք ստանալու համար էլ` մուծումներ:



Ավելի ստույգ, եթե ներմուծվում է, դիցուք, կոշիկի եղջյուրիկ կամ աղբաման, ներմուծողը հասնում է ՍԱՊԾ, որպեսզի այնտեղ մի թղթի վրա գրեն, որ աղբամանը սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող նյութ չէ, կնքեն, հետո այդ թղթի կտորը բերվի ՊԵԿ, որպեսզի ներմուծում ձեւակերպվի: Դրա համար կարող է ոչինչ չվճարվել: Բայց, ասենք, դատարկ շերեփի, գդալի, նույն սառնարանի համար իբր լաբորատոր փորձաքննության արդյունք է հարկավոր, որ ՍԱՊԾ-ի գրություն տրվի, լաբորատոր փորձաքննությունն էլ տասնյակ, հարյուրավոր դոլարների կարգի վճար է:



Պետությունո՞ւմ ենք ապրում, թե՞ հոգեբուժարանում



Որքան էլ տարօրինակ հնչի, Սննդի անվտանգության պետական ծառայությունը չի տիրապետում ոչ մի լաբորատորիայի, որի փորձարկումների որակի եւ արդյունքի համար պետությունը կրի պատասխանատվություն: Բոլոր լաբորատորիաները մասնավոր են, եւ դեռ հարց է, թե էկոնոմիկայի նախարարությանը կից ինչ-որ ՊՈԱԿ-ի կողմից արտոնագրվող այդ լաբորատորիաներն ինչ մասնագետների պատրաստվածություն կամ տեխնիկական հագեցվածություն ունեն, որ, դիցուք, Bosch-ի ու Siemens-ի սառնարանի եւ գազօջախի նյութեղեն անվտանգությունն ստուգեն: Ավելի հավանական չէ՞, որ կեղծ ձեռնարկատիրության սխեմայով ուղղակի եզրակացություն են գրում…



Լաբորատորիաներից մեկը «Ստանդարտ-դիալոգ» է կոչվում, ՍԱՊԾ-ի հետ գրեթե նույն հասցեում են գտնվում (մեկը՝ Կոմիտասի 49/2, մյուսը` 49/4)։ Ֆիզիկապես մոտ լինելու պատճառով շատերը նրանց են դիմում, կամ ՍԱՊԾ աշխատակիցներն է ապրանքից վերցված փորձանշումն այնտեղ տանում (թե ինչպես են դա անում գազօջախի կամ սառնարանի դեպքում, հետաքրքիր կլիներ իմանալ)։ Արդյունքում հիմնական գումարները թերեւս հենց «Ստանդարտ-դիալոգի» գրպանն են հոսում: Այս «Ստանդարտ դիալոգը» կայք ունի, որտեղ պատմում են, որ յոթ դոցենտ է աշխատակցում իրենց լաբորատորիային, եւ յոթ դոցենտով չեն կարողացել հայերեն յոթ տող գրագետ ձեւակերպել, գրում են. «Ձեզ հետ ինչպե՞ս կապնվենք»: Լավ է չեն գրել՝ «զանգվենք»…: Մեկ այլ լաբորատորիա էլ, կարծեմ, «Նարեկ» էր կոչվում, ծառայությունների թվում, ոչ ավել, ոչ պակաս՝ «ֆիզիկական անձանց սերտիֆիկացում» է կատարում: Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նախարարությունում երբ «ֆիզիկական անձանց սերտիֆիկացում» են արտոնագրել, իրենք անձամբ սերտիֆիկացվե՞լ են… ի՞նչ պարամետրերով: 



Միայն հիմարը չի գիտակցի, որ օրենքում ամրագրված «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութ» հասկացությունը կառավարության որոշմամբ նենգափոխելու եւ «սննդային միջավայրին պատկանող նյութ» բառակապակցություն դարձնելու, այդ ձեւակերպման ներքո տասնյակ կոդեր ընդգրկելու, արդյունքում հարյուրավոր, հազարավոր տնտեսական ապրանքների համար ՍԱՊԾ գրություն պահանջելու ետեւում տասնյակ ու հարյուրավոր դոլարներ արժեցող փորձարկումներ պարտադրելու շահագրգռությունն է, ոմանց պատկանող մասնավոր լաբորատորիաներում: Ակնհայտ պետականորեն կազմակերպված կոռուպցիոն սխեմա, որն ապամոնտաժելու կամ չափավորելու հարցով վատ չէր լինի, եթե զբաղվեին կոռուպցիայի դեմ պայքարող պետական պորտաբույծ հանձնաժողովների անդամները: Նաեւ կոռուպցիայի դեմ պայքարից անվերջ դատարակախոսող Սերժ Սարգսյանը՝ իր աշխատակազմի վերահսկողական ծառայությամբ:



Սակայն կոռուպցիան՝ մի կողմ, անձամբ ինձ այդտեղ հետաքրքրողն ապօրինության իրավական կողմն էր: Գործադիր մարմինն ինչպե՞ս կարող է կառավարության որոշման վկայակոչմամբ ոտնահարել օրենքով պաշտպանված քաղաքացու իրավունքը, այն էլ՝ ռելսերի վրա դրված գործընթացով եւ անպատժելիությամբ: Բարեկամիս հետ խոսակցությունից մի քանի օր հետո օրենքը եւ որոշումը նայեցի, կառավարության որոշումը բառացիորեն ոտնահարում էր օրենքի պահանջը` դեռ գործադրման շահադիտությունը եւ սարկաստիկ եղանակը մի կողմ թողած: Թեեւ ինչո՞ւ մի կողմ թողած, երկիրը հո հոգեբուժարան չէ՞, որ օրը ցերեկով սառնարանի, շերեփի, խողովակի, դատարակ տարայի, մոխրամանի ու չգիտես ինչի համար թուղթ պահանջվի «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութի» անվան ներքո:



Իրավաբան ընկերներիս հետ խորհրդակցեցի, որոշեցի մի դիմում պատրաստել, որը քաղաքացու կողմից ուղարկվեց գյուղնախարարություն, ՍԱՊԾ եւ ՊԵԿ: Շարունակությունը եղավ ավելի քան հետաքրքիր: Պարզվեց՝ որոշ պետական կառույցներում համարյա հավաքարարներն են նախարարի փոխարեն քաղաքացիներին պատասխանում, ընդ որում՝ տեխնիկական աշխատակցին էլ պատիվ չբերող մտավոր մակարդակով:



Շարունակելի․․․



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ